Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂՀ կառավարությունը ցանկանում է վերականգնել արցախյան գորգարվեստի ավանդույթները

ԼՂՀ կառավարությունը ցանկանում է վերականգնել արցախյան գորգարվեստի 
ավանդույթները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին երկու հիմնական ուղղություն ունի: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: «Առաջինը մշակութային ինքնության վերականգնումն ու պահպանումն է, երկրորդը՝ հենց մշակույթի միջոցով Արցախն աշխարհին ներկայացնելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ մշակութային ինքնության պահպանումն իրենք փորձում են անել հիմնականում ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ, քանի որ Արցախում հուշարձանների պահպանությունը գտնվում է զբոսաշրջության և պատմական միջավայրերի վարչության ենթակայության տակ: «Մշակույթի նախարարության լիազոր մարմինը զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ թանգարաններով և գրադարաններով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վերջին տարիներին իրենք ոչ մշակութային ժառանգության ուղղությամբ բավականին քայլեր են ձեռնարկել:

Մասնավարապես, նախարարը տեղեկացրեց, որ հենց մշակույթի նախարարությունում ստեղծվել է Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոն: Ղուկասյան եղբայրները շուշեցի այն հովանավորներն են, ում միջոցներով 100 տարի առաջ կառուցվել է նախարարության շենքը և նրանց անունով ստեղծվել է այդ կենտրոնը: «Այդ կենտրոնի միջոցով մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում: Նախ, եթե խոսենք ընթացիկ ծրագրերի մասին, ապա աշխատանքներ ենք տարել առկա նյութերը հավաքագրելու ուղղությամբ և երկու կարևոր մրցույթներ ենք հայտարարել, և հիմա արդեն դրանց ամփոփման ժամանակն է»,- ասաց նախարարը:

Առաջին մրցույթը, որ հայտարարվել է նախարարության կողմից, արցախյան գորգարվեստի մրցույթն է, երկրորդը՝ «Տոհմածառ» մրցույթը: Նարինե Աղաբալյանն ընդգծում է, որ գորգարվեստը արցախյան մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչն է, քանի որ Արցախը հայտնի է եղել որպես գորգագործության և գորգարվեստի նշանավոր կենտրոն: «Եվ ուղղակի բոլորդ ականատես եք, թե ինչպես ենք մենք կորցրել այդ ժառանգությունը՝ պատշաճ ուշադրություն չդարձնելով: Այսօր աշխարհում արցախյան գորգերը ներկայացվում են որպես ադրբեջանական կամ, լավագույն դեպքում, որպես կովկասյան գորգեր»,- ասաց նա:

Այսօր ԼՂՀ  մշակույթի նախարարությունն այդ ուղղությամբ հստակ քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, Շուշիում բացվել է գորգերի թանգարանը, որը թեև իրենից մասնավոր հավաքածու է ներկայացնում, սակայն գործում է պետական աջակցությամբ: Այստեղ շատ լավ հիմքի վրա է դրվել պետություն-մասնավոր համագործակցությունը: «Նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանում մենք անընդհատ համալրում ենք մեր գորգերի հավաքածուն և պատրաստվում ենք նաև գիտական ուսումնասիրություններ հրատարակել արցախյան գորգերի վերաբերյալ: Դա արվում է գորգագործության վերականգմանը զուգահեռ: Այսինքն, մենք այստեղ գործում ենք տարբեր ուղղություններով: Մի կողմից`կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Արցախում գորգագործությունը վերականգնվի, մյուս կողմից մշակույթի նախարարությունը  փորձում է վերականգնել հենց գորգագործության ավանդույթները, որովհետև արցախյան գորգերն ունեն առանձնահատկություններ, և մենք պետք է փորձենք դրանք վերականգնել ու պահպանել»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ արցախյան գորգարվեստի մրցույթ է հայտարարվել, որպեսզի ճանաչելի դարձվի արցախյան գորգը, որովհետև բնակիչներից շատերը չեն էլ ճանաչում, թե որն է արցախյան գորգը: Նրա խոսքով, առաջին հերթին դա պետք է ճանաչելի լինի արցախցիների և առհասարակ հայերի համար: «Մենք այս մրցույթի շրջանակներում պայման ենք դրել, որպեսզի անպայման լինի արցախյան գորգերի կրկնապատկերը: Մրցույթն արդեն ավարտվին է մոտենում, և մոտակա օրերին մենք կամփոփենք արդյունքները»,- ասաց Աղաբալյանը:

Անդրադառնալով տոհմածառի մրցույթին՝ Աղաբալյանը նշեց, որ այն ևս շատ կարևոր և յուրահատուկ է: «Մեր խնդիրները գալիս են նաև նրանից, որ կտրվել է կապը մեր արմատների հետ: Եթե հարցնեք, երևի շատ քչերը կարող են հիշել իրենց տատ ու պապի ծնողների անուն ազգանունները կամ որևէ տվյալ: Դրա համար մենք մտածել ենք իրականացնել այս ծրագիրը, որպեսզի մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրենք իրենց նախնիների վրա և այս մրցույթի միջոցով փորձենք վերականգնել այդ կապը: Պայման է դրվել 150 տարվա կտրվածքով ներկայացնել սեփական տոհմածառը»:

Նախարարն ընդգծեց, որ այս մրցույթի համար էլ արդեն բավականին հայտեր են ընդունվել և դարձյալ մոտ օրերս կամփոփվեն արդյունքները: Նա նաև ընդգծեց, որ այս մրցույթներն այսուհետ ամենամյա բնույթ են կրելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]