Հասարակական

Հայտնի են Հայաստանի լավագույն դպրոցները

5 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի լավագույն դպրոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում լավագույն դպրոցներ են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան հ. 3 միջնակարգ դպրոցը, «Այբ» կրթական հանգույցը,Ախուրյան գյուղի թիվ 2 հիմնական դպրոցը, ք. Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. վարժարանը, Կոտայքի Նոր Արտամետ գյուղի միջնակարգ դպրոցը, Երևանի «Կուպալյանի» միջնակարգ դպրոցը: Այս մասին հունվարի 14-ին 2014 թ. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկավորման համակարգի արդյունքները ներկայացնելով՝ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Անցած տարի վարկանիշավորվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություննները` բացառությամբ մասնագիտացված, հատուկ և տարրական դպրոցների:

Քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցների շարքում 2014 թ. տվյալների համաձայն լավագույն 3 դպրոցներ են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվ. թիվ 3, Արարատի թիվ 3 և Երևանի Ա. Չեխովի անվ. թիվ 55 հիմնական դպրոցները: Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների առաջին եռյակում ընդգրկվել են Երևանի «Այբ» կրթական հանգույցը, Երևանի «Ա. Շիրակացու անվ. ճեմարան» վարժարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեանի անվան դպրոցը:

«Ի տարբերություն հանրային այն ընկալման, որ կրթության որակը խիստ անհավասարաչափ է հանրապետության մայրաքաղաքում և մարզերում, օբյեկտիվ չափագրման արդյունքներում հասկանում ենք, որ համադրելի դպրոցների պարագայում մենք ստանում ենք գրեթե համարժեք վիճակ: Այսինքն` մայրաքաղաքային դպրոցները և մարզային դպրոցները տալիս են կրթության համարժեք որակ», - ասաց Արմեն Աշոտյանը:

Գյուղական մեծ և միջին հիմնական միջնակարգ դպրոցների լավագույն եռյակում են Ախուրյանի թիվ 2, Գուգարքի և Գետարգելի դպրոցները: Գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցների առաջին եռյակում են տեղ են գտել Նոր Արտամետի, Բյուրավանի և Այգեկիդպրոցները: Քաղաքային և գյուղական փոքր հիմնական դպրոցների եռյակում են Գառնի Բանավանի, Ալավերդու թիվ 4 և Կարմիր Աղեգու դպրոցները:

Առանձին գործող ավագ դպրոցների և վարժարանների առաջին եռյակում տեղ են գտել Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ., Գյումրու Ակադեմիական և Երևանի «Քվանտ» վարժարանները:

Կրթության և գիտության նախարարը ուրախությամբ նկատեց, որ լավագույն դպրոցների տասնյակի կեսը մարզային դպրոցներն էին, որովհետև դա, նախարարի կարծիքով, հերքում է այն կարծրատիպը, թե միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն:

«Ի դեպ, դրա մասին են վկայում երկրորդ խմբի ցուցանիշները, որոնք կապ ունեն բուհական կրթության մակարդակի հետ, ինչի արդյունքում վերջին երկու տարին բուհեր ընդունված ուսանողների թիվը ավելին է, քան մայրաքաղաքցիներինը: Սա նույնպես ցուցանիշ է, որ մարզային դպրոցներում կրթության մակարդակը բավական բարձր է բուհ ընդունվելու հյամար: Թեպետ այնեղ չկան այն քանակով ռեսուրսները, մարդիկ այնքան էլ վճարունակ չեն», - նշեց Արմեն Աշոտյանը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ յուրաքանչուր դպրոց վարկանիշային ցուցակում ընգրկվելու համար լրացրել է հարցաթերթրիկ, որի մեջ ներառված են մոտ քառասունից ավել ցուցանիշ, որոնց թվում է միասնական քննություններին մասնակցած աշակերտների թիվը, յուրաքանչյուր առարկայի միասնական և ավարտական քննությունների գնահատականների միջին թվերը, ուսուցիչների թիվը, գիտության թեկնածուի աստիճան ունեցող ուսուցիչների թիվը և այլն:

«Ցուցանիշներից բացի կան բանաձևեր, որոնցով, օրինակ, հաշվի ենք առնում այն փաստը, որ, եթե տվյալ դպրոցում ավարտական քննությունների միջին գնահատականը խիստ տարբերվում է միասնական քննության գնահատականից, ապա դա նշանակում է, որ աշակերտները ստիպված են եղել հավելյալ մասնավոր պարապել, իսկ որքան այդ թվերը իրար մոտ են, այդքան տվյալ դպրոցի վարկանիշը բարձր է», - ասաց Արտակ Պողոսյանը:

Շարունակելով խոսել կրթության որակի բարձրացման մասին` Արմեն Աշոտյանը նշեց, որ վարկանիշավորման համակարգի բուն իմաստն է հայտնաբերել ոչ լիարժեք գործող դպրոցները, այնտեղ կատարել համապատասխան բարեփոխումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում