Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Նախագահի նստավայրի գլխավոր հերոսներն այսօր Երևանի դպրոցների գերազանցիկներն էին

Նախագահի նստավայրի գլխավոր հերոսներն այսօր Երևանի դպրոցների 
գերազանցիկներն էին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 159 դպրոցների բարձր առաջադիմությամբ սովորող ավելի քան 300 աշակերտներ ՀՀ նախագահի նստավայրում մասնակցեցին ամանորյա ուրախ տոնակատարության: Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառումներին այս տարի մասնակցելու է 6-12 տարեկան 1000-ից ավելի երեխա:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գևորգյանը նշեց, որ ավանդական դարձած միջոցառմանը կմասնացկեն նաև սահմանամերձ բնակավայրերի, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի, զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայողների երեխաները:  «Այս տարի տոնակատարությանը կմասնակցեն նաև սահմանափակ կարողություններով երեխաները: Սահմանամերձ շրջաններից ժամանող երեխաների համար կազմակերպվում են նաև լրացուցիչ մշակութային միջոցառումներ: Նրանք կայցելեն Երևանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ, կշրջեն Երևանի փողոցներով, կայցելեն Հանրապետության  հրապարակ ու կտեսնեն գլխավոր եղևնին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտենց Արմինե Գևորգյանը:

 Նրա խոսքով` սա առիթ է, որպեսզի խրախուսեն ու ոգևորեն երեխաներին ու հնարավորություն տան նրանց տեսնել նախագահական նստավայրը:  

 Միջոցառումն սկսվեց ու տոն դարձավ հարյուրավոր երեխաների համար: Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները` զգեստավորված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների գունեղ հագուստներով, դիմավորեցին փոքրիկներին, երգ ու պարով, տարբեր խաղերով ու մրցանակներով իսկական եռուզեռ ստեղծեցին բազմաթիվ պաշտոնյաների ու լուրջ քննարկումներ տեսած դահլիճում:

 Մեծ էր երեխաների ոգևորությունը և ուրախությունը, երբ դահլիճ եկավ 2014 թվականին «Մանկական Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացրած Բեթթին իր «Արևի մարդիկ» երգով: Կատարումից հետո նրան մեծ թվով երեխաներ էին շրջապատել, և Բեթթին ջերմ զրուցում էր բոլորի հետ: Հարցին ի պատասխան, թե ինչ է զգում, երբ այդքան երեխաների ուրախություն է պարգևում, Բեթթին նշեց. «Ես չեմ ուրախացնում, այդ նրանք են ինձ ուրախացնում: Շատ ուրախ եմ, որ իմ, այսպես ասած, գործունեությունը նրանց դուր է գալիս: Ես ուզում եմ ասել, որ նրանց բոլորին շատ եմ սիրում, ոզում եմ, որ նրանք լինեն առողջ ու իրագործեն իրենց երազանքները»: Բեթթին Ձմեռ պապիկին այսօր կամ վաղը պետք է նամակ գրի ու խնդրի կարի մեքենա, քանի որ շատ է սիրում պատրաստել տարբեր իրեր:

 2-րդ դասարանցի Արշակը, իմանալով ՀՀ նախագահի նստավայր գնալու լուրը, շատ է ուրախացել:  Ձմեռ պապիկին էլ խնդրել է «իսկական» համակարգիչ բերել` խաղեր խաղալու համար: Արշակը բակում ևս սիրում է խաղալ:  «Պարան ենք թռնում, պահմտոցի, ֆուտբոլ խաղում»,-ասաց Արշակը: Դպրոցում էլ սիրում է մաթեմատիկա, կերպարվեստ, ֆիզկուլտուրա առարկաները:

 Գոհարը, Գրիգորը և Մարինան ևս շատ են ուրախացել` իմանալով, որ այցելելու են Նախագահի նստավայր: Ձմեռ պապիկին նամակ գրել են ու, բացի անձնական նվերներից, նվերներ և ուրախություն են խնդրել մյուս երեխաների համար:

 «Որ մեծանամ, դառնալու եմ փրկարար ծառայության պետ: Մենք փոքր երկիր ենք, մարդիկ անպաշտպան են, պետք է նրանց պաշտպանեմ»,-ասաց Գրիգորը:

Ուրախ տոնակատարությունն ամփոփվեց Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի այցով, ովքեր երեխաներին բաժանեցին նվերներ ու ամանորյա բարեմաղթանքներով ճանապարհեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am