Հասարակական

Ես այս դեպքերն անվանում եմ «Ցեղասպանություն». թուրք ռեժիսոր

3 րոպեի ընթերցում

Ես այս դեպքերն անվանում եմ «Ցեղասպանություն». թուրք ռեժիսոր

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հույս ունի, որ իր նկարահանած «Խզում» ֆիլմը կարող է կամուրջ դառնալ թուրքերի և հայերի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռեժիսորը պատմել է թուրքական «Միլլիեթ» պարբերականին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ այդպիսով գրեթե իրականացրել է իր երազած ֆիլմը:

«Ցեղասպանություն» եզրույթին առաջին անգամ հանդիպեցի մոտ 20 տարեկանում: «Մե՞նք` թուրքե՞րս, ոչ, մենք այդպիսի բան չենք անի, մենք լավ մարդիկ ենք»,-այսպիսին էր իմ առաջին արձագանքը: Բնականաբար, մեր ընտանիքի տեսակետն էլ էր այդպիսին»,-պատմել է Աքընը` նշելով, որ իր հայրը «Ազգայնական շարժում» կուսակցությունից էր: Նա ներկայացրել է, թե ինչպես է ժամանակի ընթացքում հասկացել, որ այս թեմայով խոսակցությունների վրա տաբու կա: «Այստեղ արգելք կա, մութ կողմեր կան, անհայտ ինչ-որ բան կա: Ես էլ հետաքրքրասեր մարդ եմ, այն էլ` արգելված ժամանակ: Այդ տարիքում ձեռքիս տակ եղած ժխտող կամ ապացուցող բոլոր գրքերը կարդացի»,- նշել է ռեժիսորը:

Նա պատմել է, թե ինչպես են ծնողները սկզբում վախեցել, երբ հայտնել է, թե ինչ ֆիլմ է ցանկանում նկարահանել: «Նրանք ինձ ասացին. «Մի արա նման բան, ինչ կարիք կա, տղա’ս, գլխիդ գործ մի բացիր»: Սակայն իմ կյանքն է, իմ որոշումները»,- ներկայացրել է Աքընը: Նրա հավաստմամբ, ֆիլմը կառուցված է այնպես, որ այն դիտողները մոռանան, թե ով են ու ինչ են մտածում և ընկղմվեն մի հոր պատմության մեջ, ով փնտրում է իր երեխաներին: «Ֆիլմի իրական նպատակը քննարկում առաջացնելն է: Ֆիլմի ամբողջ գաղափարը մտքի ազատությունն է: Շատ լավ, դու սրան «ցեղասպանություն» մի ասա, ասա «այսպես կոչված ցեղասպանություն», ասա «կոտորած», ասա «աքսոր», ես այս դեպքերն անվանում եմ «Ցեղասպանություն»: Տուր ինձ այդ իրավունքը»,- նշել է ռեժիսորը` ընդգծելով, որ ֆիլմը ստեղծվել է հենց այդ մոտիվացիայի հիման վրա:

Աքընը սխալ է համարել այն մարդկանց կարծիքները, թե ֆիլմը թշնամանք է Թուրքիայի նկատմամբ: «Ցեղասպանություն է եղել և բոլոր կառավարություններն ասացին. «Ոչ, նրանք են մեզ սպանել»: Սակայն այժմ մի ֆիլմ է նկարահանվել, և ողջ աշխարհի հայերն այն հավանել են: Ես նրանց ձեռք մեկնեցի, և նրանք այդ ձեռքը բռնեցին, ընդունեցին»,- նշել է ռեժիսորը` բնական և ընդունելի համարելով նաև իր հասցեին հնչեցվող բացասական կարծիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում