Չեմ կարծում, թե որևէ միջնորդ ավելին է ուզում Հայաստանի համար, քան Հայաստանը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ինչ-որ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդավորված բանակցությունները չեն ստացվում, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել բանակցություններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ:
«Մենք չենք մերժում ավտոմատ միջնորդություններ: Բայց միջնորդություններ կան, որոնք նաև ժամանակի ընթացքում ցույց են տալիս իրենց անարդյունավետությունն ու խնդրահարույց լինելը մեզ համար: Այս թեման Ադրբեջանի սիրելի թեման է, նախընտրում են հաճախ խոսել, մեզ մոտ ընդունված չէ այդ թեմայով խոսել: Իսկ ո՞վ է ասել, որ մենք այս ընթացքում եղած բոլոր միջնորդներից՝ նրանց գործելակերպից, պահվածից, աշխատանքից գոհ ենք: Եթե շատ անկեղծ ասեմ, պրակտիկան էլ հաշվի առնելով՝ ես չեմ կարծում, թե որևէ միջնորդ ավելին է ուզում Հայաստանի համար, քան Հայաստանը»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ մյուս կողմից Հայաստանը չի մերժել միջնորդությունները, որովհետև միջնորդներ կան, որոնց համարում է օբյեկտիվ, չեզոք և ազնիվ:
«Բայց, եթե մյուս կողմից էլ ինչ-որ պատճառով միջնորդավորված բանակցությունները չեն ստացվում, չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք բանակցություններից: Այսինքն՝ եթե միջնորդները արդյունավետ չեն, պետք է ասենք, որ էլ չպետք է զբաղվե՞նք այդ գործով. ոչ, դա մեր օրակարգի հարցն է»,-նշեց վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում