Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանյան ամառ» բուժակցիայի շրջանակում 15 օրում բուժհաստատություններ է դիմել 1373 քաղաքացի

«Երևանյան ամառ» բուժակցիայի շրջանակում 15 օրում բուժհաստատություններ է դիմել 
1373 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ ծրագրում ներառված առողջապահական 15-օրյա ակցիայի արդյունքներով, օգոստոսի 1-ից 15-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 1373 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 415 քաղաքացի լրացուցիչ հետազոտությունների ու խորհրդատվության համար ուղեգրվել է նեղ մասնակգիտական ստացիոնար բուժհաստատություններ՝  Քաղաքային էնդոկրին դիսպանսեր, Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ։ Ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներից 112-ն ուղեգրվել են համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության։

«Ակցիայի օրերի ընթացքին քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հետևել է պարբերական շրջայցերով, նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն է այցելել պոլիկինիկաներ։ Մենք հորդորել էինք բուժաշխատողներին ակտիվ լինել նաև քաղաքացիներին ներգրավելու հարցում։ Ճիշտ է՝ 1373 քաղաքացի է օգտվել ամառային ակցիայից, բայց, հաշվի առնելով որ արձակուրդային սեզոն է, ինչպես նաև առողջապահական գարնանային ակցիային աննախադեպ բարձր դիմելիությունը՝ 26.400 քաղաքացի, կարծում եմ՝ այս անգամ էլ ակցիան լիովին ծառայեց նպատակին։ Տարվա երկու կիսամյակում մեկական անգամ անցկացվող այս ակցիաներն ունեն ոչ միայն սոցիալական մեծ նշանակություն (հիշեցնեմ, որ գարնանը ակցիայով 2000 քաղաքացի է անվճար վիրահատվել), այլ, նախևառաջ, կանխարգելիչ ուղղվածություն։ Այդպիսով, Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հնարավորություն է ընձեռում, հետևողականորեն յուրովի կոչ է անում քաղաքացիներին՝ հետևել առողջությանը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ «Երևանյան ամառ» ակցիայի օրերին պոլիկլինիկաներ դիմած և մասնագիտական բուժհաստատություններ ուղեգրված բոլոր քաղաքացիները կստանան հասանելիք բուժզննումը, եթե մինչև օգոստոսի 15-ը չեն հասցրել հետազոտվել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանը 2014թ. գնել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություն համարվող համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության 15 մլն դրամ արժողությամբ փաթեթ և համապատասխան ուղեգրման առկայության դեպքում երևանցիները մինչև տարեվերջ էլ կարող են օգտվել այդ բուժծառայությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am