Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք. Վազգեն Մանուկյան

Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք. 
Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի կազմավորման գործում դժվար է գերագնահատել Վազգեն Մանուկյանի դերը: Ցավոք, քչերն են այդ մասին հիշում: Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցեց վաստակաշատ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:  

-Պարոն Մանուկյան, այսօր մենք նշում ենք Հայոց բանակ կազմավորման 23-րդ տարեդարձը, սակայն բանակի կազմավորման գործընթացը փաստացի սկսվել էր 1992 թվականից ավելի շուտ:

-Եթե վերհիշենք ամենասկզբնական կետը, ապա Սումգայիթի դեպքերից հետո եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ Խորհրդային Միության բանակը  որոշ դեպքերում մեր պաշտպանը լինել չի կարող և պետք է ստեղծել մեր ինքնապաշտպանության ջոկատներն: Մյուս կողմից` սկսվեց զենքի արտադրությունը. ամենահեշտը ականանետի արտադրությունն էր և շատ մարդիկ զոհվեցին փորձարկումների ժամանակ: Որոշակի գումարներ «Ղարաբաղ» կոմիտեն ստանում էր ժողովրդից, որը ուղղվում էր Խորհրդային Միության տարածքում զենք գնելու համար: Այնուհետև ստեղծվեց Աֆղանական ջոկատը, որը կազմավորված էր Աֆղանստանում կռված երիտասարդներից, հետագայում կազմավորվում էին նաև այլ ջոկատներ, սակայն բանակի կազմավորման գործընթացը սկսվեց այն պահից, երբ 1990 թվականին մենք եկանք իշխանության:

Շատերը մոռանում են, որ այն ժամանակ չկար նախագահ, մենք պառլամենտական երկիր էինք. կար վարչապետ և Գերագույն Խորհրդի նախագահ, այսինքն` գործադիր իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացված էր վարչապետի ձեռքում: Առաջին հրամանս եղավ այն , որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՕՋ) շարքերը պետք է մտնեն բոլոր ստեղծված կամավորական ջոկատները: Մենք այն ժամանակ ապրում էինք դեռևս ԽՍՀՄ կազմում և բանակի ստեղծման մասին հայտարարելն ուղղակի անիմաստ և անհնարին մի բան էր, սակայն Ներքին գործերի նախարարությունն ուներ Ներքին զորքեր, որոնք, փաստորեն, զինված ներքին բանակ էին: Եվ ես հայտարարեցի, որ բոլոր այն ջոկատները, որոնք չեն ցանկանա մտնել կանոնավոր ծառայության մեջ, պետք է զինաթափվեն ու դա շատ կոշտ դիրքորոշում էր, ու առաջին ջոկատները մտան ՄՀՕՋ-ի կազմ:

Այն ժամանակ մենք դեռ չէինք կարող ստեղծել պաշտպանության նախարարություն և իմ հրամանով ստեղծվեց պաշտպանության կոմիտե (այն ժամանակ նախարարությունը և կոմիտեն նույն կարգավիճակը ունեին): Ես առաջարկեցի Վազգեն Սարգսյանին դառնալ այդ կոմիտեի նախագահ, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեում ես ղեկավարում էի ոչ միայն որպես խորհրդի ղեկավար, այլ ունեի շատ պարտականություններ, այդ թվում` ռազմական գործերն իմ ուսերին էին դրված, և արդեն ես չէի հասցնում այդ ջոկատների հարցով զբաղվել և պետք էր մեկին հանձնարարել այդ պարտականությունները: Կար երկու թեկնածու` մեկը արդեն նշեցի` Վազգեն Սարգսյանն էր, ով աչքի ընկավ Երասխավանի դեպքերից հետո,  մյուսն`  Աֆղանական ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանն էր: Որոշակի քննարկումներից հետո մենք կանգ առանք Վազգենի թեկնածության վրա, քանի որ նա առաջին հերթին իմ կողմից ընկալվում էր որպես մարդ, ով հետագայում պատասխանատվություն էր կրելու ռազմական գործողությունների կազմակերպման համար: Բայց նա հրաժարվեց իմ առաջարկից` պատճառաբանելով, որ ինքն այն ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդում պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը խորհրդային իշխանության կողմից ընդունվող կարգավիճակ էր, իսկ իմ ստեղծած պաշտպանության կոմիտեն լեգիտիմ չէր, այսինքն` եթե մեկին Մոսկվայում ասեիր, որ ես պաշտպանության կոմիտեի նախագահն եմ, կարող էին քեզ լուրջ չընդունել, և ես համաձայնվեցի նրա բերված փաստարկների հետ ու որոշեցի այդ պաշտոնում նշանակել Վահան Շիրխանյանին: Որոշ ժամանակ անց պաշտպանության կոմիտե եկան կադրային զինվորականներ և ստացվեց այնպես, որ սա հիմքն էր հետագայում մեր բանակը ստեղծելու համար:

