Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առանց հոբիի գիտությամբ զբաղվել հնարավոր չէ. Նախագահին հյուրընկալված աշակերտներ

Առանց հոբիի գիտությամբ զբաղվել հնարավոր չէ. Նախագահին հյուրընկալված 
աշակերտներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահից պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ ստացած` «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրները, ոսկե մեդալով դպրոցն ավարտածներն ու առարկայական միջազգային օլիմպիադաների մեդալակիրները գիտական հետաքրքրություններից զատ ունեն նաև տարբեր հոբիներ: «Արմենպրես»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ` փորձելով ճշտել նրանց մասնագիտական կողմնորոշումները, դասերից դուրս նրանց հետաքրքրությունները:

Միջազգային առարկայական օլիմպիադայում կենսաբանություն առարկայից բրոնզե մեդալի արժանացած Արման Սիմոնյանը, կենսաբանությունն ուսումնասիրելով, ձեռք է բերել դեռ մանկությունից իր մոտ առաջացած հարցերի պատասխանները: «Ինձ մոտ հարցեր էին առաջանում դեռ մանկությունից, որոնց պատասխանները ես փնտրում էի անընդհատ: Այժմ ես կարող եմ ավելի մասնագիտական առումով մոտենալ հարցերին ու գտնել ինձ բավարարող պատասխաններ` բացահայտելով նոր երևույթներ, որոնք ինձ մոտ առաջացնում են նոր հետաքրքրություն»,- ասաց Արմանը Սիմոնյանը:

Գիտական պարապմունքներից զատ Արմանը զբաղվում է նաև նկարչությամբ և քանդակագործությամբ: «Արվեստը թույլ է տալիս զգացմունքներն արտահայտել և մեծ օգուտ է տալիս կենսաբանություն ուսանելիս: Արվեստով հանգստանում ես, առանց հոբիների հնարավոր չէ»,- ընդգծեց աշակերտը:

Հարցին ի պատասխան, թե կենսաբանությունն արտահայտվում է Արմանի կողմից արարվող արվեստի գործերում` նա ասաց. «Այո, նաև արվեստն է արտահայտվում կենսաբանության մեջ, ինչը թույլ է տալիս մտածել առավել կրեատիվ, ավելի ընդլայնել աշխարհայացքը»:

Արման Սիմոնյանը հաջորդ տարի կավարտի դպրոցն ու մտադիր է մասնագիտանալ կեսնաֆիզիկայի, գենետիկայի, կենսաինժեներիայի ոլորտներում: «Գիտությունը կլինի առաջնահերթ, բայց արվեստը կլինի կարևոր դիրքում իմ կյանքում»,- հավելեց տղան:

«Հայբուսակ» համալսարանի Շիրակացի մասնաճյուղի միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Արաքսյա Առաքելյանը սեպտեմբերի մեկից ձեռք կբերի նոր` ուսանողի կարգավիճակ: Արաքսյան ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետ: «Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, վաղուց էի երազում դառնալ իրավաբան և հուսով եմ` կծառայեմ մեր երկրին որպես իրավաբան: Հատուկ պատրաստվում եմ ուսանողի կարգավիճակին` նոր նպատակներ, պլաններ, որ իրագործելու եմ որպես ուսանող, ոգևորություն, որն աննկարագրելի է ուղղակի»,- նշեց շրջանավարտը:

Արաքսյան շատ է սիրում դաշնամուր նվագել և կփորձի այդ զբաղմունքը համատեղել իրավաբանի մասնագիտության հետ:

Երևանի Ֆիզւկա-մաթեմատիկական դպրոցի շրջանավարտ Վարդգես Մամբրեյանն էլ, ով Դպրոցականների միջազգային օլիմպիադայում ֆիզիկայից արժանացել է արծաթե, իսկ աստղագիտությունից` բրոնզե մեդալի, ուզում է օգտագործել իր ողջ ներուժը անընդհատ կրթվելու միջոցով: «Կփորձեմ դրսի լավ համալսարան ընդունվել: Ապագայում ինձ պատկերացնում եմ գիտության մեջ»,- հայտնեց Վարդգեսը:

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ վաստակած Տիգրան Գալստյանն այս սեպտեմբերից կուսանի Երևանի պետական համալսարանի Ինֆորամտիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: «Հետաքրքրությունն այս բնագավառի հանդեպ առաջացել է դպրոցի յոթ-ութերորդ դասարաններից: Ճիշտն ասած` ես դեռ չեմ պատկերացնում իմ դերը Հայաստանի ապագայի մեջ, դեռ կսովորեմ, կտեսնեմ»,-ասաց Տիգրանը` հայտնելով, որ արտասահմանում ուսումը շարունակելու ցանկություն ունի:

Տիգրան Գալստյանի խոսքով` իր հասակակիցների նման ինքն էլ հետաքրքրվում է սպորտով` ֆուտբոլով, բասկետբոլով, ինչպես նաև երաժշտությամբ:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի բացարձակ հաղթող, գյումրեցի, 10-ամյա Մերի Ավետիսյանի ամենասիրած առարկան մաթեմատիկան է, բայց ցանկանում է իրավաբան դառնալ: Իսկ այն մասին, թե ինչպես ստացվեց, որ այդքան լավ գիտի մաթեմատիկա, Մերին նշեց. «Ես հենց առաջին դասարանից մայրիկիս հետ մաթեմատիկայի վրա շատ էի աշխատում, տրամաբանություն էի սիրում շատ»,- պատմեց աշակերտուհին:

Մերիի խոսքով` մրցույթի վարժությունները շատ բարդ չեն եղել, երկար մտածելու դեպքում հնարավոր է եղել բոլոր խնդիրներն էլ լուծել: «Օտար լեզուներ եմ սիրում, պարի եմ հաճախում, մարմնամարզության»,- նշեց Մերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 29-ին իր նստավայրում հյուրընկալել էր «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին, 2013-2014 ուստարվա մեդալակիր շրջանավարտներին, դպրոցական միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am