ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով ստացվել են համալիր դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատաբժշկական և գենետիկական փորձաքննության արդյունքները հետաքրքրական փաստեր են ի հայտ բերում: «Առաջին սենյակում` հյուրասենյակում, գտնվել է Աիդա Ավետիսյանը, եթե նայում ենք դեպքի վայրում կատարված տեսանկարահանումներն ու լուսանկարները, տեսնում ենք, որ նա չի հասցրել տեղաշարժվել: Ճիշտ է` վերմակը բարձրացված է եղել, ինչը, սակայն, չի խոսում նրա մասին, որ նա արթացել է ու տեղից շարժվել: Մինչ քննիչները հասել են դեպքի վայր, բժիշկներ են եղել այնտեղ, փորձել առաջին օգնություն ցույց տալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Լուսինե Սահակյանը:
Անդրադառնալով ավագ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանների դիրքերին` փաստաբանը նշեց, որ Հասմիկ Ավետիսյանը արթնացած ու տեղաշորից տեղաշարժված է եղել, քանի որ նրա ոտքերը անկողնուց դուրս են եղել դեպի ներքև:
«Երբ նայում ենք դիրքերը ֆոտո և տեսանկարահանումների միջոցով, Սերյոժա Ավետիսյանը` պապիկը, եղել է անկողնու մեջ կարծես տեղաշարժված չլիներ: Սակայն փորձագետի եզրակացությամբ` նա ըստ էության պայքարել է, որի մասին են վկայում դատաբժշական եզրակացությունը: Սերյոժա Ավետիսյանի վրա եղել են նաև քերծվածքներ, բութ գործիքով հարվածների հետքեր: Ինքնաձիգի փողի և խզակոթի վրա հայտնաբերվել է նրա արյան ԴՆԹ-ն»,-հայտնեց Լուսինե Սահակյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը և երկու մանկահասակ երեխաներին, ապա դատաբժշկական եզրակացությունը հավաստում է, որ Արմեն Ավետիսյանը հստակ արթնացած է եղել, քանի որ նրա դիակը հայտնաբերվել է գետնի վրա: «Արաքսյան մահճակալի մեջ է եղել` փոքրիկ Սերյոժան նրա գրկում: Արաքսյան ստացել է նաև մարմնական վնասվածք կտրող ծակող գործիքով: Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սվին դանակի արյան վրա եղել է արյան խառնուրդ, որը համապատասխանել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի արյան խբին, որը կարող է համապատասխանել նաև նրա մոր` Արաքսյա Ավետիսյանի արյան խմբին, քանի որ նրա ձեռքին եղել է ծակող գործիքի հետք: Սա տրամաբանական է, մայրը փորձել է պաշտպանել որդուն»,-նշեց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը շեշտեց, որ Ավետիսյանների բնակարանը փոքր է ու, մի քանի քայլ կատարելով, կարելի է հասնել մի ծայրից մյուսը: «Մարդիկ փորձել են պայքարել, բայց այնքան կարճ ժամանակում է եղել դեպքը ու փոքր տարածքում, որ չեն կարողացել նրան վնասազերծել»,-ընգծեց փաստաբանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: