Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ի՞նչ է նշանակում բուհի հավատարմագրում. ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների մասին

Ի՞նչ է նշանակում բուհի հավատարմագրում. ինստիտուցիոնալ  և ծրագրային 
հավատարմագրումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության վեց բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում է շնորհվել 2-6 տարի ժամկետով: Որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը  Երևանի պետական համալսարանին շնորհել է 6 տարի, Երևանի պետական բժշկական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ազգային ագրարային և Երևանի «Գլաձոր»՝ 4 տարի, իսկ Հյուսիսային համալսարանին` 2 տարի ժամկետով  նստիտուցիոնալ հավատարմագրումներ: Թե ինչ է նշանակում հավատարմագրում և ինչպես է անցկացվում հավատարմագրման գործընթացը, «Արմենպրես»-ին պատմել է Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Ի՞նչ է ենթադրում հավատարմագրումը

Հավատարմագրման տակ հասկանում ենք որոշակի չափանիշների համապատասխանություն: Այսինքն՝ եթե դա պետական հավատարմագրում է՝ պետությունը սահմանում է ինչ-որ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի ուսումնական հաստատությունը: Դա ինչ-որ գործընթաց է, փորձագետներն են կարծիք արտահայտում դրա մասին: Բուհի հետ կես տարուց ավելի համագործակցություն է տեղի ունենում, որի ընթացքում ուսումնական հաստատությունը փորձում է ցույց տալ, որ ինքը համապատասխանում է պետության սահմանված մինիմալ պահանջներին: Եվ փորձագետներն էլ համոզվում են դրանում: Եթե համոզվեցին, բարձրաձայնում են հավատարմագրման կարգավիճակ տալու միջոցով: Եթե տեսան, որ պետականորեն սահմանված շեմերը հաղթահարված են, այդ դեպքում հավատարմագրման հանձնաժողովը, փորձագիտական եզրակացությունը նայելով, որոշակի որոշում է կայացնում՝ երկու, չորս կամ վեց տարով հավատարմագրելով:

Բուհերը հավատարմագրում չեն ստանում, եթե….

Կրթական ծրագրերն արդիական չեն կամ դասախոսական անձնակազմը բավարար չէ, այսինքն՝ մի դասախոս 9-10 առարկա է դասավանդում, որը հնարավոր չէ: Կամ ուսանողների գնահատման հարցում խնդիրներ կան՝ ուսանողը ռեալ չի գնահատվում: Ավարտական աշխատանքները ադեկվատ չեն գնահատվում: Ուղղակի քննության միջոցով են շնորհում որակավորում, և մարդը ցույց չի տալիս իր կարողությունները որպես մասնագետ: Բայց արդյոք կարո՞ղ է կիրառել այդ գիտելիքները, ինչպե՞ս կարող է դա անել:

Չի կարելի է ասել, որ բուհը պետք է փակել, կարճ ժամանակ պետք է տալ, որ փոխվի:  Փորձագետները ոչ միայն ասում են, որ մինիմալ շեմը հաղթահաված է, այլև խորհրդատվություն են տալիս, նշում են, թե ինչն ինչպես պետք է լինի: Բուհին պետք է ասել, թե ինչ է անհրաժեշտ փոխել և ինչպես չի կարելի շարունակել աշխատել:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման առավելությունները

Հավատարմագրումն առավելություն է տալիս այն առումով, որ մարդիկ տեղեկանում են, որ բուհը լավն է:  Փորձագետը տեսել է և բարձրաձայնում է հանրությանը բուհի որակի վերաբերյալ, այսպես ասած նշում, որ բուհի ծառայությունները «վտանգ չեն սպառնում», որ երեխան կդառնա բանասեր, մաթեմատիկոս և այլն: Հնարավոր է, որ բուհի ծրագրերը հին են, և կրթօջախը պետք է աշխատի, լավացնի և լուծի իր այսօրվա խնդիրները:

Առաջիկայում այլ բուհեր էլ են հավատարմագրվելու

Հավատարմագրումը համապատասխանությունն է նպատակներին: ՀՀ կառավարությունը վերջնաժամկետ է սահմանել մինչև 2018 թվականը: Մինչ այդ բոլոր հաստատությունները կամ պետք է անցած լինեն այդ գործընթացը կամ ուղղակի չլինեն, որովհետև ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր պահանջ է: Եթե չստացվեց, ուրեմն նշանակում է, որ հաստատությունն օրենքից դուրս է գործում, օրենքի հետ հակասություն ունի: Կարծում եմ, որ հնարավոր է, որ լիցենզիայից զրկեն:

Հավատարմագրման ավարտին՝ նոր հավատարմագրում 

Եթե բուհը հավատարմագրվում է, հետո որոշ ժամանակ անց կրկին փորձաքննության է ենթարկվում, և  նոր պահանջներ են դրվում: Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը չի նշանակում, որ բուհի ծրագրերն արդիական են 100 տոկոսով, նշանակում է, որ ինստիտուտը ճիշտ է կառավարվում: Բացի այդ,  կա նաև ծրագրերի հավատարմագրում: Այս դեպքում դիտարկվում է այս կամ այն մասնագիտությունը և այն, թե արդյոք տվյալ բուհում մանկավարժը դառնում է մանկավարժ, իրավաբանը՝ իրավաբան և այլն: Բուհերը պետք է ցույց տան, որ իրենց մասնագիտական ուսուցումը համապատասխանում է այսօրվա խնդիրներին: Մենք հիմա դրան ենք անցնում: Օրինակ՝ բժշկական համալսրանում ուսանողներին հաճախ թեստերով են գնահատում: Մենք դիտարկում ենք գրել, որ թեստերով գնահատումը միշտ չի համապատասխանում բժիշկ մասնագիտությանը, պետք է նաև այլ քննություններ լինեն, որպեսզի ուսանողները պրակտիկ ցույց տան կամ խոսեն հիվանդի հետ, հասկանան հիվանդի ցավը: Այս գործընթացը մոտավորապես մինչև 2020 թվականը կավարտվի:

Բուհերի այսօրվա խնդիրները  

Շատ լուրջ խնդիրն այն է, որ մեր մագիստրոսները հետազոտություն անող մարդիկ չեն, նրանք նորից փորձում են ինչ-որ գիտելիք ստանալ, նոր առարկա սովորել, բայց մագիստրոսի խնդիրն այնքան նոր առարկա սովորելը չէ, ինչքան հետազոտել և նոր գիտելիք բացահայտելու մեթոդներ սովորելն է: Մյուս խնդիրը միջազգայնացումն է: Մենք շատ հաճախ միտված չենք միջազգային կրթական համակարգի հետ համեմատվելուն, մենք միշտ մեզ համեմատում ենք սովետական կրթության հետ՝ ասում ենք, որ սովետի կրթությունը լավն էր, այսպես էր, այնպես: Մենք հիմա ուրիշ տիրույթում ենք, պետք է ուրիշ ձևով մտածենք, ուսանողներ բերենք այլ երկրներից և իրենց տանք այնպիսի գիտելիք, որն իրենց երկրում պետք կլինի: Եթե մենք արտասահմանցի ուսանողին ՀՀ տնտեսություն ենք սովորեցնում, նա չի գա, նա ուզում է սովորել համաշխարհին տրենդերը: Կառավարման ոլորտում էլ ունենք խնդիր. շատ հաճախ երկարատև պլանավորում չենք անում, միշտ ասում ենք, որ փողը չի հերիքում: Դրանից բացի՝ միևնույն բուհում հաճախ երկու պրոռեկտորներ էլ նույն ֆունկցիան են կատարում:

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]