Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Աղաղակող փաստերի և իրողության դեմ ադրբեջանցիների ճամարտակությունները դատապարտված էին ձախողման. Արփինե Հովհաննիսյան

Աղաղակող փաստերի և իրողության դեմ ադրբեջանցիների ճամարտակությունները 
դատապարտված էին ձախողման. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մանրամասները, որի ժամանակ ընդունվել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը դատապարտող բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, մայիսի 26-27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ներառված էր նաև «Դատապարտված անձանց փոխանցման մասին»  կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» ԵԽԽվ բանաձևի նախագիծը: Այն վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին: Բանաձևն ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումը եղել է կոնվենցիայի չարաշահում և հակասում է բարի կամքի և իրավունքի գերակայության սկզբունքներին: 
Բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի կողմից չարաշահվել է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի նպատակը առավելապես մարդասիրական է, և այն չպետք է օգտագործվի այլ նպատակներով:
Նշեմ, որ ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում, միևնույն է, փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ:
Շնորհակալ եմ զեկուցողին` անաչառ և անկողմնակալ փաստաթուղթ ներկայացնելու, իսկ եվրոպացի գործընկերներիս` արդարությանը և իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան գնահատականների ու քվեարկության համար»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը Ռամիլ Սաֆարովի գործով` որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարեխիղճ  մտադրությունների սկզբունքների խախտում»:  Բանաձևում նշվում է, որ 12-րդ հոդվածի կիրառման նպատակն է նպաստել ազատազրկման դատապարտվածների վերականգնմանն ու վերաինտեգրմանը: Միաժամանակ, բանաձևում մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:

Բանաձևում հիշեցվում է, որ Սաֆարովը դատապարտվել էր 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դասընթացներին մասնակցող  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: «Եվ ահա, Ադրբեջանում նա ընդունվել է որպես ազգային հերոս, ու դեռևս Հունգարիայի դատարանի կողմից նրա նկատմամբ սահմանված պատժի նվազագույն ժամանակահատվածը չլրացած, նրա նկատմամբ անհապաղ կիրառվեց համաներում, Սաֆարովին արժանացրին տարբեր բարձրաստիճան պարգևների»,- ասված է բանաձևում:

Դրանում ընդգծվում է, որ «12-րդ հոդվածը չի նախատեսում քաղբանտարկյալների արտահանձնումից հետո անհապաղ ազատ արձակում, այլ արտահանձնման դեպքերում ընդգծում է օրենքի գերակայությանը հավատարմությունը, որովհետև այն կարող է առաջացնել քաղաքական ու դիվանագիտական հետևանքներ»:

Բանաձևի նախագիծը կներկայացվի ԵԽԽՎ  լիագումար նիստի քննարկմանը 2014 թվականի ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am