Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոցցանցերում սկսված սելեկտիվ աբորտների դեմ արշավը կարող է նվազեցնել դրանց թիվը

Սոցցանցերում սկսված սելեկտիվ աբորտների դեմ արշավը կարող է նվազեցնել դրանց 
թիվը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշով Հայաստանը երրորդն է աշխարհում` Չինաստանից և Ադրբեջանից հետո: Բայց մեր երկիրն առաջատար է  տարածաշրջանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Ողջունելով սոցիալական ցանցերում սկսված սելեկտիվ աբորտների դեմ արշավը`  նա նշեց, որ սոցիալական արշավը հանրային կարծիքի և վարքագծի փոփոխությանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որը օրենսդրական փոփոխությունների հետ համըթնաց պետք է  իրականացվի երկրում` հասարակության իրավագիտակցությունը խնդրի շուրջ բարձրացնելու համար: Սարիբեկյանը նաև լիահույս է, որ այս տարվա ցուցանիշների ամփոփումով արդեն սելեկտիվ աբորտների թվի նվազում կարձանագրվի:

Հղիության արհեստական ընդհանտումներն օրենսդրորեն թույլատրելի են մինչև 12 շաբաթական հղիությունը` կնոջ կամքով: Անգամ գրավոր դիմում դրա համար չի պահանջվում: 12 շաբաթականից հետո աբորտները թույլատրվում են միայն  սոցիալական կամ առողջական ցուցումներից ելնելով: Աղքատությունը հղիության ընդհատման սոցիալական ցուցում չի կարող լինել, այդ ցուցումները հստակ ամրագրված են օրենսդրությունում` հղիություն բռնաբարությունից հետո, հղիության ընթացքում ամուսնու մահ, կնոջ կամ նրա ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը և ծնողական իրավունքից զրկվելը: 

«Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ չկան վիճակագրական տվյալներ, քանի որ երեխայի սեռը հղիության ընդհատման ցուցում չի հանդիսանում: Վիճակագրությունն իրականացվում է անուղղակի ճանապարհով` ծնված աղջիկ և տղա երեխաների քանակի հաշվարկումների միջոցով: Առաջին երեխայի դեպքում մենք չունենք սելեկտիվ աբորտի խնդիր, երկրորդ երեխայի պարագայում կարծես թե գործընթացն սկսվում է, սակայն ակնհայտ չէ և երրորդ երեխայի դեպքում տղաների և աղջիկների հարաբերակցությունը շատ մեծ է. 100 աղջկա դիմաց ծնվում է մոտ 160 տղա»,- ներկայացրեց ՀՀ ԱՆ աշխատակիցը:

ՄԱԿ բնակչության հիմնադրամի և մեր փորձագետների հետազոտության արդյունքներով` Հայաստանում տարեկան միջինում 1500-2000 աղջիկ չի ծնվում միայն սեռով պայմանավորված ընհատումների հետևանքով, որը մասնագետների գնահատմամբ` ապագայում կհանգեցնի ժողովրդագրական անհավասարակշռության:

ՄԱԿ բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը մոտ 20 տարվա պատմություն ունի և պայմանավորված է երեք հիմնական պատճառներով: Առաջինը հայ ժողովրդի շրջանում պատրիարխալ հասարակություններին բնորոշ տղաների նախապատվությունն է, երկրորդը`ծնելիության անկումն է, երբ անկախությունից հետո Հայաստանում գրանցվեց ծնելիության կրկնակի անկում և վերջապես երրորդը` տեխնոլոգական զարգացումը, որը թույլ տվեց մինչ երեխայի ծնունդը պարզել նրա սեռը: Հայրապետյանի խոսքով` 1993 թվականից ի վեր Հայաստանում ծնված տղաների թիվը 50 հազարով ավելի շատ է, քան աղջիկ երեխաներինը, ինչն էլ վկայում է, որ արհեստական ընդատումների մեծ մասը պայմանավորված է սեռով:

«Միակ լուծումը մտածելակերպի փոփոխությունն է, իսկ դա մեկ օրվա կամ մեկ տարվա խնդիր չէ:  Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բարվոք չէ և եթե նույն տեմպերով շարունակվի այս միտումը, ապա մեր կանխատեսումներով`մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 100 հազար աղջիկ երեխա»,- հայտարարեց նա:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, գնահատելով «Իսկ դու ունես աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի ազդեցությունը մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման և խնդրի շուրջ հասարակական վարքագծի փոփոխման առումով, արձանագրեց, որ  այն իր մասակայանությամբ և ազդեցությամբ մոտ էր ընտրություններին: «Հասարակության մեջ խնդիրը կա, բայց որոշ հատվածի մոտ տեղի ունեցավ նոր գիտակցության բարձրացում: Սա առաջին քայլն էր: Եթե նայենք այլ երկրների` կան ավելի ծայարհեղ մոտեցումներ, օրինակ` Իռլանդիայում եկեղեցին արգելում է արհեստական ընդհատումները: Կան երկրներ էլ, ուր այս թեման հասել է կուսակցական օրակարգի մակարդակի»,-  նշեց Մարտիրոսյանը:

Ասուլիսին ներկա էր նաև ֆլեշմոբի նախաձեռնողներից Արամազդ Ղալամքարյանը, ով մտածելակերպը փոխելու գործիքներից մեկն էլ համարում է անկեղծ խոսքը, որն այս դեպքում արտահայտվեց ֆլեշմոբի տեսքով: «Ես իմ տեսակետն եմ արտահայտել` որպես աղջկա հայր և իմ անկեղծ խոսքն եմ ուղղել ապագա հայրերին»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am