Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մշակութային արժեքների պահպանության գործում

ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մշակութային 
արժեքների պահպանության գործում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 10-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ' Արմինիանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակ­ում անցկացվող «Մշակու­թա­յին քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշա­կույթի դերը «Ետ-2015թ. զարգացման օրակարգում» 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Կարևորելով համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպություն է, որն այս արագ փոփոխվող աշխարհում՝ մշակույթի, կրթության, ազատ արտահայտման իրավունքի պահպանման գործում կարևորագույն առաքելություն է իրականացնում: «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը մշակութային արժեքների պահպանության հարցում: Այս այցով Դուք հնարավորություն կունենաք ճանաչելու մեր երկիրը, մեր մշակույթը, և հետագայում մեր համագործակցությունն առավել գործուն կլինի»,- նշել է Հասմիկ Պողոսյանն՝ ընդգծելով, որ մերօրյա աշխարհում մշակույթի դերն ու նշանակությունը անգնահատելի են:

«Ներկայում Սիրիայում ոչնչացվում են հուշարձաններ, այդ թվում՝ նաև հայկական: Եվ մենք հավասարապես մտահոգված ենք բոլոր հուշարձանների ճակատագրով։ Վստահ եղեք, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը լավատես է, քանի որ դեռևս որևէ մեկի չի հաջողվել ավերել մշակութային աշխարհը:

Ալֆրեդո Պերես դ' Արմինիանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու գաղափարի կողմնակից է՝ միացյալ համերաշխ աշխարհի և, միևնույն ժամանակ, մշակութային բազմազանության և բազմաքանակության:

«Մշակույթը բազմաբովանդակ երևույթ է և ինչպես «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» է նշվում, մշակույթի պահպանման և բազմազանության համար կարևոր է մշակութային ինքնության գիտակցումը»,- ընդգծել է նա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականի դիտարկմամբ՝ Հազարամյակի նպատակների ցանկում մշակույթը պակաս ուշադրության է արժանացել, միչդեռ հիմնական շեշտը դրվել է տնտեսական զարգացման վրա:

ՀՀ մշակույթի նախարարի գնահատմամբ՝ մշակույթի զարգացումը չափազանց կարևոր է: «Հասարակության մտավոր զարգացումը և աշխարհի վաղվա քաղաքացին` ինտելեկտուալ մարդը, ով չի կործանի աշխարհը, մեր ապագան են»,- նշել է նա:

Նախարարի խոսքով, հարյուրամյակներ ի վեր Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն այդ պայմաններում զարգացել է հայ այն անհատների շնորհիվ, ովքեր, ինտեգրվելով եվրոպական մշակույթին, զարգացրել են այն:

«Մենք բազմաթիվ մշակույթներից մեկն ենք, և այդ իրավահավասարության սկզբունքները շատ կարևոր են մեզ համար: Դրա ապացույցները շատ են մեր երկրում՝  հրեական գերեզմանը, Կապույտ մզկիթը, միջնադարյան թուրքմենական դամբարանը և այլն: Մենք ամեն ինչ անում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական և մշակութային ժառանգության ցուցակները հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու ուղղությամբ»,- հայտնել է Հասմիկ Պողոսյանը:

«Մեր երկիրը գեղեցիկ է, հիանալի, ջերմ, արևոտ: Ով մեկ անգամ այցելում է Հայաստան, հետո մշտապես ցանկույթուն է ունենում վերադառնալու»,- եզրափակել է ՀՀ մշակույթի նախարարը:

Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ալֆրեդո Պերես դ' Արմինիանին նվիրել է հայկական դուդուկ և «Թորոս Ռոսլին» հուշադրամ: Ալֆրեդո Պերես դ' Արմինիանը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, համագործակցության, ցուցաբերած մեծ պատրաստակամության համար և խոստացել կրկին վերադառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am