Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մշակույթի փոխնախարարը դեմ է պետական խորհրդանիշերում փոփոխությունների շտապողականությանը

Մշակույթի փոխնախարարը դեմ է պետական խորհրդանիշերում 
փոփոխությունների շտապողականությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական խորհրդանիշներում փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ է հասկանալ, թե երբ և ինչպես է պետք անել դա: Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Բազմիցս ստանում էինք քննադատական եզրակացություններ այն մասին, որ մեր զինանշանը տեխնիկական առումով թերություններ ունի, եթե այն համեմատում ենք օրիգինալի հետ: Այնպես են աղավաղել, որ առյուծի մռութին «սմայլիկ» է դրված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Հարցին լուծում տալու համար ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաման էր ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների պատկերների ուսումնասիրման, ձևավորման, տեխնիկական փոփոխությունների իրականացման նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հանձնաժողովն ամբողջությամբ ուսումնասիրել է, թե ինչ թերություններ կան մեր զինանշանում: Մասնագետները շատ հարցեր են բարձրացնում՝ թե ինչու է սուրը կիսատ, ինչու է սուրը շղթայված, և առյուծի բերանը բաց պետք է լինի: Մենք ունենք պատրաստի, գիտական վերլուծություն, որը ներկայացվել է նախարարին: Սա չի նշանակում, որ հայտարարվելու է զինանշանի փոփոխության մրցույթ, բայց այս ամբողջ աշխատանքը նրան է վերաբերում, որ նյութն օգտագործեն պատեհ իրավիճակի ժամանակ: Փոխելուց հետո ահռելի ռեսուրսներ են պետք»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ խորհրդանիշների փոփոխության դեպքում դրանք պետք է ամեն տեղ փոխվեն՝ սկսած ձևաթղթերից մինչև նկարներ:

«Մեր խորհրդանշանների ճիշտ տարբերակները տարածելու խնդիր ունենք: Մենք պետական խորհրդանիշների կայք ունենք, որտեղ դրված են ճիշտ խորհրդանշանները: Սա խնդիր է, որը լուծման կարիք ունի»,- ընդգծեց Արթուր Պողոսյանը:

Փոխանախարարի խոսքով՝ բարդ հարց է, թե ինչ ձևով է հնարավոր հայտնաբերել խորհրդանիշը կեղծ օգտագործողին և ինչ կերպ պատժել, և այդ հարցն էլ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am