Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով դատավարության առաջին նիստն այսօր է

ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով դատավարության առաջին նիստն այսօր է

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է, նախապատրաստական աշխատանքներն ավարտված են ու հայ եւ արտասահմանցի իրավաբանների խումբը նախապատրաստվում է Հայաստանում եւ սփյուռքում մեծ հետաքրքրություն առաջացրած` Դողու Փերինչեքի գործով դատավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցամբ դատավարությունը կկայանա այսօր Երեւանի ժամանակով 12:15-ին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում քննվելիք` թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի առնչությամբ միջազգային իրավունքի մասնագետները շեշտում են, որ այն կարող է նախադեպ հանդիսանալ հետագայում թեմայի առնչությամբ այլ հայցերի քննության ժամանակ: Հայաստանը որպես երրորդ երկիր դատավարությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել դեռեւս օգոստոսին: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում կներկայացնի հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հանրահայտ դատապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին: Լիբանանում ծնված Ամալը Եվրոպական դատարանի գործերում բավական մեծ փորձ ունի: Նա մասնակցել է մի քանի խոշոր դատավարությունների, ինչպիսիք են «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործը, Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Թուրքիան:

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am