Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանում ես ինձ վերագտա. եգիպահայ երիտասարդը Ցեղասպանությունից փրկված իր պապերի մասին

Հայաստանում ես ինձ վերագտա. եգիպահայ երիտասարդը Ցեղասպանությունից 
փրկված իր պապերի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտահայ Ռամի Զաքարյանն ընդամենը վերջերս է իմացել, որ հայ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է, որ «Զաքարյան» ազգանունն իրեն ոչինչ չի հուշել, սակայն իր սիրտն ու հայկական արյունը նրան հուշել է, որ իր հայրենիքը Եգիպտոսը չէ:

«Իմ պապիկի հայրն ու մայրը` Գրաբիդ եւ Մարիամ Զաքարյանները, ծնվել են Տիգրանակերտում եւ այնտեղ էլ ամուսնացել: Համդիյան ջարդերի ժամանակ նրանք փախել են Եգիպտոս: 1904թ. ծնվել է իմ պապը Սամվելը եւ մկրտվել Եգիպտոսի հայկական եկեղեցում»,- պատմում է Ռամին` շեշտելով, որ պապն  ամուսնացել է երեք անգամ: Երրորդ կինը եգիպտուհի էր, իսկ իր հայրը ծնվելուց մկրտվել է եգիպտական եկեղեցում: «Երբ իմ ապուպապերը եկան Եգիպտոս, նրանք չունեին ոչինչ: Այն ամենը, ինչ նրանք ստեղծել էին տարիների ընթացքում, թուրքերը հափշտակեցին: Հետեւաբար, մենք կորցրեցինք բոլոր կապերը մեր պատմության եւ անցյալի հետ»,- ասում է Ռամին:

«Տարիներ շարունակ ես չեմ իմացել իմ ազգային պատկանելության մասին, չգիտեի, որ ես հայ եմ: Ես տեղյակ չէի իմ ազգանվան «յան» վերջավորության առաձնահատկության մասին: Ես երբեք չէի լսել Հայաստանի եւ հայերի մասին, սակայն ինձ եգիպտացի էլ չէի համարում, դա շատ տարօրինակ զգացողություն էր»,- ասում է նա:

2006թ. շատ պատահական զրույցի արդյունքում Ռամին տեղեկանում է իր ազգային արմատների մասին: «Ընկերներից մեկը լսելով իմ ազգանունն ասաց  «Դու հա՞յ ես»: «Իսկ ի՞նչ է նշանակում հայ»,- զարմացած հարցրեցի ես: Ընկերս ինձ բացատրեց, որ բոլոր հայերի ազգանունը վերջանում է «յան»-ով: Նա ինձ խորհուրդ տվեց գնալ եկեղեցի եւ փորձել պարզել ընտանիքի պատմությունը եւ ես սկսեցի ուսումնասիրել իմ անցյալը»,- ասում է նա:

Ռամի Զաքարյանը պատմում է, որ, տեղեկանալով իր պատմության, հայերի եւ Հայաստանի մասին, որոշել է գալ Հայաստան: Կահիերում է թողել իր տունը, ընկերներին, աշխատանքն ու այսօր ապրում է Երեւանում: Ռամին Հայաստանում իր սեփական ընտանիքն է ստեղծել. ամուսնացել է հայ աղջկա հետ եւ հավաստիացնում է, որ Հայաստանում շատ երջանիկ է:

Երբ ես Եգիպտոսում էի` անընդհատ զգում էի շփման, շրջապատի, մարդկային ջերմության կարիք: Ցանկանում էի իմ շրջապատի մարդկանց հետ ունենալ նույն պատմությունը, նույն անցյալը: Եգիպտոսում դա չկար: Այնտեղ չկա մեկ անցյալ, ես չէի հասկանում, թե ես ինչու եմ այդ զգացողություններն ունենում եւ ինչու եմ ես օտար Եգիպտոսում: Ինձ թվում է այդ զգացողությունն ինձ է փոխանցվել իմ պապիկից գենետիկորեն: Իմ սիրտը ինձ տանում էր մի ուղղությամբ, որի մասին ես տեղյակ չէի: Երբ ես եկա Հայաստան`զարմացա, ես ստացա բազմաթիվ պատասխաններ, ես ինչո՞ւ եմ այստեղ եւ ինչո՞ւ էր իմ սիրտն ինձ կանչում Հայաստան:  Ես սկսեցի սիրել Հայաստանը, հայերի ավանդույթները: Դրանք եզակի են, ո՛չ եվրոպական են, ո՛չ էլ արեւելյան: Այն յուրահատուկ է: Հայաստանն ունի ճաշակ, յուրահատկություն եւ դա այն է, ինչ ես զգում էի: Հայաստանում ես ինձ վերագտա»,- ասում է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am