Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջուլիետ Գալստյանը հավատում է օպերային արվեստի իրական տեսակի «ռենեսանսին»

Ջուլիետ Գալստյանը հավատում է օպերային արվեստի իրական տեսակի «ռենեսանսին»

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կանացիությունը, նախանձելի հմայիչ ժպիտը,  հազվագյուտ մարդկային պարզ անմիջականությունը առանձնակի գրավչություն են հաղորդում ժնևաբնակ օպերային երգչուհի Ջուլիետ Գալստյանին: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկրի,  աշխարհի լավագույն թատրոններում հանդես եկող մեներգչուհու անկրկնելի ձայնն ու դերասանական վարպետությունն անտարբեր չեն թողնում հանդիսատեսին աշխարհի ամենատարբեր ծայրերում: Մեցցո-սոպրանոն, չնայած  արտերկրում ոչ միայն համերգային, այլև դասախոսկան իր բուռն գործունեությանը, առիթը բաց չի թողնում  տարվա ընթացքում մի քանի անգամ լինելու Հայաստանում:  Գալստյանը հանահայտ օպերային երգիչների, երաժիշտների և բալետի մենակատարների ընտանիքի չորրորդ սերնդի  տաղանդավոր ներկայացուցիչն է,  հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին: Մայիսին երգչուհին հանդես կգա Նովոսիբիրսկի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հաջորդիվ հանդիսատեսը իր ձայնը վայելելու հնարավորություն կունենա Փարիզում, Բուենոս Այրեսում, այլուր:   Երաժշտական ընտանիքի արվեստի շնչով ողողված հյուրընկալ տանը,  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում,  երգչուհին պատմեց հայ երաժշտասերի համար երգելու մեծ ցանկության և ստեղծագործական այլ թեմաների մասին:

-Ջուլիետ, Ձեր վերջին  բեմելը հայրենիքում 2013 թվականի նոյեմբերին էր, երբ  որպես մենակատար Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ  հանդես եկաք Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հայ հանդիսատեսը Ձեզ կրկին ունկնդրելու հնարավորություն ե՞րբ  կունենա: 

- Ես միշտ ցանկություն եմ ունեցել երգել Հայաստանում, մի՛շտ:  Որքան էլ արտերկրում բարձունքների ես հասնում կարիերայում, միևնույն է, սպասում ես, որ Հայաստանից  հրավեր կստանաս: Երբեք հոնորար չեմ վերցրել Հայաստանում երգելու համար:  «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հովանավորներ ունի, որոնք կարողանում են գոնե ինքնաթիռի գումարը վճարել, և եթե լինում է հնարավորություն, ապա փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը ինձ զանգահարում է և ասում, որ կարող են վճարել տոմսի գումարը: Ամեն ամառ գալիս եմ Հայաստան, անվճար եմ երգում, որովհետև զգում եմ, որ հանդիսատեսը միշտ հարցնում է. «Համերգ ունենալո՞ւ եք», «Մենք Ձեզ տեսել ենք հեռուստատեսությամբ, ուզում ենք գալ Ձեր համերգին», բայց թե՛ օպերային թատրոնից, թե՛ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից ես հրավեր չեմ ստացել: Միակն «Ազգային պատկերասրահ» փառատոնն է, որ ինձ մշտապես հրավիրում է, և ես երկու տարին մեկ գալիս և սիրով երգում եմ: Սպասում եմ, որ հայկական կողմից ցանկություն լինի: Ես միակը չեմ այդպիսին, գիտեմ այլ հայ երգչուհիների, ովքեր արտասահմանում երգում են լավ թատրոններում, համերգասրահներում, սակայն մեր օպերային թատրոնում կարծես թե չկա այդ արտիստներին հրավիրելու հետաքրքրությունը:

-Ավստրիացի մաեստրո Ռիչարդ Բոնինգը հարցազրույցներից մեկում նշել էր, որ օպերան վերածվում է բիզնեսի ամբողջ աշխարհում: Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս պետք է  պահպանել օպերային թատրոնի ողջ գեղագիտությունը և միևնույն ժամանակ շահույթ հետապնդել:

-Իհարկե, դա իմ մասնագիտությունը, չէ: Ես համաձայն եմ այն մտքին, որ «թատրոնի տնօրենը պետք է լինի մենեջեր»: Թատրոնի մենեջերը պետք է մտածի թատրոնի նվագախմբի, երգիչների, պարողների ֆինանսական վիճակի մասին:  Բնակարաններ ունեն, թե չունեն, եթե հանրակացարանում են ապրում, ապա  հետո ինչպե՞ս են բեմ դուրս գալու,  այդ է կարևոր: Ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում, եթե թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը նույն մարդն է, ապա դա  կարող է հանգեցնել դիկտատուրայի: Տարիներ առաջ, երբ ես իմ առաջին ներկայացումներն էի երգում, ոչ մեկին չէի ճանաչում, ոչ մեկի ընկերը չէի, սիրուհին չէի, գնում էի, երգում, և ինձ վերցնում էին այս կամ այն դերի համար: Նախկինում այդպես չէր, իսկ այժմ ամբողջը որոշում են գործակալները: Երեք-չորս գործակալներ կան, որոնք հավաքել են լավ երգիչներին, իսկ տենորներն աշխարհում,  ինչպես գիտենք, շատ քիչ են,  որոշում են, թե ով է ինչ երգելու: Ես շատ լավ իմպրեսարիո ունեի մինչև 2005 թվականը, հետո ինքը որոշեց, որ  օպերային արվեստում շատ է տանջվում և սկսեց ֆուտբոլի ոլորտում աշխատել: Եվ ինձ ասաց. «Ջուլիետ, ես մեկ ֆուտբոլիստի վաճառելով վճարում եմ իմ ողջ անձնակազմի աշխատավարձը` մինչև 20 օպերային պայմանագիր գտնեմ, հոգնել եմ»: Այդ տարիներին երկու տարի առանց գործակալ աշխատեցի` մտածելով, որ  պետք չէ առանձապես: Կան մարդիկ, ովքեր  կարծում են, որ կարևոր չէ, թե ինչ դեր ես երգում, կարևորը գործի մեջ լինես, բայց ես, իմ բնավորությամբ չեմ կարող լինել «չորրոդ աղջիկը վեցերորդ շարքում», ինձ դա հետաքրքիր չէ: Ես լավագույն թատրոններում երգել եմ լավագույն դերեր: Շատ կարևոր մի բան կա` այսպես ասած, մոդեռն բեմադրությունները, որոնց հանդեպ հակակրանք եմ տածում, չեմ կարող ընդունել, հասկանալ: Թող ինձ համարեն հնաոճ երգչուհի, սակայն հիմա դու չես հասկանում այլևս ինչ օպերա ես դիտում, ինչով է այն ավարտվելու: Նույնիսկ եթե Շեքսպիրի անմահ գործերի հիման վրա է լիբրետոն գրված, դու չգիտես, թե  «Ռոմեո և Ջուլիետը» ինչպես կավարտվի, գուցե իրար հետ վերջում գնան ռեստորան: Կան ինչ-որ բաներ, որ ես չեմ կարող ընդունել: Կարմենն իմ սիրած դերերգն է, բայց երբ տեսնում եմ, որ Կարմենը մոդեռն ջինսե տաբատով, սպորտային կոշիկներով պետք է երգի, և այդ գնչուհի Կարմենից ոչինչ չկա կերպարում, ես հրաժարվում եմ, որովհետև գիտեմ, որ բանը չեմ հասցնի ներկայացման օրվան, վեճ կլինի, և կհրաժարվեմ:

-Շարունակելով օպերային արվեստում մոդեռն բեմադրությունների թեման`ուզում եմ հիշել  հանրահայտ սոպրանո Լյուբով Կազարնովսկայային, ով դեմ չէ նորարարություններին: Նա կարծիք  է հայտնել, որ  կա  մի թույլատրելի սահման, որն անցնելու դեպքում  կորչում է այն վերամբարձությունը և կախարդանքը, որը պետք է ունենա օպերային արվեստը:

-Ես էլ դեմ չեմ նոր ու հետաքրքիր բեմադրություններին, սակայն դրա համար ռեժիսորը պետք է ունենա խելք, կրթվածության որոշակի մակարդակ, հստակ իմանա, թե ինչի մասին է ներկայացումը: Եթե բեմադրում ես «Դոն Ժուան», ապա այն այժմեական  ներկյացնել հնարավոր է, որովհետև այս ստեղծագործության միտքը կարելի է փոփոխել: Եթե խոսքը Կարմենի մասին է, ինքը գնչուհի է, և գնչուհի լինելու փաստը հանելու դեպքում այլևս կերպար չի մնա: Օրը բացվում է, և այս հերոսուհին խաղաթղթերի միջոցով է իմանում, թե ինչ է կատարվելու իր հետ, այսօր սիրահարվելու է,  մահանալու և ինքը գիտի, որ պետք է մահանա, որովհետև այդ է ցույց տվել գուշակությունը: Դա հանելու և Կարմենին  ինչ-որ ռեստորանի աշխատող  սարքելու դեպքում ոչինչ չի մնա: «Ֆիգարոյի ամուսնությունը» եթե Երևանի Աբովյան փողոցում պատկերցնես, ուրեմն կկոտրվի ամեն ինչ, իսկ եթե Աիդան Ռադամեսի հետ վերջում մահանում են, մինչդեռ դու տեսնում ես, որ Ռադամեսը  վիսկի է բեմում խմում, ուրեմն, ինչ է մնում «Աիդա»-ից, ինչո՞ւ գնալ և դիտել այն: Թող կոմպոզիտորները գրեն նոր, ժամանակակից օպերաներ, հետաքրքիր բեմադրեն, մենք էլ գնանք և հիանանք: Թող հանգիստ թողնեն Մոցարտին, Վերդիին, այլոց: Շատ անգամ պարտիուրում գրված է .«Միմին դուրս է գալիս աջ կողմից», հետևաբար մարդիկ պատկերացրել են ինչ-որ բան: Ի տարբերություն օպերայի` բալետը կարելի է շատ ազատ բեմադրել, իսկ օպերայում քանի որ մենք տեքստ ունենք երգելու, և դու երգում ես, որ ցուրտ է, դու մենակ ես, և բոլորը քեզ լքել են, իսկ բեմադրիչն այդ տեսարանը տաք ծովափին է բեմադրում, դու չես կարող կերպար ստեղծել, իսկ ռեժիսորը դիտավորյալ, պրովոկացիոն ձևով այլ բան ներկայացնի:

-Բոլորի գիտելիքները  օպերային  արվեստի մասին շատ խորը լինել չեն կարող, բայց եթե  հանդիսականը եկել է օպերային թատրոն, ուրեմն, ցանկանում է հաղորդակցվել բարձր արվեստին: Ինչպե՞ս  հանդիսատեսը տարբերակի այն, թե ինչ է ինքը դիտում,  ի՞նչ պետք է փնտրել և գտնել օպերայում:

-Շատ լավ հարց եք տալիս, որի պատասխանն էլ հարցի մեջ կա:  Ես ուզում եմ «Աիդա» դիտել երեխայիս հետ, և  նախապես լսել եմ ինչ-որ բաներ, գալիս  ու տեսնում եմ, որ բեմում լրիվ այլ բան է ներկայացվում: Հիմա շատ նորաձև է, երբ երգում ես, իսկ  հետևում էկրանին ֆիլմ են ցույց տալիս: Շատ հետաքրքիր է, բայց այդ դեպքում ինչո՞ւ կանգնես, ձայնդ փչացնես և երգես: Ինչո՞ւ  հանդիսատեսը 100 կամ 200 եվրո վճարի և գա օպերային թատրոն, եթե կարող է գնալ և կինո դիտել: Պատկերացրեք, որ օպերային երգիչը մեկ տարի պատրաստվել է այդ դերի համար, որպեսզի ամեն մի հատված մտածված երգի, և գալիս է երգելու և դիտում է այն, ինչ էկրանին է: Այդ պատճառով հիմա կան երգիչներ, ում դեռևս 15 տարի առաջ անգամ երգչախումբ չէին վերցնի և' ձայնային տվյալների, և' դերասանական մակարդակի պատճաեով: Հիմա հաճախ պետք չէ դերասան լինել, մերկանում ես, հետևի պլանում ֆիլմ են  ցույց տալիս և անգամ չգիտես` դա ինչ ժանրի ստեղծագործություն է: Այդ պատճառով ես այժմ սիմֆոնիկ և ֆիլհարմոնկ նվագախմբերի հետ երգում եմ օպերային արիաներ, ստեղծում եմ այն կերպարը, որը կարող եմ բեմում ստեղծել, որպեսզի ինձ ոչ ոք չխանգարի: Ես աշխատել եմ այնպիսի ռեժիսորների հետ, ովքեր ինձ օգնել են կերպարը գտնելու գործում, իսկ հիմա ռեժիսորները հաճախ խանգարում են: Պետք է լինի միտք, տրամաբանություն և չլինի պրովոկացիա: Գուցե շատ հետամնաց են հայացքներս, բայց ես չեմ ցանկանում մասնակցել նման ներկայացումների և ոչ էլ վճարել 200 եվրո և դիտել այդ ներկայացումները: Շատ են եղել դեպքերը, երբ առաջին բաժնից հետո դուրս եմ եկել, որովհետև վատ եմ զգացել երգիչների համար, ովքեր, զգում ես, նյարդայնանում են այդ վիճակից, սակայն ոչինչ չեն կարող անել, որովհետև իրենց շատ արագ կփոխարինեն մեկ այլ կատարողով:

-Օպերային արվեստում մարմնավորած և դեռ չմարմնավորած դերերի մասին եմ ուզում հարցնել: Դուք խոսեցիք Կարմենի մասին, կա՞ն դերեր, որոնք կցանկանայիք խաղալ:

-Կարմենը կցանկայանի խաղալ բեմում, մինչդեռ երգել եմ միայն համերգային կատարմամբ: Շատ կցանկանայի բեմում երգել «Սամսոն և Դալիլա» օպերան, բայց Սամսոնը բավականին բարդ տենորի դեր է, ում գտնելը նույնպես դժվար է, այդ պատճառով շատ քիչ են բեմադրում: Չեմ կարող այդպես բնորոշել, թե էլ ինչ դերերգ կցանկանայի եգել, բայց Կարմենն ու Դալիլան ինձ համար շատ հետաքրքիր են: Ես երգել եմ բարոկկո ժամանակաշրջանի հեղինակներից սկսած (Մոցարտ,Վերդի,Պուչինի) և հասել մինչև Մենոտի, Շոստակովիչ, այսինքն` շատ ծավալուն երգացանկ ունեմ: Հիմա, եթե ինձ  առաջարկեն Կարմեն, կվախենամ պայմանագիր ստորագրել, որովհետև չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում:

-2013 թվականի սեպտեմբերից որպես երգեցողության պրոֆեսոր դասավանդում եք  Ժնևի պետական կոնսերվատորիայում: Չե՞ք բացառում, որ մի օր, համապատասխան հնարավորություն ստեղծվելու դեպքում, արտերկրում Ձեր կուտակած գիտելիքներն ու փորձը կփոխանցեք նաև հայ երիտասարդներին: 

-Չեն ստեղծում այդ հնարավորությունը: Ես 23 տարեկանից միայն մեծ աստղերի կողքին եմ երգել, անընդհատ հարցեր էի տալիս նրանց շնչառության, երգելու այս կամ այն հատվածում զգացողության, շատ այլ մանրամասների մասին: Ես միշտ ցանկանում էի, որ իրենք ևս մեկ անգամ ինձ լսեն, խորհուրդներ տան: 1970-ականներին Վիորիկա Կորտես անունով  մեցցո-սոպրանո կար, որ այմժ 80 տարեկան կին է, բայց ձայնը տեղն է:     Ես ուզում եմ ինքը կողքից լսի, այսինքն` ցանկությունը կա մինչև հիմա, դա միշտ եղել է, և եթե ինչ-որ բանի հասել եմ, ապա դա ձգտման շնորհիվ է: Երևանում հաճախ մտածում են, որ եթե լավ են երգում, ուրեմն ամեն ինչ լավ է: Ձայներ ունենք հիանալի, ես մեր կոնսերվատորիան երբեք չեմ  համեմատի անգամ Ժնրի կոնսերվատորիայի հետ, որովհետև այնտեղ ուսանողները պարապում են պրոֆեսորի մոտ շաբաթը մեկ անգամ 45 րոպե: Դա լուրջ բան չէ: Եվրոպայում հիմնականում այդպես է: Բայց շատ կարևոր է, որ մկանները ճիշտ աշխատեն: Այժմ Ժնևում իմ դասարանում տասը ուսանող ունեմ: Կային այնպիսիները, ովքեր մեծ խնդիրներ ունեին ձայնալարերի հետ, և ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է ճիշտ երգեցողության միջոցով այդ խնդիրները հաղթահարել: Շատ եմ հավանում դասավանդելը, որովհետև մեծ տատիկիցս` Հայկանուշ Դանիելյանից սկսած, մեզ մոտ դասավանդելը, փորձը փոխանցելը կարծես  գենետիկական է: Մտածում էի, որ գուցե կհոգնեմ, ձայնս կհոգնի, բայց միանգամայն հակառակն է: Ուսանողներս ինձ շատ են սիրում, դաստիարակված են, ունեն հումորի զգացում, խանդավառությամբ են հաճախում դասերին: Երևանում ևս դասեր ունեցել եմ, բնականաբար, անվճար հիմունքներով, և մեկ ժամվա ընթացքում տվյալ երգիչը սկսել է երգել` անգամ չմտածելով, որ այդ կարճ ընթացքում էլ կարելի  է շատ բան շտկել և սովորել:

-Ձեր անցած ուղին դժվարություններով լեցուն է եղել: Ի՞նչ խորհուրդ կտաք բնատուր ձայն ունեցող և իրենց տեղը օպերային արվեստում գտնել ցանկացող երիտասարդներին:

-Շատ ճիշտ նկատեցիք, որ իմ ուղին շատ դժվար էր, շատ: Ես միշտ խորհուրդ եմ տալիս երիտասարդներին, որ սովորեն կոնսերվատորիայում` իրենց ուսուցիչներից փորձելով ստանալ որքան հնարավոր է շատ գիտելիքներ, բայց վերջին եերկու տարին սովորեն արտասահմանում, որովհետև եթե լավ ուսանողը գալիս է Գերմանիա, Ֆրանսիա կամ Անգլիա ուսանելու, այնտեղ հետաքրքրված են այդ ուսանողին օգնելով: Ես չեմ արել դա, ավարտել եմ կոնսերատորիան, ոտքի եմ կանգնել Հայաստանում, հետո մասնակցել եմ միջազգային մրցույթների, Իտալիայում հաղթող եմ ճանաչվել, և ինձ միանգամից առաջարկել են Միմիի դերերգը: Ոչ մեկին ես պետք չէի, արտերկրում ես ուսուցիչ չեմ  ունեցել, ոչ մի ծանոթ չունեի, այսինքն` այդ կողմից կարելի է հեշտացնել գործը, եթե թեկուզ վերջին տարին սովորեն արտասահմանում: Երկրորդը, ինչպես ասացի արդեն, նախկինում  կարևոր չէր, թե ով է քո երաժշտական գործակալը, հիմա պետք է լավ գործակալություն գտնել, անգամ ինձ համար է դժվար գտնել: Գործակալներից երկուսը ինձ ցինիկ կերպով ասացին. «Գիտեք, մենք յոթ մեցցո-սոպրանո ունենք, Դուք բոլորից լավն եք, բայց եթե Ձեզ վերցնենք, իրենց ի՞նչ ենք անելու: Չէ, որ մենք այդքան ուժ ենք ծասել նրանց առաջ մղելու համար»: Այսինքն` այդ ճգնաժամը, որն ստեղծվել է, բավականին դժվարացնում է աշխատանքը: Հիմա ամեն ինչ այլ է, երբ ես էի առաջին քայլերն անում, ինտերնետ, սոցիալական ցանցեր չկային, որոնք հեշտացնում են հաղորդակցությունը: Հաճախ երիտասարդներն ինձանից խորհուրդ են հարցնում, ես ասում եմ, որ տաշած քարը երբեք գետնին չի մնա: Աշխատեք, սովորեք, օպերան կդառնա օպերա, մերկ հիմարությունները կկորչեն, և կասեն. «Այս աղջիկը ձայն ունի»: Վերևում Աստված կա, մի դուռը փակվելու դեպքում մյուսը հաստատ կբացվի:

 Հարցազրույցը` Տաթևիկ Գրիգորյանի

Լուսանկարները` երգչուհու պաշտոնական www.juliettegalstian.com կայքից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am