Հաջորդ քայլը այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց հետո կազմեց կառավարություն և արդեն ստեղծվեց լեգիտիմ պաշտպանության նախարարություն, որի առաջին նախարարը դարձավ Վազգեն Սարգսյանը: Իհարկե, այն ժամանակ դեռևս հայկական և ղարաբաղյան ջոկատներն էին կռվում Արցախյան ռազմաճակատում, որովհետև դեռ չկար կանոնավոր բանակ, և պետք է նշեմ, որ Շուշիի գրավումը լիովին ղարաբաղցիների  նախաձեռնություն էր, չնայած որ բոլորս էլ կողմնակից էինք դրան: Եվ ես համարում եմ դա փայլուն հաղթանակ` հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել հենց կամավորների շնորհիվ: Շուշիին հաջորդեց Լաչինի գրավումը, որով Արցախը կապվեց Հայաստանի հետ:

-Կարճատև դադարից հետո, հատկապես երբ հունիսին Ռուսաստանն Ադրբեջանին հանձնեց մեծ քանակությամբ զինամթերք, հակառակորդին հաջողվեց գրավել բավական մեծ տարածքներ և արդեն աշնանը լուրջ վտանգ էր առաջացել կորցնելու ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Լաչինը:

-Որոշ դադարից հետո Ադրբեջանը ձեռնարկեց լայանածավալ հարձակում Շահումյանի շրջանի վրա, որի հետևանքով մենք կորցրեցինք այդ տարածքը, որին հաջորդեց մեծ պարտությունների շարքը: Այն ժամանակ ես արդեն վարչապետ չէի և դեռ պաշտպանության նախարար էլ չէի ու ես էլ էի ջոկատի հետ գտնվում Ղարաբաղում, և իրականում տեղեր կային, որ խուճապահար իրավիճակ էր ստեղծվել, և այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր «Մահապարտների» ջոկատի ստեղծման մասին: Ընդհանրապես, մահապարտներով պատերազմ չեն հաղթում և դրա փայլուն օրինակն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված ճապոնացի կամիկադզեները, և ինձ վրա մեծ տպավորություն էր թողել մի դրվագ, երբ կամիկադզեներն ինքնաթիռներով գալիս էին ամերիկյան ռազմանավը ոչնչացնելու, ամերիկացիները, նստած, իրենց համար սիգար էին ծխում, և միացրած էին զենիթային թնդանոթները ու ոչ մեկը չկարողացան նավին հասնել: Վերը նշվածն ապացուցում է մի պարզ ճշմարտություն, որ անձնազոհությամբ պատերազմ չես հաղթի: Բայց, հանուն  արդարության պետք է ասեմ, որ մահապարտների օգնությամբ հնարավոր եղավ մի կարճ ժամանակ ռազմաճակատը պահել:

-Այսինքն` լուրջ վտա՞նգ էր առաջացել կորցնելու Արցախը, քանի որ միայն կամավորական ջոկատների օգնությամբ պատերազմը տանուլ էինք տալու:

Ջոկատներով պատերազմելու ժամանակը անցել էր,  և Մահապարտների ջոկատը վերջին ճիգն էր ջոկատների միջոցով հարցը լուծելու համար: Արդեն այն ժամանակ բանակ ստեղծելու համար հրավիրվել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն բանակ ստեղծելու հիմնական սկզբունքները դեռևս անորոշ էին: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ առաջարկեց դառնալ պաշտպանության հարցերը կոորդինացնող պետական նախարար, այն ժամանակ կար այդպիսի մի պաշտոն, և ես համաձայնվեցի:

Լաչինում մենք խնդիր ունեինք և Վազգենը փորձեց հավաքել կամավորական ջոկատները պաշտպանությունը կազմակերպելու համար, սակայն ոչ ոք չեկավ, որից հետո միասին փորձեցինք դա անել, սակայն, կրկին ապարդյուն, որից հետո ես ասացի Վազգենին, որ պետք է մի բան փոխել, քանի որ ջոկատները արդեն չեն ենթարկվում և առաջարկեցի, որ նրա փոխարեն պաշտպանության նախարար դառնա Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն նա դեմ արտահայտվեց այդ գաղափարին: Վազգեն Սարգսյանը դուրս եկավ պաշտոնից և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, երկուսն էլ պնդեցին, որ ես դառնամ պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Ես պաշտոնակատար էի, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էի և Լևոն Տեր-Պետրոսյանն այնպես ձևակերպեց, որ ես հետագայում եթե դուրս գայի նախարարի պաշտոնից, պահպանեմ պատգամավորի մանդատը:

Պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո խնդիր առաջացավ, թե ինչպես կառուցել բանակը: Մենք, փաստորեն, ունեցանք իրար հետ միասնական բանակի երեք հատված: Առաջինը` Ղարաբաղի հատվածն էր, որը կառուցված էր մոբիլիզացիոն սկզբունքի հիման վրա, այսինքն` բոլոր տղամարդիկ որոշակի տարիքից պարտավոր էին գնալ բանակ, իսկ Հայաստան փախչողներին ոստիկանությունը հետ էր ուղարկում Արցախ: Երկրորդը` Հայաստանի կամավորական ջոկատների հիման վրա ստեղծվեց պայմանագրային հատված. շատ շուտ հասկացվեց, որ այդ մարդիկ պատրաստ են անձնազոհաբար կռվել, բայց երբ այդ պայքարը տևում է ամիսներ, տարիներ և իրենց ընտանիքներն այդ ընթացքում ցուրտ և սոված պայմաններում են ապրում, մարդիկ կոտրվում են, չեն կարողանում պայքարել: Նշանակվում է` աշխատավարձ էր պետք, և կամավորներից ով ցանկանում էր, մտնում էր բրիգադաների կազմի մեջ. դրվում էին պրոֆեսիոնալ բանակի հիմքերը: Արցախյան հերոսամարտի ողջ ծանրությունը իրենց վրա վերցրեցին վերը նշված երկու հատվածները: Եվ երրորդը` Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով առաջին և երկրորդ հատվածների հետ գրեթե գործ չուներ, իմ հանձնարարականով զինակոչիկների միջոցով պետք է ստեղծեր բանակ, այսինքն պետք է լիներ զորակոչ, երեխաներին զինկոմիսարիատները պետք է հավաքագրեին:

Այդ ամենից հետո վեճեր առաջացան, թե ինչպիսի բանակ ստեղծել` ՆԱՏՕ-ի, թե ԽՍՀՄ տիպի բանակ: Ես և Նորատ Տեր-Գրիգորյանցը կողմնակից էիք խորհրդային տիպի բանակին, քանի որ բոլոր տղամարդիկ անցել էին հենց այդ բանակի ուղին` անկախ նրանից, թե որ մոդելն է ավելի լավը և արդյոք հետագայում կբարեփոխվի բանակի կառուցվածքը, թե ոչ: Ես իմ կողմից անում էի ամեն ինչ, որպեսզի բանակի այդ հատվածը չմասնակցի ռազմական գործողություններին, որովհետև փորձ չունեին` ի տարբերություն  30-40 տարեկան բանակայինների և զոհերը կլինեին շատ ավելի: Օրինակ` Լաչինում այսպիսի դեպք եղավ. հակառակորդը հարձակվել էր, և այլ ելք չկար` պետք էր նահանջել, սակայն մի տղա զոհվեց հերոսի մահով. 20-21 տարեկան էր, գնդացիրով մոտ երկու ժամ միայնակ պահում էր դիրքերը մինչև ջոկատները հետ վերադարձան: Այսպիսի անձնազոհություն կարող են դրսևորել հիմնականում միայն 18-21 տարեկան երիտասարդները: Իհարկե, մեծ հերոսություններ էին կատարվում, սակայն կորուստների առումով վտանգավոր էին:

Մի խնդրի առջև էլ ես բախվեցի, երբ Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողություններում դադար էր առաջացել, հրամանատարներ էին գալիս ինձ մոտ, խնդրում էին ինձ, որ ինչքան հնարավոր է շուտ վերսկսեն հերթական գործողությունները, որովհետև տաքարյուն երիտասարդներ էին, և արդեն խնդիրներ էին առաջանում բանակի ներսում: 

-Երբ դեռ նոր էիք նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնակատար, առկա էր լուրջ խնդիր, քանի որ գնալով ավելի էին սրվում հայկական կամավորական ջոկատների հրամանատարների և կանոնավոր բանակի սպայական կազմի միջև եղած փոխհարաբերությունները:

-Վազգեն Սարգսյանի դուրս գալը ունեցավ ֆունդամենտալ նշանակություն: Մենք կոչ արեցինք բոլոր կադրային սպաներին գալ Հայաստան` ծառայելու, և ես տեղեկանք ունեի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, որ այնտեղ ծառայում էր շուրջ 4400 հայ սպա, որոնց զգալի մասը ցանկանում էր գալ մեզ մոտ: Բայց երբ նրանք գալիս էին Հայաստան, խնդիրներ էին առաջանում ֆիդայինների հետ, քանի որ սպաները ունեին  առավելություն` կազմակերպման և գիտելիքների առումով, բայց իրենք չէին մասնակցել պատերազմի` բացի աֆղանական պատերազմի մասնակիցներից, իսկ ֆիդայինները չունեին գիտելիքներ, բայց ունեին մեծ փորձ: Վազգեն Սարգսյանի համար շատ դժվար էր, քանի որ նա կապված էր ֆիդայինների հետ, սակայն գիտակցում էր սպայական կազմը բերելու անհրաժեշտությունը: Տեղի ունեցավ ըմբոստություն, և նա նույնիսկ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և ասաց, որ Վազգեն Մանուկյանը ինձ էր հանձնել ձեզ, այսինքն կամավորական ջոկատները, բայց ես ձեզ նորից նրան եմ վերադարձրել և դուք պետք է ենթարկվեք նրան: Այնպես որ, կարողացանք հաղթահարել նաև այդ խնդիրը:

Ի տարբերություն մեզ` ադրբեջանցիները իրենց սպայական կազմին թշնամի համարեցին և չէին օգտագործում ռազմական գործողություններում, առանց այն էլ իրենց մոտ քիչ էր սպայական կազմը, բացի այդ, իրենք իրենց նորակոչիկներին ակտիվ օգտագործում էին ռազմական գործողություններում` տալով մեծ կորուստներ, և Բաքվում զոհված երեխաների մայրերը անընդհատ ցույցեր էին անում` այնտեղ ստեղծելով լարված վիճակ: Բայց պետք է նշեմ, որ նրանք ունեին հսկայական առավելություն զինամթերքի առումով. պայմանական առումով, իրենց մոտ «խորհրդային ժառանգություն» էր մնացել 10 հազար վագոն զենք և զինամթերք, մեզ մոտ 500-ը` մոտ 20 անգամ պակաս, բայց դա չտվեց նրանց առավելություն` լավ զինվորներ չունենալու պատճառով: Այդքան զենքի առկայությունը բացատրվում էր խորհրդային պաշտպանական ստրատեգիայով, որ եթե ՆԱՏՕ-ն հարձակվի, ապա առաջին գիծը չեն պաշտպանում, այսինքն Հայաստանը, այլ հետին գիծը, այդ պատճառով նրանք ունեին ավիացիա` մոտ 100 ռազմական ինքնաթիռ, իսկ մենք չունեինք:

Ինձ շատ են հարցնում, թե մեր հաղթանակը ինչով է պայմանավորված. առաջինը` հայերը լավ զինվոր են և դա հայտնի ճշմարտություն է: Նույնիսկ Անիի անկումից հետո Արևելքում հայ զինվորը ուներ մեծ համբավ, և բոլորը փորձում էին իրենց բանակները համալրել հենց հայերով: Եվ մեր բախտը բերել է, որ Ղարաբաղում ապրում են ղարաբաղցիներ, քանի որ իրենք ամենալավ կռվողներն են: Մյուս կարևոր գործոնը, որ մենք կռվում էինք մեր հողի համար. իհարկե, ադրբեջանցիներն ամեն գնով փորձում էին պահել Արցախը, բայց գիտակցում էին, որ այդ տարածքն ի սկզբանե իրենցը չի եղել: Երրորդը` հաղթելու ոգևորությունն էր, որը գուցե ոչ բոլորի մոտ էր ձևավորվել, սակայն առկա էր տասնյակ հազարավոր կռվող տղաների մեջ:

-Դժվա՞ր է վարել պատերազմ, երբ երկրի գլխավոր դեմքերըի դեմս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ Գերագույն  խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի, տեղյակ չէին կամ չէին ցանկանում տեղեկանալ Արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակին, և արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը դե՞մ էր Կապանի օպերացիային (1992թ. դեկտեմբերին հայկական զինված ուժերը գրավեցին Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող վարչականորեն Ադրբեջանի Զանգելանի շրջանին պատկանող ադրբեջանական մի քանի գյուղեր-հեղ.) և Քելբաջարը գրավելուն:

Նախևառաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հավատում, որ հնարավոր է հաղթել, որովհետև եթե հաշվի էր առնվում մեր բնակչությունը իրենց բնակչության, իրենց ֆինանսական հնարավորությունների հետ համեմատությունը, ապա թվում էր, որ հաղթել հնարավոր չէ, և եթե հնարավոր չէ, մնում էր գնալ հաշտություն, պայմանավորվել, որը կնշանակեր տարածքային և հոգեբանական զգալի կորուստներ: Երկրորդը` ես չեմ ուզում դատավոր լինել: Պատկերացնում եք, եթե պատերազմ չլիներ, ինչքան հանգիստ կարելի էր ղեկավարել` հատկապես, երբ պետք էր աշխատել դուր գալ Արևմուտքին, իսկ վերջինս պատերազմին ամբողջությամբ դեմ էր տրամադրված:

Կապանի օպերացիան ես ոչ մեկի հետ չէի համաձայնեցրել: Այն ռազմական անհրաժեշտություն էր, և դա առաջին ապացույցն էր այն բանի, որ ոչ թե մենք ենք օգնում կռվող ղարաբաղցիներին, այլ Հայաստանը նախահարձակ եղավ Կապանի լեզվակի դիմաց: Եղան զոհեր, սակայն մենք փրկեցինք տեղի բնակչությանը: Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ Գերագույն Խորհրդում, նրանք փակ նիստ գումարեցին և ուզում էին ինձ պաշտոնանկ անել:

Ինչ վերաբերում է Քելբաջարի օպերացիային, ապա Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվեցինք, որ պետք է տեղյակ պահել` նախորդ պատմությունը չկրկնելու համար: Մենք ասացինք, որ միայն ղարաբաղցիներն են լինելու այնտեղ, մենք չենք խառնվի, իհարկե, այդպես չարեցինք: Կրկին վեճեր եղան, բայց գոնե հանգիստ էինք այն առումով, որ մեծ աղմուկ հետագայում չի բարձրանա, չնայած որ` եղավ: Պետությունը դեռ լիովին ձևավորված չէր, Ղարաբաղն իր դերը ուներ, պաշտպանության նախարարությունը իր դերը, բայց այն, որ ես եղել էի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վարչապետ, ստիպում էր բոլորին քեզ հետ հաշվի նստել:

՞նչ նշանակություն ունեցավ մեզ համար հաղթանակն Արցախյան հերոսամարտում:

Մենք հսկա երկիր էինք, որը օբյեկտիվ, թե մեր հիմարության կամ այլ պատճառներով կորցրել էր այդ տարածքը և մեր բնակչությունն ու մնացել էր այս փոքր հատվածը: Եվ միակն հատվածը, որը մազապուրծ էր եղել ցեղասպանությունից` Արցախն էր, և այն ոտքի է կանգնում և խնդրում է Մայր հայրենիքին օգնել իրեն պաշտպանվել: Մենք այդ հաղթանակի շնորհիվ կարողացանք 1915 թվականի ցեղասպանությունից հետո պարտվողի հոգեբանությունից դուրս գալ: Կան մարդիկ, որ ինձ ասում են` եկեք տանք Ղարաբաղը, և մենք հանգիստ ապրենք, սակայն այդ դեպքում մենք հանգիստ չենք ապրի: Դա հոգեբանական կողմն է: Մյուս կողմից` Արցախը օգտվեց ինքնորոշման իրավունքից: ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինթոնն իր ներկայացուցչին ուղարկել էր հանդիպելու ինձ և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես ասացի, որ դուք եք մեղավոր այս ամենի մեջ. զարմացավ, թե ինչու, ես էլ ասացի` այդ դուք չէիք գոռում «Ազատություն» ռադիոյից, որ պետք է բոլոր ազգերը ինքնորոշվեն, և գյուղացի մշակը բահը գցեց մի կողմ և ասաց, որ գնում է ազատության, իսկ հիմա նրա վրա հարձակվել են, և դուք ասում եք` ինչո՞ւ է նա պաշտպանվում: Անշուշտ, Միխայիլ Գորբաչովը արթնացրեց մի բան, որը չկարողացավ կառավարել:

-Պարոն Մանուկյան, այժմ մենք ունե՞նք այն բանակը, որը երազում էիք տեսնել 23 տարի առաջ, և ի՞նչն է անհրաժեշտ առաջնահերթ բարելավել մեր բանակում:

Անկեղծ ասած` այն ժամանակ բանակը երազանք չէր, այլ անհրաժեշտություն: Երբեմն ինձ քննադատում էին, ասում էին` այսինչ զորամասը այնքան էլ լավը չէ: Ես էլ հակադարձում էի` ասելով, որ եթե մենք իդեալի հետևից գնանք, ապա չենք ունենա բանակ: Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք: Մոնթեն էր լավ ասում. «էհ, պարոն նախարար, մենք էշ ենք, բայց մեր բախտը բերել է, որ ադրբեջանցիները մեզնից ավելի էշ են: Այսինքն` դու պետք է ուժեղ լինես ամեն կետում, որը մեզ հաջողվեց:

Արդեն խաղաղ պայմաններում պետք է մտածել իդեալական բանակի մասին: Ես կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ  Յուրի Խաչատուրովը լավ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, և դժվար թե ես կարողանամ ինչ-որ նոր բան մտածեմ բանակի բարելավման ուղղությամբ, քանի որ դրանք ստանդարտ գործողություններ են և պետք է ուղղակի դրանք կատարվեն, և կարևոր է` դրանք կատարվում են:

- Ձեր բարեմաղթանքները հայկական հաղթանակած բանակին

Ես մաղթում եմ, որ մեր բանակն այնպիսի մարտական պատրաստականություն ունենա, որ չներքաշվի պատերազմի մեջ:

 

Հարցազրույցը` Հենրիխ Մարգարյանի 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am