Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու պահը հասունացել էր. Ռուբեն Սաֆրաստյան

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու պահը 
հասունացել էր. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովի օրակարգից ետ կանչելու պահը հասունացել էր, քանի որ Թուրքիան իր քայլերով, ժխտողականությամբ ապացուցեց, որ պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Տեսակետը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանինն է: «Պահը հասունացել էր եւ դրանում մեծ դեր խաղաց թուրքական իշխանությունների պահվածքը ինչպես հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ իրենց տեսակետերով, այնպես էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ծավալող ժխտողականությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ ետկանչումը շատ ազդեցիկ քայլ է եւ այս հարցում հայկական կողմը ճիշտ ուղղության վրա է: Սաֆրաստյանը շեշտում է, որ միջազգային հանրության կողմից նույնպես երկու տեսակետ լինել չի կարող, քանի որ նրանք, լավ ուսումնասիրելով իրավիճակը, վաղուց իրենց հաշվարկներում հայ-թուրքական արձանագրությունները մի կողմ էին թողել:

Փետրվարի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սահակյան,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am