Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քուրդ գործիչը ներողություն է խնդրում Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության համար

Քուրդ գործիչը ներողություն է խնդրում Հայոց ցեղասպանությանը քրդերի 
մասնակցության համար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի դեմոկրատական եւ խաղաղության մեջլիսի եւ քրդական ազատագրական շարժման անդամ Ռոժդեն Յալդըրըմը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արած հայտարարության մեջ անկեղծություն չի տեսել: Վարչապետի ելույթում Յալդըրըմը փնտրել է «ցեղասպանություն» բառն ու չի գտել: Հենց դա էլ վրդովվեցրել է քուրդ գործչին: «Անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչել եւ պատասխան տալ մեկ դար առաջ կատարած ոճրագործության համար: Էրդողանի հայտարարության մեջ մեծ փոփոխություն չտեսա: Եթե «ցեղասպանություն» բառը չի արտաբերում եւ չի ասում, որ իրագործել են, դա մեզ համար փոփոխություն չէ: Էրդողանը իր հայտարարությամբ ասել է, որ հայերն առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվել են, դա մեծ փոփոխություն չէ Թուրքիայի դիրքորոշման մեջ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Յալդըրըմը` հավելելով, որ այդ գաղափարախոսությունը Թուրքիայում առաջ են տանում ազգայնականներն, ու հենց նրանց գաղափարախոսության վրա է կառուցված Թուրքիայի այսօրվա պետական քաղաքականությունը:

Յալդըրըմը նշում է, որ Եվրոպայի դեմոկրատական եւ խաղաղության մեջլիսը գործում է հասարակական հիմունքներով. կառույցի կազմում է 57 կազմակերպություն, մեջլիսն ունի ավելի քան մեկ միլիոն անդամ:

«Հայոց ցեղասպանության հարցը, հայերին զորակցելն ու պահանջելը, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մեջլիսի հիմնական առաքելությունն է»,- ասում է Յալդըրըմը` հավելելով, որ այդ նպատակով բազմաթիվ քննարկումներ են կազմակերպել, ասուլիսներ հրավիրել եւ պայքարել ցեղասպանության ճանաչման համար:

Քուրդ գործչի խոսքերով, իրենց ուշադրության կենտրոնում Թուրքիայում ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներն են`հայեր, հույներ, ասորիներ: «Թուրքիան արյունով է սկսել իր ճանապարհը որպես ժողովրդավարական պետություն եւ ժամանակն է, որ նա այդ արյունը մաքրի իր արյան վրայից»,- ասում է նա:

Արյունը չի մաքրվել նաեւ քուրդ ժողովրդի պատմությունից եւ հիշողությունից: Քուրդ ժողովուրդն էլ է աջակցել թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրագործմանը, սակայն, ըստ Յալդըրըմի, քուրդ ժողովուրդն այժմ շատ է փոխվել, եւ նրա գիտակցության մեջ եւ արժեհամակարգում լուրջ տեղաշարժեր են կատարվել:

«Քուրդ ժողովուրդի մասին պատկերացումներն անցյալում են: Վերջին 30 տարվա ընթացքում քրդերը շատ են փոխվել: Համիդյան ջարդերի ժամանակ, ցավոք, բազմաթիվ քրդեր համագործակցել են Թուրքիայի հետ: Մենք ամաչում ենք այդ համագործակցության համար եւ ներողություն խնդրում հայերից»,- ասում է քուրդ գործիչը` հավելելով, որ քուրդ հասարակության գիտակցությունը բարձրացնելու նպատակով իրենք կազմակերպել են քննարկումներ, ներկայացրել ցեղասպանությունների խնդիրը, հետեւանքներն ու կանխարգելման անհրաժեշտությունը: «Քուրդ հասարակությունը տեղյակ է, թե ինչ է կատարվել մեկ դար առաջ: Յուրաքանչյուր տարի քրդական ազատագրական շարժման բազմաթիվ անդամներ այցելում են Հայաստան, ապրիլի 24-ին բարձրանում Ծիծեռնակաբերդ, այդ կերպ հարգելով անմեղ զոհերի հիշատակն ու ներողություն խնդրելով իրենց նախնիների` ոճրագործությանը մասնակցություն ունենալու համար»: 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրաոխորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am