Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական և ռումինական պատմության թանգարանները կկազմակերպեն ցուցահանդես

Հայկական և ռումինական պատմության թանգարանները կկազմակերպեն ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության և Ռումինիայի պատմության ազգային թանգարաններն այսուհետև կհամագործակցեն: Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում երկու մշակութային կառույցների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` «Հայ-ռումինական մշակութային ժառանգության ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ»: Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը և Ռումինիայի պատմության ազգային թանգարանի տնօրեն Էռնեստ Օբերլենդեր-Տըռնեվիանուն: Արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

«Սա շատ կարևոր ծրագիր է: Համատեղ ջանքերով 2015 թվականին Բուխարեստում կկազմակերպվի մի ցուցահանդես: Այս ցուցահանդեսը վերաբերում է Ռումինիայում հայերի մշակութային ժառանգությանը: Սկսած 13-րդ դարի վերջից Ռումինիայում գոյություն է ունեցել հայ համայնք, որը շատ կարևոր ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Ցուցահանդեսը հարգանքի տուրք է լինելու Ռումինիայում հայկական համայնքին: Մենք կցուցադրենք շատ կարևոր նմուշներ, որոնք պահվում են Ռումինիայի հասարակական հավաքածուներում և ոչ միայն, նաև հայկական մասունքներ, որոնք ստեղծվել են Ռումինիայի տարածքում և պահվում են Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռումինիայի պատմության ազգային թանգարանի տնօրեն Էռնեստ Օբերլենդեր-Տըռնեվիանուն:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը կարևորեց հուշագրի ստորագրումը: «Համագործակցությունը կարևոր է, այն փոխադարձ ճանաչման, փոխադարձ բարեկամության երաշխիք է պարունակում: Շատ ուրախ ենք: Ռումինիայում ներկայացվելու է հայկական արվեստը: Հայտնի է, որ Ռումինիայում հայերը շատ վաղ են հաստատվել: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ցուցահանդես կունենանք: Կաշխատենք ըստ արժանվույն ներկայանալ այնտեղ»,- ընդգծեց Գրիգորյանը:

Պատմության թանգարանի տնօրենն ընդգծեց, որ ցուցահանդեսին կներկայացվեն նաև Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի, Մատենադարանի, Գրականության և արվեստի թանգարանի նմուշներ: Ցուցահանդեսը կներկայացվի նաև Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 17-ին: 2010թ. մարտի 29-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Համլետ Գասպարյանը, որն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի Նախագահ Տրայան Բասեսկուին: 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am