Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բերդի կանանց ձեռագործ պայուսակների մասին գիտեն նաեւ արտասահմանում

Բերդի կանանց ձեռագործ պայուսակների մասին գիտեն նաեւ արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ ամիս է, Տավուշի մարզի Բերդ քաղաքի կանայք ձեռագործ արջուկներին զուգահեռ ներկայանում են նոր արտադրանքով: Այժմ Բերդի կանայք պատրաստում են էկոլոգիապես մաքուր handmade պայուսակներ, որոնք կարճ ժամանակահատվածում մեծ պահանջարկ են վայելում: Վաճառքի հենց առաջին օրը կանայք ունեցել են 20 պատվեր. օրեցօր պատվերների թիվը ավելանում է ու  հայկական handmade պայուսակների մասին գիտեն նաեւ արտասահմանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անահիտ Բադալյանը շեշտում է, որ պայուսակները ոչ միայն էկոլոգիապես մաքուր հումքից են պատրաստված, այլեւ շատ մատչելի են ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ տեղացիների համար:

Մինչ պայուսակների արտադրությունը, Բերդի կանայք նախ անցել են հատուկ պատրաստություն եւ դասընթաց:  Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ «Բիզնես հնարավորություններ և աջակցություն՝ Բերդի տարածաշրջանի գործազուրկ կանանց» ծրագրի շրջանակներում կարիքավոր ընտանիքների գործազուրկ կանանց համար անցկացվել են հելյունագործության ու կարի թրեյնինգներ, ձեռք է բերվել կարի մեքենա, այնուհետև թիմն անցել է գործի:

Պայուսակների արտադրությանը զուգահեռ, այժմ կենտրոնում զբաղվում են նաեւ մարկետինգով: Բերդի կանանց նպատակն է կայք բացել, որպեսզի կայքի միջոցով պատվիրեն եւ էլեկտրոնային վճարում կատարելով` հնարավորություն ունենան պայուսակներն առաքել: Սա ընդունված տարբերակ է ամբողջ աշխարհում եւ օգնում է թե' հաճախորդներին, թե' արտադրողներին: Սակայն այդ հարցում կանայք հանդիպել են որոշակի խոչընդոտների:

«Հայաստանում էլեկտրոնային եղանակով վճարման համակարգը կարծես կիսատ է գործում, հիմա ուսումնասիրում ենք, տեսնենք, թե ինչ արդյունավետ ու կարճ ճանապարհ կարող ենք գտնել, որ գնորդի գործը հեշտացնենք»,-ասաց հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ ամառային սեզոնի առիթով այժմ զեղչեր են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր ձեռք կբերեն մեկից ավելի պայուսակներ:

Բացի պայուսակներից, Բերդի կանայք շուտով կներկայացնեն նաեւ թեյեր: Այժմ կանայք անցնում են հատուկ վերապատրաստում, ուսումնասիրում են խոտաբույսերը, որպեսզի օգոստոսից ներկայացնեն նաեւ տարբեր խոտաբույսերով թեյերի տեսականին: Ուրց, դաղձ, նանա, մասուր եւ տարբեր խոտաբույսերով թեյերը կփաթեթավորեն յուրահատուկ նախշերով կտորե տոպրակներում: «Սա հերթական մի քայլն է, որի նպատակն է, աջակցել կանանց հաղթահարելու գործազրկությունն ու աղքատությունը: Տավուշի մարզում աղքատությունն ու գործազրկությունը շատ մեծ է: Նման նախաձեռնությունների շնորհիվ փորձում ենք կանանց աջակցել, սովորեցնել վստահել սեփական ուժերին եւ գումար վաստակել: Սա նաեւ փոխում է հոգեբանությունը, երբ մարդը տեսնում է, որ կարող է ստեղծել, արարել եւ վաստակել, այլեւս չի նայում ուրիշի ձեռքին եւ չի դժգոհում»,- ասաց Անահիտ Բադալյանը:

Սա Բերդի կանանց երկրորդ նախաձեռնությունն է: Արդեն 3 տարի է Բերդի կանայք աշխարհին զարմացնում են ձեռագործ արջուկներով, որն արդեն լայն ճանաչում ունի արտասահմանում: Հիմնական պատվերները գալիս են ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, իսկ վերջերս էլ կազմակերպությունը ստացել է հավաստագիր, ինչն ապացուցում է, որ Բերդի արջուկները էկոլոգիապես մաքուր են եւ պատրաստված բարձրորակ հումքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am