Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թուրքական շաբաթ. Ստամբուլի հայկական որբանոցի համար ԵԽ ներկայացված դիմումից մինչև Մեջլիսի նոր խոսնակի ընտրությունը

Թուրքական շաբաթ. Ստամբուլի հայկական որբանոցի համար ԵԽ ներկայացված դիմումից 
մինչև Մեջլիսի նոր խոսնակի ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական որբանոցի վերադարձը, Թուրքիայի Մեջլիսի նոր նախագահի ընտրությունը, ինչպես նաև կառավարական կոալիցիա կազմելու վերաբերյալ խոսակցությունները մի քանիսն էին այս շաբաթ երկրում տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններից: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Թուրքիայում շարունակվում է պայքարը Ստամբուլի Թուզլա թաղամասի հայկական որբանոցը հետ վերադարձնելու ուղղությամբ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց, որ Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքի՝ հայկական հիմնադրամին վերադարձնելու հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամվոր Գարո Պայլանի միջնորդությամբ երկրում կարծես թե կարգավորվեց ոչ մահմեդականներին պատկանող դպրոցներում երեխաների ընդունման համար «գաղտնի ծածկագրի» սկզբունքի կիրառման խնդիրը: Այսուհետ ոչ մահմեդական երեխաները կկարողանան ազգային փոքրամասնությունների դպրոցներ ընդունվել միայն տվյալ կրթական հաստատության տնօրենի որոշմամբ: 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այս շաբաթ կայացան Մեջլիսի խոսնակի ընտրությունները: Ընտրությունների առաջին, երկրորդ, ինչպես նաև երրորդ փուլերում, սակայն, մեջլիսի խոսնակին ընտրել չհաջողվեց: Միայն չորրորդ փուլում, որտեղ մրցում էին իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների առաջադրած թեկնածուները «Ազգայնական շարժում» կուսակցության «չեզոքության» հետևանքով հաղթանակ տարավ Դավութօղլուի կուսակցության թեկնածուն՝ նախկին պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Մեջլիսի խոսնակի ընտրությունից հետո քեմալականներն ու քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները մեղադրեցին ազգայնականներին՝ ընտրության վերջին փուլում չեզոքություն պահպանելու և այդպիսով իշխող կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Կուսակցությունների ղեկավարները կատարվածը որակեցին որպես ԱԶԿ-ԱՇԿ կառավարական կոալիցիայի կազմման ազդանշան:

Մինչ երկրում շարունակվում են քննարկումները կոալիցիա կազմելու վերաբերյալ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշանակեց նոր պաշտպանության նախարարի: Պաշտոնը զբաղեցրեց դեռևս 2011 թվականին երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնած Վեջդի Գյոնուլը:

Անցնող շաբաթվա ընթացքում երկրում կրկին արդիական դարձան խոսակցությունները Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական տեխնիկա և զրահամեքենաներ կուտակեցին: Իրավիճակի վերաբերյալ չհապաղեց վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը, ով նշեց, որ Թուրքիան պարզապես ամրապնդում է թուրք-սիրիական սահմանը, սակայն մտադրություն չունի մոտ ապագայում այդ երկրում ռազմական գործողություններ սկսել:

Թուրքիայի տարածքում կարծես թե ռազմական նոր ճակատ է բացվում՝ այս անգամ երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հունիսի 30-ին ռմբակոծեցին Դաղլըջայի Ավաշին շրջանը, որտեղ կային քուրդ զինյալներ: Կատարվածի առնչությամբ հայտարարություն տարածեց PKK-ի ռազմական թևերից մեկը՝ «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը (HPG)՝ նշելով, որ կատարվածն ազդանշան էր այն բանի վերաբերյալ, որ թուրք-քրդական զինադադարն ավարտված է: 

Այս շաբաթ թուրքական ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժ կիրառեց սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Թուրք իրավապահ մարմինները ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի միջոցով միայն կարողացան ցրել Ստամբուլում անցկացված «ԼԳԲՏ պատվո երթը»:

Ամփոփեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am