Հասարակական

Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Հայաստանում հակառուսական տրամադրությունների ստեղծումը

3 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Հայաստանում հակառուսական տրամադրությունների ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը կոչ է անում Գյումրիի սպանության դեպքը իրավական և բարոյական դաշտից քաղաքական հարթություն չտեղափոխել: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանը նշեց, որ պետք չէ տուրք տալ էմոցիաներին և հնչեցնել քաղաքական գնահատականներ: «Ես անընդունելի եմ համարում այս հարցի քննարկումը իրավական դաշտից քաղաքական դաշտ տեղափոխելը: Ես անընդունելի եմ համարում հակառուսական հիստերիան, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խզելու կոչերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Միևնույն ժամանակ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը միանում է այն զայրույթին, որ այս պահին տիրում է բնակչության մոտ: «Բախումներին ես միշտ դեմ եմ եղել, սակայն միանում եմ այդ համընդհանուր զայրույթին, քանի որ տեղի ունեցածն աննախադեպ է, և հարկավոր է քայլեր ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար»,- ընդգծեց Ալավերդյանը՝ ցավ հայտնելով Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների կապակցությամբ:

Ալավերդյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց հերթին պետք է անեն ամեն ինչ, որպեսզի գործի նախաքնությունը, դատավարությունը և պատժի կրումը անցկացվի Հայաստանում և Հայաստանի իրավապահ մարմինների կողմից:

Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայկական հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց լարվածություն, ինչի հետևանքով 15 անձ, որոնցից 6-ը ոստիկաններ, տեղափոխվեցին հիվանդանոց: Վերջին տեղեկություններով` բոլոր քաղաքացիական անձինք և 3 ոստիկաններ դուրս են գրվել հիվանդանոցից: «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ արեցին հանդարտվել հավաքվածների և վստահեցրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ու իրենք այժմ ուղևորվելու են ռազմաբազա և հավաստիանալու, որ ոճրագործը գտնվում է Գյումրիում: Ցուցարարները կրկին շարժվել են դեպի դատախազության շենք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում