Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը

Պրահայի կենտրոնում բացվեց առաջին հայկական խաչքարը

ՊՐԱՀԱ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի կենտրոնում Ապրիլի 25-ին բացվեց առաջին հայկական խաչքարը, որը Չեխիայի հայ համայնքին էր նվիրել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը` Հայ առաքելական եկեղեցու Չեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ եւ ի նշան հայ-չեխական բարեկամության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսավոր արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ Օրհնության կարգը կատարեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Հարյուրավոր հայորդիներ էին հավաքվել Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յինդրիխի եւ սուրբ Կունհուտի եկեղեցու հարեւանությամբ գտնվող պուրակում, ուր կաթոլիկ եկեղեցու եւ Պրահայի քաղաքապետարանի բարեհոժար թույլտվությամբ բացվեց հայկական խաչքարը։

Բացելով հանդիսավոր արարողությունը եւ շնորհակալանքի խոսք ուղղելով Ամենայն Հայոց ՀայրապետինˋՉեխիայի հայ համայնքին նման նվեր մատուցելու համար, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը նշեց, որ այս խաչքարը մեր ժողովրդի հավերժության խորհրդանիշն է։  Նա ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները։ «Կցանկանայի, որ իրապես այս խաչքարը մեզ համար դառնար հավաքականության եւ զորացման կետ»,- ասաց Հայր Բարսեղը` վերջում իր շնորհակալությունը հայտնելով նաեւ խաչքարի տեղափոխման եւ տեղադրման հետ կապված բոլոր աշխատանքներում մասնակցություն բերած մեր հայորդիներին, հատկապես գործարար Արմեն Անանիկյանին եւ շինարար  Սերգեյ Մելիքսեթյանին, մյուս աջակիցներին, ինչպես նաեւ կարդինալ Դուկային, ով հատկացրեց խաչքարի տեղադրման վայրը։

Իր հերթին կարդինալ Դուկան ջերմորեն ողջունեց ներկաներին. «Ես երջանիկ եմ, որ ներկա եմ հայ ժողովրդի հավատքի այս մեծ խորհրդանիշի բացմանը, եւ, ինչպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է ասում, մի ժողովրդի, որն  իր պատմության ողջ ընթացքում հավատարիմ մնաց քրիստոնեությանը»։ Կարդինալը նաեւ նշեց, որ շատ խորհրդանշական է խաչքարի բացումը Պրահայում, քանի որ այն յուրօրինակ շնորհկալանքի նշան է Պրահայի ծնունդ Ֆրանց Վերֆելին, ով գրել է հայ ժողովրդի տանջանքների մասին «Մուսա լեռան 40 օրը» գրքում։

Իր ողջույնի խոսքում Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ հայ համայնքը այսօր թեւակոխում է զարգացման մի նոր փուլ, որը պարտավորեցնող է բոլորի համար, եւ հատկապես հայ համայնքի, որը պետք է ամրապնդվի, եւ նաեւ համախմբվի հայոց պետականության եւ եկեղեցու շուրջ։ Դեսպանը վստահեցրեց, որ չեխահայերն իրենց օրինապաշտությամբ եւ նվիրվածությամբ շենացնում են այս երկիրը։ Դեսպանը կարեւորեց նաեւ, որ խաչքարի բացումը կատարվում է այն օրերին, երբ չեխահայությունն ու աշխարհի ողջ հայությունը նշում են Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցը, եւ ՀՀ Նախագահն ու կարդինալ Դուկան մասնակցում են նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բացմանը։

Այնուհետեւ Տաթեւ սրբազանն ու Հայր Բարսեղը կատարեցին խաչքարի օրհնության կարգը։ Օրհնության պահին ղողանջեցին հարեւանությամբ գտնվող եկեղեցու զանգերը։

Վերջում խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունից։

Նախօրեին`ապրիլի  24-ին, 200-ից ավելի չեխահայեր կենտոնական Ստարոմեստսկա հրապարակից մոմավառությամբ երթ կազմակերպեցին դեպի Սուրբ Եգիդիոսի եկեղեցի`ճանապարհին պարզելով նաեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ։ Այնուհետեւ Հայր Բարսեղը մատուցեց հոգեհանգստյան կարգ եւ հանդես եկավ ապրիլքսանչորսյան քարոզով` կոչ անելով միշտ վառ պահել զոհերի հիշատակը եւ միասնությամբ հասնել մեր նպատակների իրականացմանը։ Հայոց ցեղասպանության խորհդին անդրադարձավ նաեւ Չեխիայում Հայաստանի փոխդեսպան տիկին Նունե Զաստուխովան, ով դատապարետեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ նշեց, որ մենք իբրեւ պետություն եւ ժողովուրդ, պայքարելու ենք մարդկության դեմ կատարված ամենադաժան հանցագործությանˋ ցեղասպանության բոլոր դրսեւորումների դեմ։

Երեկոն եզրափակեց Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի ելույթըˋ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Փառահեղ համերգային մասի սկզբում նախ հնչեցին Հայրապետական մաղթերգը, «Խորհուրդ խորին»-ը, իսկ այնուհետեւ` Ռոսինիի «Տիրամոր ողբը» ազդեցիկ գործը։ 

Հակոբ Ասատրյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am