Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

«Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում

«Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված նոր` «Թևանիկ» ֆիլմը կերտողները հույս ունեն, որ հայ հանդիսատեսը կսիրի կինոնկարը: Ադրբեջանի հերթական հիստերիան առաջացրած կինոնկարն սկսում է իր հաղթարշավը: Հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր` մայիսի 5-ին: Ֆիլմը մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել քաղաքի կինոթատրոններում:

«Թևանիկ» ֆիլմի սցենարն ինձ փոխանցեց Լևոն Աթոյանը: Ես այն շատ hավանեցի և ցանկանում էի էկրանավորել, տարիներ անց ինձ այդ հնարավորությունն ընձեռվեց: Ցանկանում էի նկարել լիամետրաժ ֆիլմ և Կարինե Խոդիկյանի հետ Աղաբաբովի սցենարը վերածեցինք ֆիլմի: Նախորդ տարի Կաննի 66-րդ փառատոնի շուկայում ներկայացրի այս ֆիլմի նախագիծը և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ իրականացրինք այն: Հուսամ, որ հանդիսատեսը կսիրի կինոկարը, որովհետև առանց հանդիսատեսի սիրո հնարավոր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Ջիվան Ավետիսյանն ընդգծեց, որ ֆիլմում ներգրավված բոլոր հերոսները իրական են մեկ տարբերությամբ` նրանք տարբեր ժամանակահատվածների դեպքեր ներկայացնող հերոսներ են, որոնց հավաքել ենք մեկ պայմանական գյուղի մեջ: «Երեք պատմությունները միավորվում են մեկ ասելիքով`ֆիլմը  դատապարտում է պատերազմը: Ես ինքս կորցրել եմ իմ մանկությունը պատերազմի հետևանքով:  Ցանկանում էի պատմել ճակատագրերի մասին: Այն խաղաղության, ուժեղ մարդկանց մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ վիճակում և շարունակում են մնալ մարդ»,-հավելեց Ավետիսյանը:  

Սցենարի համահեղինակ Կարինե Խոդիկյանի կարծիքով, իր համար մեծ պատիվ է, երբ իր անունը դրվում է Առնոլդ Աղաբաբովի կողքը: «Աղաբաբովի սցենարը կարճամետրաժ ֆիլմի համար էր: Նրա սցենարում որևէ միջամտություն չի արվել, պարզապես սցենարի Աստղիկ կերպարը դարձրինք երկրորդ նովելի հերոսուհի: Երրորդ հերոսն էլ հետո ծնվեց` Արամը»,-նշեց Խոդկյանը:

 Խոսելով ադրբեջանական հիստերիայի մասին` ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը նշեց, որ Լիտվայում այն այնքան էլ իրարանցում չի առաջացրել: «Հատուկ որևէ ռեակցիա չկար, պարզապես արտգործնախարարության կողմից անհանգստություն կար, իսկ ես հանգստացնում էի իրենց, որ սա գեղարվեստական կինոնկար է: Ամեն ինչ այդպես ավարտվեց: Ինձ ֆիլմը շատ է դուր եկել, ցանկանում եմ, որ շատերը դիտեն այն»,-հավելեց լիտվացի պրոդյուսերը:

Ֆիլմի ռեժիսորի համոզմամբ, հանդիսատեսից յուրաքանչյուրը կորոշի ֆիլմի ավարտը: Ֆիլմի աշխատանքներում Ջիվան Ավետիսյանին իր խորհուրդներով օգնել է Վիգեն Չալդրանյանը: Կինոնկարը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:

«Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում: «Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին:

Ֆիլմի նկարահանումների իրականացմանը աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Այն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am