Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռոբերտ Ուոլթերի զեկույցի վերնագիրը արտացոլում է միայն Ադրբեջանի դիրքորոշումը. ԼՂՀ ԱԳ փոխնախարար

Ռոբերտ Ուոլթերի զեկույցի վերնագիրը արտացոլում է միայն  Ադրբեջանի դիրքորոշումը. ԼՂՀ 
ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում անդրադարձել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերի զեկույցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

 

-Վերջերս ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում։ Ինչպիսի՞ն է ղարաբաղյան կողմի պատասխանը ԵԽԽՎ զեկուցողին։

 -Ռոբերտ Ուոլթերն, իրոք, սեպտեմբերի 22-ին գրավոր դիմում է հղել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցել Արցախ այցելելու հարցում։ Ի պատասխան,  պարոն Ուոլթերին ենք փոխանցել մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

Կարծում ենք, որ զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով` նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝  անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությանը։

Բացի այդ, ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ Ուոլթերը մտադիր է նաև անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին։ Այս կապակցությամբ մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձևաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցված ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետևողականորեն և ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել  իրենց գործունեությունը։  

-Կարծո՞ւմ եք, որ Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն կարող են աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը

-Եվրոպայի խորհրդի նպատակն է կառուցել Եվրոպա՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Համոզված ենք, որ հենց այդ արժեքների խթանմամբ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն կկարողանան իրենց եզակի ներդրումն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Պատահական չէ, որ Ադրբեջանում, հիմնարար ազատությունների սահմանափակման, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ճնշումներին զուգահեռ, պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բանակցային գործընթացում գնալով ավելի անզիջում է դառնում, հռետորաբանությունը՝ ավելի ագրեսիվ, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ծավալներն ու բնույթն՝ ավելի սպառնալից։

Այս իրավիճակում ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանի մոտ ամենաթողության կեղծ զգացում է առաջանում, ինչն արտացոլվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարության մեջ՝ «Եվրոպայի խորհուրդը պատկանում է Ադրբեջանին»։ Հատկանշական է, որ սույն արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ 2013թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը տապալել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ պատգամավոր Շտրասերի զեկույցի ընդունումը, պատճառաբանելով, որ զեկուցողը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան։

-Վերջերս ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն, քանի որ նրանք նույնպես Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

-Մենք կիսում ենք ինչպես տիկին Բրասերի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի դիրքորոշումն առ այն, որ Եվրոպայի խորհրդի չափանիշները պետք է հասանելի լինեն եվրոպական տարածքի բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից։

ԼՂՀ իր հերթին այդ ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում և արդեն միակողմանիորեն միացել է Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների, ներառյալ`  Եվրոպական մշակութային կոնվենցիան, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիան։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am