Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը կկայանա հուլիսի 23-ին

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի  քվեարկությունը կկայանա հուլիսի 23-ին

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության բանաձևը, ավարտվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը, բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 23-ին: 

Քննարկման ավարտից առաջ ելույթ ունեցած Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենը նշեց, որ  Բելգիայի Ներկայացուցիչների պալատը պետք է հստակ կիրառի անհրաժեշտ տերմինը և 1915 թվականին տեղի ունեցածն անվանի Ցեղասպանություն:

Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսն էլ ընդգծեց, որ ընդունելով Հայոց ցեղասպանության բանաձևը` Բելգիան կշահի հանրության վստահությունը: «Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաև Թուրքիայի ձախակողմյան` «Հեղափոխական-սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցությունը: Կարծում եմ` առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Վան Հեեսը:

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկած բոլոր պատգամավորներն էլ չժխտեցին Հայոց ցեղասպանության փաստը և ներկայացրեցին իրենց կուսակցությունների դիրքորոշումները:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին: Ավելի ուշ՝  հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:

      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am