Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 3/2. Գիրք նվիրելու տոնն առիթ էր երեխաների համար շատ գրքեր գնելու

Մանկական բեսթսելեր 3/2. Գիրք նվիրելու տոնն առիթ էր երեխաների համար շատ 
գրքեր գնելու

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա փետրվար ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Փետրվարի առաջատարը Ղազարոս Աղայանի «Անահիտը»  հեքիաթն է, որն ի տարբերություն գրողի մյուս հեքիաթների,հրաշապատում բնույթ չունի:Նրանում բացակայում են սարսափազդու հրեշները,կախարդական հրաշքներըորոնց առկայությունը հեքիաթներում այնքան անհրաժեշտ էր համարում հեղինակը`երեխաներին անվախ ոգով դաստիարակելու համար:

Ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Միխայիլ Պլյացկովսկու «Մի նեղացրեք շներին» ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:

Երրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն չորրորդն է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հինգերորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփա Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց  երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:

Վեցերորդ հորիզոնականում կրկին Թումանյանի «Հեքիաթներ»-ն են՝ այս անգամ «Կռունկ» հրատարակչության:

«Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»...Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Ութերորդ հորիզոնականում է «Կախարդական զամբյուղը գիրքը»Գրքում զետեղված են աշխարհի ժողովուրդների համով հոտով հեքիաթները,որոնք ոչ միայն կօգնեն ընկղմվել կախարդական հեքիաթների աշխարհում,այլ նաև դառնալ գրքի հերոսը:

«Էդիթ պրինտ» հրատարակչության «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09),  «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 Ղազարոս Աղայան «Անահիտը» Արեգ 37
2

Միխայիլ Պլյացկովսկի

«Մի նեղացրեք շներին»

Բուկինիստ 36
3

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 26
4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 22
5

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 20
6 Թումանյան «Հեքիաթներ» Կռունկ 18
7 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 18
8 «Կախարդական զամբյուղը գիրքը» Արևիկ 16
9 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 15
10 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 13

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am