Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Քենդլ» ինստիտուտը հաջողությամբ ավարտեց «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի ստեղծման աշխատանքները

«Քենդլ» ինստիտուտը հաջողությամբ ավարտեց «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի 
ստեղծման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՐԵԱԼ»( Advanced Research Electron Accelerator Laboratory) գծային արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումներն ավարտվել են, իրականացվել է արագացուցչի գործարկման որոշիչ ավարտական փուլի` էլեկտրոնների առաջին փնջի ստացումը: «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում հուլիսի 22-ին տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի բացումը:

«ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովի խոսքով` սա պատմական իրադարձություն է թե «ՔԵՆԴԼ» ինստիտուտի աշխատակազմի, թե Հայաստանի գիտության զարգացման համար: «Այս տեսակ ծրագրերը շատ բարդ են իրականացման տեսանկյունից: Մենք խոսում ենք գերժամանակակից արագացուցչի մասին, որը ղեկավարվում է լազերային համակարգով: Այստեղ շատ կարևոր է նշել, որ գերմանական ու շվեյցարական ընկերությունների հետ համագործակցությունը եղել է ոչ միայն մասնագետների պատարաստման տեսանկյունից, այլև իրենք նյութական օժանակություն են ցուցաբերել ծրագրին` տրամադրելով գերժամանակակից սարքավորումներ, ինչն անգնահատելի աջակցություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վասիլի Ցականովը` հույս հայտնելով, որ առաջիկայում կսկսվի նաև ծրագրի երկրորդ փուլը:

«ԱՐԵԱԼ» նախագծի ղեկավար Բագրատ Գրիգորյանը ներկայացրեց արագացուցիչը, նշեց դրա կիրառման ոլորտները: «Այն կիրառվում է նյութագիտության մեջ, նոր ճառագայթային աղբյուրներ ստեղծելու նպատակով, տիեզերական տարածության ուսումնասիրության համար: Նման արագացուցիչներ կառուցվում են տարբեր երկրներում` զուտ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացման նպատակով: Այսօր գիտության մեջ օգտագործվում են նմանատիպ սարքեր, ինչպես ժամանակին բժշկության մեջ ռենտգենյան ճառագայթման սարքերը: Այսինքն` այս սարքը կարող է ծառայել խիստ նպատակների, որոնք հնարավոր չեն այլ սարքերի կիրառմամբ»,-փաստեց նախագծի ղեկավարը: Նրա հավաստմամբ` սարքի փորձարկումները տեղի են ունենում հեռակառավարմամբ:

«Աշխատանքի ընթացքում այս համակարգը գործում է ինքն իրենով` առանց մարդկային մասնակցության, ամբողջ ղեկավարումն իրականանում է ղեկավարման սենյակից, փորձնական տվյալները ևս հավաքվում են ղեկավարման սենյակից»,- տեղեկացրեց մասնագետը: Նախագծի ղեկավարի հավաստմամբ` անվտանգության բոլոր միջոցառումներն իրականացված են: Առկա է հատուկ սարք, որը ցույց է տալիս ճառագայթման աստիճանը: «ՔԵՆԴԼ» ինստիտուտում աշխատում է 60 գիտաշխատող, ովքեր բոլորն էլ ներգրավված են «ԱՐԵԱԼ» արագացուցչի ստեղծման աշխատանքներում:

«Ամեն մեկն իր փոքր մասնիկը դրել է` հաշվարկներով, կառուցման մեջ: Հպարտորեն կարող եմ ասել, որ մեր երիտասարդ մասնագետների օգնությամբ շատ բաղկացուցիչ մասեր են կառուցվել այս արագացուցչի համար, որոնց համար արտասահմանում մեր կարգավիճակում գտնվող ինստիտուտները դիմում են երրորդ ընկերություններին, որ պատվիրեն ու պատրաստեն դա: Իսկ մեզ մոտ այս մեքենայի կառուցմանը զուգահեռ զարգացել է նաև տեխնոլոգիան: Մեր երիտասարդ մասնագետները մեծամասամբ տիրապետում են դրան: Վերապատրասման ծրագրեր եղել են լազերային համակարգի համար, բայց ոչ ինժեներական գծով, քանի որ մեր ինժեներական ներուժն իրեն փայլուն դրսևորեց այս մեքենայի կառուցման ժամանակ»,-ընդգծեց «ԱՐԵԱԼ» նախագծի ղեկավարը:

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիտարկմամբ` «ԱՐԵԱԼ»-ը, հիմնականում, նախատեսված է խաղաղ խնդիրների լուծման համար` ի տարբերություն «Արուս»-ի, որը երկակի նշանակության արագացուցիչ է: Ինչ վերաբերում է մասնագետների խնդրին, ապա Սամվել Հարությունյանը հորդորեց հանգիստ լինել, քանի որ Հայաստանը մեծ ներուժ ունի ու հարուստ է մարդկային ռեսուրսներով: «30 երիտասարդ մասնագետ վերջին տարիներին վերապատրաստվել է Շվեյցարիայում, Գերմանիայում, Անգլիայում: Նրանք այնպիսի մասնագետներ են, որ կարող են հենց վաղվանից աշխատել, մենք մարդկային ռեսուրսներով հարուստ ենք ու շատ խելացի մասնագետներ ունենք»,-ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը:

«ԱՐԵԱԼ» նախագիծն իրագործվել է Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի և Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Նախագծին խորհրդատվական ծառայություններ են մատուցել ռուս, չինացի, ամերիկացի, ֆրանսիացի և իտալացի գիտական շրջանակները: «ՔԵՆԴԼ» ծրագրի երկրորդ փուլում կստեղծվի մեկ այլ սարք` մեծ, օղակաձեւ արագացուցիչ: ՔԵՆԴԼ ծրագիրը մշակվել է հայ գիտնականների կողմից 2002 թվականին ու միջազգային փորձագիտական հանձնաժողովի կողմից արժանացել է լուրջ գնահատականի: Տասը տարվա ընթացքում ծրագրի ընթացքի մասին զեկուցվել է աշխարհի և Հայաստանի 80-ից ավելի համաժողովներում: Այդ ժամանակահատվածում արագացուցիչի նախագիծն աշխարհում շարունակում է լինել առաջատարներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am