Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում նոր ցնցումներ է կանխատեսում

Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում 
նոր ցնցումներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրիքայում նորանոր ցնցումներ կլինեն, որը  լուրջ մարտահրավեր է, քանի որ Թուրքիան ոճրագործ պետության իրավահաջորդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսում այս մասին կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Սա լուրջ մարտահրավեր է, որը կարող է նաև մեր երկրում որոշակի վտանգներ ստեղծել: Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայի խնդիրների մեջ առանցքային է, այն ցնցման է ենթարկում, նպաստում իրադարձությունների, ճգնաժամային երևույթների խորացմանը, որովհետև այստեղ մենք գործ ունենք իշխանություն և հասարակություն անջրպետի խորացման հետ»,- պարզաբանեց Դեմոյանը:

Նա պատմեց, թե ինչպես թանգարան-ինստիտուտի` Ռաֆայել Լեմկինի  կրթաթոշակով սովորող գիտաշխատողներից մեկը մեկնել է մի քանի օրով Ստամբուլ և ներկա եղել Առաջին աշխարհամարտին նվիրված գիտաժողովին, որը Թուրքիայում բավականին ներկայացուցչական գիտաժողով է եղել, և որի ժամանակ բանախոսների մեծ մասը սատարել է «հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, ծափահարել է և նշել, որ Հայոց ցեղասպանությունը  ապացուցված է պատմության կողմից,  վերաքննման որևէ առիթ չունի: Այս փաստը, Դեմոյանի գնահատմամբ, աներևակայալի է և անգամ վտանգավոր կարող էր համարվել ընդամենը մի քանի տարի առաջ:

 «Համար մեկ խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք աշխատել փոփոխվող թուրք հասարակության հետ, քանի որ ճնշող մեծամասնությունը ազգայնական-ռասիստական կրթություն ստացած անձինք են, գալիս է մի նոր սերունդ, որը կաղապարված չէ, օգտվում է սոցիալական ցանցերից, որին հնարավոր չէ պարտադրել, սահմանագծերի մեջ դնել և որը է հետաքրքրված է պատմությունով:  Այս երիտասարդների համար գլխավոր հարցերից մեկը Հայոց ցեղասպանության հարցն է: Պետք է մշակել աշխատանքի ճիշտ ուղղություն,  ոչ թե  հարվածների ձևով, այլ փափուկ ուժի կիրառմամբ պետք է կարողանանք աշխատել»,- ընդգծեց Դեմոյանը:

Նա գտնում է,  որ թուրք երիտասարդը պետք  է ծանոթանա Հայոց ցեղասպանությանը, ինչի համար անհրաժեշտ է քարոզչական աշխատանք կատարել նաև վիրտուալ տիրույթում, տասնյակ էլեկտրոնային միջոցներով: Թանգարան-ինստիտուտի տնօրենը պատահական չհամարեց այն, որ կառույցի պաշտոնական կայքը ամենաշատ թվով այցելուներ է  ունենում հենց Թուրքիայից` շնորհիվ կայքի թուրքալեզու տարբերակի:

«Թուրքիայի հասարակութան մեջ տեղի են ունենում փոփոխություններ, մենք չենք հասցնում հետևել այդ փոփոխություններին: Հայոց ցեղասպանության ճանաչում, թե իրազեկության բարձրացում  կասեն`  համար մեկ թիրախը թուրք հանրության նոր սերունդն է: Այս ամեկարաճ ճանապարհով, ոչ թե  «կոճակ» սեղմող պատգամավորների միջոցով  կարող ենք հասնել հիմնախնդիրների լուծմանը»,- կարծիք հայտնեց բանախոսը:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ապրիլի 10-ին ընդունած Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևին`  թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ նման  նախաձեռնություններ ոչ առաջին և ոչ էլ երկրորդ անգամ են ընդունվում:

«Սա Հայոց ցեղասպանության գործիքավորումն է, և որպես միջոց օգտագործելն է կարճաժակետ, միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար, արդյո՞ք պետք է հրճվենք, որ մեր հարցը վերածվում է մեծ քաղաքականության մանրադրամի, կարծում եմ, համակարծիք կլինեք, որ ոչ»,- գնահատական տվեց Դեմոյանը` հիշեցնելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն  է տարածաշրջանում:

Նա շեշտեց, որ բացի թուրք հանրության, մրջազգային լսարանի հետ աշխատելու խնդրից, կարևոր է նաև  հայ երիտասարդ սերնի հետ տարվող աշխատանքի անհրաժեշտությունը:

«Պետք է կարողանանք ցեղասպանության թեման ազատել հոգեկան  կարծրատիպերից,  պարտվողական գերհուզականացված շերտերը մաքրենք և  ցանկացած հայ երիտասարդի մեջ մտցնենք այն գիտակցությունը, որ Հայոց ցեղասպանության թեման գիտակցության թեմա է»,- իր դիրքորոշումը հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրենը` ավելացնելով, որ հենց Ծիծեռնակաբերդում պետք է երիտասարդների մոտ ամբողջանա կյանքի շարունակականության, սեփական երկրի օրենքները հարգելու գիտակցությունը:

Խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին` Դեմոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից Քեսաբի շուրջ տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչական գործողություն:

«Նման գործողությունների հիմնական նպատակը` Թուրքիան համայն հայությանը հոգեբանորեն ահաբեկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Դա ինքնանպատակ չէ, քանի որ ցանկանում են ճշգրտել մի քանի հանգամանք՝ որքանո՞վ է հայությունը միասնաբար հանդես գալիս այս հարցում, ինչքա՞ն է մեր ներուժը հասնելու նրան, որ միջազգային լսարանը հանդես գա դատապարտման հայտարարություններով»,- հավելեց փորձագետը`միջազգային հանրության արձագանքը գոհացուցիչ համարելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am