Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ». Յաիր Աուրոնը շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար

«Ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ». Յաիր Աուրոնը շարունակելու է պայքարը Հայոց 
ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը և հայ ժողովրդի բարեկամները պատրաստվում են ապրիլի 24-ին ոգեկոչել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այս դարակազմիկ իրադարձությունով Հայաստանի և սփյուռքի հայությունը պատրաստվում է տալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և իրավական պահանջների՝ անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկը: «Արմենպրես»-ը զրուցել է իսրայելցի հայտնի գիտնական, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի և ժամանակակից հրեագիտության փորձագետ Յաիր Աուրոնի հետˋ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հասնելու նրա տեսլականի մասին:

-Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ դուք նշել էիք, որ Իսրայել վերադառնալուց հետո շարունակելու եք պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:

-Ես ամենուր եմ այդ մասին ասում, ոչ միայն այնտեղ (ժպտում է): Ես «Հայոց ցեղասպանություն և ընդհանուր ցեղասպանություն» եմ դասավանդում Իսրայելի բաց համալսարանում: Ամեն տարի մենք 4500 ուսանող ենք ունենում, որը մեծ թիվ է, և Հայոց ցեղասպանության մասին դասագիրքը ներառվել է ուսումնական ծրագրում: Սա տարբերակներից մեկն է: Բացի այդ, մենք հանրային խնդրագիր ենք նախաձեռնել, որով կառավարությունից պահանջում ենք  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենքˋ այն ներկայացնել մինչև ապրիլի 24-ը: Թեև ես մի փոքր կասկածով եմ տրամադրված, բայց արդեն մեծ թվով ստորգարություն է հավաքել: Ես մեծ հավատ ունեմ կրթության հանդեպ և իմ ջանքերը ներդնում եմ այդ ոլորտում:

-Ինչպիսի՞ն է այսօր Իսրայելի բնակչության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Արդյոք այնտեղ տեղյա՞կ են 20-րդ դարի սկզբին հայերի կոտորածների մասին:

-Այո, հեռուսատեսության, թերթերի, ակադեմիական գրականության միջոցով հիմա բնակչությունը շատ ավելին գիտի, քան նախկինում: Գիտեք, երբ իսրայելցիները տեղեկանում են Հայոց ցեղասպանության մասին, նրանց բացարձակ մեծամասնությունը իրենց նույնականացնում է ձեզ հետ: Խնդիրն այն էր, որ նախկինում նրանք չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես այսօր չգիտեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Սակայն երբ  իմանում են, նրանք ձեզ հետ են:

-Ձեր կարծիքով, եթե հասարակությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյոք դա կփոխի՞ պետության դիրքորոշումը Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածների վերաբերյալ:

 -Ո'չ, միգուցե ավելի ուշ, բայց ոչ հիմա: Կառավարությունը գարշելի շահեր է հետապնդում և, դժբախտաբար, չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա անընդունելի է ինձ համար, սակայն սա է իրականությունը: Թեև Իսրայելում կան կուսակցություններ, որոնք աջակցում են Հայկական հարցին, սակայն կառավարությունը շարունակում է չընդունել այդ փաստը: Միգուցե, խորհրդարանը որոշ պայմանների առկայության դեպքում ընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչ կառավարությունը:

- Ապրիլի 24-ին Հայաստանում կլինե՞ք:

-Այո: Ես դասավանդում եմ այստեղ (որպես հրավիրված դասախոս,իսրայելցի պատմաբանը դասախոսություն է կարդում Հայաստանի ամերիկյան համալսարանում «Համեմատական ցեղասպանություն» և «Համեմատական ինքնություն» թեմաներով.-հեղ.):

-Հիմա նոր գի՞րք եք գրում:

-Այո, գիրքը որը հիմա գրում եմ, փրկիչների մասին է. այն մարդկանց, ովքեր ցեղասպանության տարիներին, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների, փրկել են ուրիշների: Երեք տարի եմ գրում այս գիրքը: Այն կհրապարակվի այս տարվա ամռան վերջին:

-Պատրաստվո՞ւմ եք Հայոց ցեղասպանության մասին նոր ուսումնասիրություն հրապարակել մոտ ապագայում:

-Ես Հայոց ցեղասպանության մասնագետ չեմ որպես այդպիսին, այլ ուսումնասիրում եմ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ, ժխտողականությունը: Ուսումնասիրություններ, իհարկե կլինեն: Ես չեմ պատրաստվում լքել ձեզ, ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ:

Հարցազրույցըˋ Սյունե Բարսեղյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am