Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հունաստանը ճգնաժամից հետո նոր թափով է պատրաստ խորացնել Հայաստանի հետ կապերը. Պապուլիաս

Հունաստանը ճգնաժամից հետո նոր թափով է պատրաստ խորացնել Հայաստանի 
հետ 
կապերը. Պապուլիաս

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Հունաստանի  տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերություններին, և երկու պետությունների խնդիրն է դրանք հասցնել  նույն  մարադակի: Այս մասին հայ- հունական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կարևորելով Հունասատանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը: ՀՀ նախագահը հույն գործարարներին պատմեց Հայաստանում կատարվող օրենսդրական և կառուցվածքային այն փոփոխությունների մասին, որոնք հարմարավետ միջավայր են ստղծում օտարերկրյա ներդրողների համար: «Տնտեսական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկու ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի` մեր ժողովուրդները ձեռք են բերել բազում ընդհանրություններ, ինչն էլ նպաստում է մեր միջև հարաբերությունների խորացմանը: Գործարար համաժողովը լավ առիթ է նոր շուկաների բացահայտման համար: Հայաստանում շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք հարմար պայմաններ և ներդրումային լավ միջավայր են ստեղծում ներդրողների համար: Խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք ցուցաբերել նաև անհատական մոտեցում` կիրառելով հատուկ արտոնություններ այդ ընկերություններն ազատելով նաև շահութահարկից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիակա տնտեսական միությանը` շեշտելով, որ դա լավ հնարավորություն է  ներդրողների համար նոր շուկաներում ներգրավման համար:

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն իր հերթին վստահեցրեց հայ գործարարներին, որ Հունաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետևանքները և պատրաստ է նոր թափով սկսել համագործակցությունը Հայաստանի հետ: «Մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ եղել են սերտ և բարեկամական: Հույները և հայերը ունեն ընդհանուր արժեքներ և ավանդույթները: Հարաբերությունների ամրապնդմանը նպաստում են նաև մեր գաղութները միմյանց երկրներում: Հայաստանի և Հունաստանի համար սա ևս մեկ քայլ է բոլոր ոլորտներում մեր հարաբերությունների խորացման համար»,- ասաց Հունաստանի նախագահը: Նա նշեց, որ Հունաստանի վարկանիշի արագ բարելավումը ներդրումային նոր հնարավորություններ է ստեղծում և առաջարկեց հայ գործարարներին ևս օգտվել այդ հնարավորություններից: «Մենք տնտեսական ոլորտում արդեն ունենք կապեր, սակայն դա չի հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին»,- հավելեց նա:

Հայաստանի և Հունաստանի  միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատվել են դեռևս 1992 թվականից: Ներկայումս երկու պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազում է տարեկան ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Հունաստան արտահանման հիմնական ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ:

Ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am