Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի բացումը

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային իրավունքի եվրոպական 
կազմակերպության երևանյան մասնաճյուղի բացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան: Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի բացումը կարևոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաև պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարևորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման և վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը:

Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանն՝ իր բարդ և չափազանց կարևոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը ևս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է և անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով, բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, Նախագահի խոսքով, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարևորվում է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է սկսած ճանապարհը՝ ակնկալելով գործընկերների, այդ թվում նաև՝ ՀԻԵԿ-ի աջակցությունը:

Սպիրիդոն Ֆլոգաիտիսը շնորհակալություն է հայտնել Երևանում ՀԻԵԿ-ի մասնաճյուղ բացելու հնարավորություն ընձեռելու և համագործակցության պատրաստակամության համար, ուրախությամբ փաստելով, որ Հայաստանը դեռևս 2011 թվականից անդամակցում է Կազմակերպությանը՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի երկրների: Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և մասնագիտական բոլոր այն հարցերում, ինչի կարիքը կունենա Հայաստանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ այս գործընկերությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների և ժողովուրդների համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am