Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարները. ՀՀ վարչապետ

Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ իրականություն են 
դառնալու համազգային մեր գաղափարները. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամանորյա ուղերձ է հղել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2014 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: 
Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների: Այն իր դժվարություններով հանդերձ, ևս մի քայլ եղավ մեր պետականության ամրապնդման, երկրի հզորացման և մեր կյանքի բոլոր բնագավառների բարեփոխման ճանապարհին: 
2014 թվականի մայիսին ձևավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն և նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր և քաղաքական կամք: 
Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բարելավման և արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2015 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ:
Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները և ձգտում նոր նպատակների: Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, մեր երկրի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից:
Ես հավատում եմ մեր հավաքական ուժին և համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ, մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները: 
Սիրելի՛ հայրենակիցներ
Տարեմուտի այս նվիրական պահին կուզենայի շեշտել մեր հասարակության, ամբողջ ժողովրդի միասնության անհրաժեշտությունը: Դա հատկապես կարևոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ևս մեկ անգամ աշխարհին կվերահաստատենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2015 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի: 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am