Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ԵՄ-ն կզարգացնի հարաբերություններ Հայաստանի հետ այնպես, որ չխանգարի Մաքսային միությանն անդամակցությանը. Զդիսլավ Ռաչինսկի

ԵՄ-ն կզարգացնի հարաբերություններ Հայաստանի հետ այնպես, որ չխանգարի 
Մաքսային միությանն անդամակցությանը. Զդիսլավ Ռաչինսկի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրամիությունում շարունակում են մնալ այն կարծիքին, որ Հայաստանը ԵՄ գործընկերներից մեկն է, որը վայելում է մեծ հարգանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը` զարգացնել հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց հետ նա ցանկանում է: Դրանք չեն խոչընդոտի մեր ցանկություններին եւ ձգտումներին` զարգացնել հարաբերություններ Հայաստանի հետ այնպես, որ դա չխանգարի Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը»,-հայտարարեց դեսպանը:

Նա դժվարացավ մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, որ Եվրամիությունը պետք է Հայաստանին յուրահատուկ պայմաններ առաջարկի ասոցացման համար: Դեսպանի համար տարակարծությունների տեղիք է տալիս հատկապես այն հանգամանքը, որ Օլանդի հայտարարության մեջ չի ասվում, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի ասոցացում ասելով: «Հայաստանին ներկայացվել է ասոցացման բանաձեւ, որը ներկայացվել էր նաեւ Արեւելյան գործընկերության մնացյալ հինգ պետություններին: Սակայն աշնանը տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո համաձայնագիրը չնախաստորագրվեց: Խոսելով ասոցացման մասին, ապա պետք է նկատի ունենանք ինչ-որ փաստաթղթի ստորագրում, որտեղ կներկայացվի հարաբերությունների նոր բովանդակություն Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Ամենակարեւորն անշուշտ բովանդակությունն է: Հաշվի առնելով, որ Հայաստանը շուտով կանդամակցի Մաքսային միությանը, ապա հասկանալի է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի ռեժիմում: Դրանք երկու տարբեր տնտեսական տարածքներ են: Այս պահին Հայաստանը չի կարողանում գտնել բանաձեւ երկուսի հետ համագործակցության համար եւ հենց այդ բանաձեւի ձեւավորումն էլ  ներկա խոսակցությունների եւ երկկողմ քննարկումների առարկա է»,- ասաց դեսպանը:

Դիտարկմանը` Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչպես դա վերջերս կատարեց Ուկրաինաին, դեսպանն ասաց. «Դրանք տարբեր բաներ են: Ուկրաինան Ասոցացման համաձայնագիրը վաղուց էր նախաստորագրել: Հետո ստորագրեց համաձայնագրի մի մասը, որպես փուլ, որպեսզի հետագայում ստորագրվի նաեւ համաձայնագրի տնտեսական մասը: Քաղաքական առումով Հայաստանն ու Եվրամիությունն ունեն հրաշալի հարաբերություններ: Իհարկե դա կարելի է ամրապնդել եւս մեկ համաձայնագրով, սակայն հասկանալի է, որ այն չի լինի ասոցացման: Որովհետեւ բառն ինքնին հուշում է` ասոցացում: Իսկ մի՞թե հնավարոր է լինել եւ' այնտեղ, եւ' այստեղ»,- ասաց դեսպանը:

Մայիսի 12-13-ը երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ իր երազանքն է, որ Հայաստանն ամբողջությամբ ասոցացվի Եվրամիությանը եւ այդ կապակցությամբ նա շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Հայաստանի աշխարհագրական դիրքին եւ շրջափակմանն ու հատուկ պայմաններ առաջարկի: Ֆրանսուա Օլանդի հետ ասուլիսի ժամանակ էլ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը չի կարող խոչընդոտել հարաբերությունների զարգացմանը Եվրամիության հետ: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ասոցացմանը` Նախագահ Սարգսյանը շեշտել էր, որ անհրաժեշտ են հատուկ առաջարկություններ եւ պայմաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am