Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հարցման մասնակցած հայաստանաբնակների 88 տոկոսը կողմ է, որ Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում

Հարցման մասնակցած հայաստանաբնակների 88 տոկոսը կողմ է, որ Պերմյակովը 
պատիժը կրի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանաբնակների շրջանում անցկացված հարցման մասնակիցների կեսը` 49 տոկոսը, կարծում է, որ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը պետք է մահապատժի ենթարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 2-14-ին «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի 1500 չափահաս բնակչի շրջանում անցկացվել է հեռախոսային հարցում: Ինչպես հարցման արդյունքները ներկայացրեց Գելափի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցման մասնակիցների 99.9 տոկոսը նշել է, որ տեղյակ է դաժան սպանության մասին: 35 տոկոսը ցանկանում է, որ Պերմյակովին ցմահ ազատազրկեն, իսկ 3 տոկոսը` նրան երկարաժամկետ ազատազրկում սպասվի:

Հարցման մասնակիցների 87 տոկոսը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանում մեր երկրի օրենքներով, 11 տոկոսը` պետք է դատել Հայաստանում Ռուսաստանի օրենքներով: 88 տոկոսը նշել է, որ նա պետք է պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում: Հարցվածների 78 տոկոսը թերահավատ է սպասվող դատավարության նկատմամբ` կարծելով, որ հասարակությունն այդպես էլ իրական պատճառների մասին ոչինչ չի իմանա, միայն 14 տոկոսն է կարծում, որ դատավարությունը կընթանա արդար ու հասարակությունն էլ կտեղեկացվի դրա մանրամասներին:

Ինչ վերաբերում է հանցագործության իրագործման առավել հավանական տարբերակին, ապա հարցման մասնակիցների 40 տոկոսը նշել է, որ Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ հանցախումբ է եղել, 29 տոկոսը կարծում է, որ հանցագործությունն ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, 22 տոկոսը նշել է, որ հանցագործությունն Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կազմակերպված հերթական դիվերսիան էր, 13 տոկոսը` արտաքին ուժերի կողմից է կատարվել հանցագործությունը, և միայն 11 տոկոսն է կարծում, որ դա Պերմյակովի կողմից է արվել: Հարցվածների 87 տոկոսը կարծում է, որ Պերմյակովը ձերբակալվելուց հետո պետք է հանձնվեր հայկական կողմին:

Հարցմանը մասնակցածների ճնշող մեծամասնությունը ռուսների նկատմամբ չի փոխել իր վերաբերմունքը` կատարված հանցագործության պատճառով, քանի որ հանցագործությունն ազգություն չի ճանաչում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am