Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարմազանովը ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին խոսակցությունները մեկ բաժակ ջրում փոթորիկ է համարում

Շարմազանովը ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին խոսակցությունները մեկ բաժակ ջրում փոթորիկ է համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր պայքարի մեթոդը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով եռյակի հոկտեմբերի 24-ին կայանալիք  հանրահավաքին: «Մենք քաղաքական բազմակարծության կողմնակից ենք: Օրենքով սահմանված կարգով երաշխավորված է քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ երթեր, հավաքներ անելու իրավունքը, և ցանկացած գործողություն, որը կգտնվի ՀՀ օրենքի շրջանակներում, բնական է: Իսկ ցանկացած միջոցառում, որը կհակասի Հայաստանի օրենսդրությանը, մեզ համար ընդունելի չիլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է եռյակի հանրահավաքը, Շարմազանովը պատասխանեց, որ եռյակի օրակարգը քննարկում են եռյակի անդամ քաղաքական ուժերը, իսկ ՀՀԿ-ն ունի իր օրակարգը և առաջնորդվում է դրանով:

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Շարմազանովը խորհուրդ տվեց չգայթակղվել որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների էմոցիոնալ հայտարարություններով: «Խորհուրդ կտամ, որ դուք էլ չհետևեք նրանց օրինակին և ձեզ վրա վերցնեք ժողովրդի անունից խոսելու իրավունքը»,- նշեց նա:

Անդրադառնալով Ազգային ժողովում լարված մթնոլորտի վերաբերյալ դիտարկմանը՝ ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ լարվածությունը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները չեն ստեղծում՝ հիշեցնելով, որ ինքն ավարտված քառօրյայի ընթացքում իր գործընկերներին կոչ է արել պահպանել կոռեկտությունը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք չափերը չի անցնում, և մենք բացառապես կողմնակից ենք խորհրդարանում երբեմն նաև  սուր, խիստ քննադատությունների` սակայն ոչ էթիկայի կանոններից դուրս»,- ընդգծեց նա:

Շարմազանովը խոսեց նաև ընդդիմադիրների` Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարությունների մասին ՝ ընդգծելով, որ ճգնաժամ կա միայն ընդդիմության շարքերում: «Կառավարման ճգնաժամ բառակապակցությունն օգտագործելուց առաջ նախ պետք է իմանալ դրա իմաստը: Կառավարման ճգնաժամ լինում է այն ժամանակ, երբ Ազգային Ժողովի մեծամասնությունն այլևս չի կարողանում իրականացնել իր գործառույթները՝ քվորում ապահովել, երբ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ չի կարողանում իրականացնել իր վրա դրված գործառույթները, երբ հանրապետության Նախագահը չի կարողանում կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները: Եվ ես չեմ կարծում, որ ձեզանից որևէ մեկը մեծ ցանկության դեպքում կարող է մատնանշել գոնե մեկ փաստ, որ այս իշխանությունները այս հարցում թերացել են: Դրա համար բոլոր նմանատիպ հայտարարությունները ես դիտարկում եմ որպես փոթորիկ մեկ բաժակ ջրում»,- եզրափակեց Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր, մասնավորապես, ամփոփվել են արդեն ավարտված ԱԺ քառօրյայի ընթացքում քաղաքական մեծամասնության կատարած աշխատանքները, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Անցյալ կիրակի հանրապետության 13 համայնքներում տեղի են ունեցել ՏԻմ ընտրություններ, և 9 համայնքներում քաղաքացիներն ընտրել են քաղաքական մեծամասնության թեկնածուներին:

Կադրային հարցեր ՀՀԿ ԳՄ նիստում չեն քննարկվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am