Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման հետեւանքները. մեկնաբանում են փորձագետները

Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման հետեւանքները. մեկնաբանում են 
փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռուբլու շարունակական արժեզրկման և Ռուսաստանի  նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է և այն, որ Հայաստան հասնող տրանսֆերտների հինական մասը ռուսական արժույթով է, ապա ֆինանսական դաշտում փոփոխություններն անխուսափելի են: Սակայն փորձագիտական դաշտը դեռևս խուսափում է կանխատեսումներ կատարել սպասվող ազդեցությունների ծավալի վերաբերյալ` նշելով, որ դրանք կախված են քաղաքական զարգացումներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խուսափեց ներկա փուլում կանխատեսումներ կատարել` պատճառաբանելով, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված է քաղաքական գործընթացներից: «Ներկայումս դժվար է ասել, թե արդյոք  այս իրողությունը տևական կլինի և զարգացման ինչպիսի ուղղություն կունենա: Ռուսական և արևմտյան փորձագետները միակարծիք չեն այս հարցում: Նրանց  մի մասը նշում է, որ այս գործընթացների արդյունքում կխթանվի Ռուսաստանի ներքին արտադրությունը, մյուսներն էլ լավատես չեն: Ամեն ինչ կախված է Ուկրաինայի շուրջ քաղաքական զարգացումներից:  Տնտեսական զարգացումները կապված  են ուկրաինական հարցի լուծման հետ»,- ասաց Մինասյանը:

Հարցի շուրջ այլ տեսակետ ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա կանխատեսմամբ` ռուսական տնտեսությունում կատարվող զարգացումների բացասական ազդակները սպասեցնել չեն տա: «Բացասական ազդեցությունն առաջին հերթին զգալի կլինի տրանսֆերտների և դրամական փոխանցումների վրա: Կարծում եմ` բացասական ազդեցությունները կհասնեն ճիշտ այն չափերի, որքանով ռուբլին Հայաստանում շրջանառվում է: Ազդեցություն կլինի նաեւ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասով, քանի որ այնտեղ սպասվող գնաճը չի շրջանցի Հայաստանը: Այն, ինչ կապված է փողի շրջանառության և արժույթի տատանումների հետ, ավելի շուտ է դրսևորվում: Այդ առումով հակված եմ մտածելու, որ մոտակա օրերին էլ ռուբլու արժեզրկման ազդեցությունները կզգացվեն»,- ասաց Բոստանջյանը: Սակայն նա ավելի լավատես է իրական տնտեսության մեջ սպասվող «ցնցումների» մասով, քանի որ, տնտեսագետի խոսքով, պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները մեծ տարածում չունեն Հայաստանում:

Ռուսական ռուբլու արժեզրկումը սկսվել է դեռ տարեսկզբից, սակայն ուկրաինական ճգնաժամի հետևանքով արժեզրկման տեմպն արագացավ։ Գործընթացը շատ փորձագետներ անվանեցին «ազատ անկում»` հաշվի առնելով այն, որ արժեզրկումը տևական ժամանակ չէր դադարում: Սեպտեմբերի 15-ին ռուբլին գրանցեց պատմական նվազագույն շեմը և մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am