Հայկազյան համալսարանում բարձր արվեստի բացառիկ նմուշներ կներկայցվեն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Հայկազյան համալսարանում ընդամենը մի քանի օրից կներկայացվեն բարձր արվեստի բացառիկ նմուշներ: Կրթական հաստատության 60-րդ հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառումների շարքում իր ուրույն տեղը կունենա մի հետաքրքիր ցուցահանդես, որը կազմակերպում է միջազգային ճանաչում ունեցող «Բարձր արվեստ» («Shedevr») կերպարվեստի կենտրոնը:
Կենտորնի հիմնադիր-տնօրեն Արմինե Քոչարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսն իր բնույթով բացառիկ է:
«Հայկազյան համալսարանը սփյուքում գործող ամենահեղինակավոր համալսարանն է: Հոբելյանի առթիվ տարբեր միջոցառումներ են կազմակերպելու, այդ թվում` նաև մշակութային: Նախաձեռնությունը «Արևմուտքից` Արևելք, Մոդեռնից` Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսն է: Համալսարանից մեզ գրել են և խնդրել այնտեղ ցուցադրել մի շարք նմուշներ»,- նշեց նա:
Մարտի 19-25-ն անցկացվող իրադարձությանը ներկայացվելու է հայ դասական և ժամանակակից նկարիչների գործերի ընտրանին: Ցուցադրվելու են Վարդգես Սուրենյանցի, Էդգար Շահինի, Մարտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու,Լևոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի, Մինաս Ավետիսյանի, Վարուժան Վարդանյանի և այլ անվանի արվեստագետների գործեր:
«Մասնավորապես ցուցադրվելու է Երվանդ Քոչարի տարածական նկարչությանը պատկանող առաջին գործը` «Առաջին մեղքը»: Բեյրութահայությունը խնդրել է, որ Քոչարի այս գործը տանենք: Այն աշխարհի առաջին 3D-ն է, և արդեն իսկ հասցրել է ցուցադրվել Արտ Մոնակոյում: Կներկայացվի նաև Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը»,-տեղեկացրեց Արմինե Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը Հայաստանը հնարավորինս լավ և բազմազան ներկայացնելն է:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը բեյրութահայերի դատին կներկայացնի ընդհանուր առմամբ 65 ցուցանմուշ: Արմինե Քոչարյանը փաստում է՝ դժվար է տանել այնտեղ ցուցանմուշները, բայց իրենք, միևնույն է, տանում են, որպեսզի մեր հայրենակիցները դիտեն այդ հրաշալի գործերը:
«Հույս ունենք, որ բեյրութահայությունը կհավանեն ցուցահանդեսը»,-հավելեց նա:
Ի դեպ, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնում ամփոփված են բացառիկ և հազվագյուտ արվեստի գործեր: Բացի վերոնշյալ նկարիչների գործերից, այստեղ հնարավոր է տեսնել Ժոան Միրոյի, Սալվադոր Դալիի, Հովհաննես Այզվազովսկու և այլ հայտնի նկարիչների ստեղծագործությունները:
«Կենտրոնն իր անվանը համապատասխան լավ գործեր է ներկայացնում»,-համոզված է Արմինե Քոչարյանը:





