Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/8. Գյունթեր Գրասից մինչև Կոնֆուցիոս

«Նոր գիրք»-2/8. Գյունթեր Գրասից մինչև Կոնֆուցիոս

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Կոնֆուցիոս, «Զրույցներ»


Գիրքը ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Թարգմանությունը` Արա Առաքելյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

 

Նոբելյան մրցանակակիրներ

Գյունթեր Գրաս, «Թիթեղյա թմբուկը»


Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպը որոշակի դարաշրջանում՝ նախապատերազմյան, պատերազմական շրջանի, ետպատերազմյան Գերմանիայում և Եվրոպայում մարդու երկվության, բարքերի անկման, մարդկային հասարակության վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործանարար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխարհամարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը, անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա: Գերմաներենից թարգմանեց Կարլեն Մատինյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

 

Պատկերագիրք

Սիլվա Կապուտիկյան-95: Հուշապատում-պատկերագիրք


Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված այս հուշապատում - պատկերագիրքը առաջին փորձն է՝ բազմաթիվ փաստական, գեղարվեստական նյութերի ու լուսանկարների միջոցով ի մի բերելու ամենայն հայոց բանաստեղծուհու կյանքն ու գործը: Այստեղ բանաստեղծուհու գործերի կողքին տեղ են գտել զանազան հեղինակների վերլուծական հոդվածներ, հուշագրություններ, նամակներ ու շնորհավորականներ, որոնք ընթերցողին թույլ են տալիս առավել ամբողջական ճանաչելու բանաստեղծուհուն: Խմբագիրներ՝ Ռաֆլետա Հաջյան և Արմենուհի Դեմիրճյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am