Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայ երեխաների սպանություններն ու տարհանումն Օսմանյան Թուրքիայից. օնլայն ցուցադրություն

Հայ երեխաների սպանություններն ու տարհանումն Օսմանյան Թուրքիայից. օնլայն 
ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ներկայացված է 1914-1922 թթ. Թուրքիայից հայ երեխաների տարհանման վկայությունները` լուսանկարների տեսքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի կայքում զետեղված տեղեկատվության, Հայոց ցեղասպանության հետևանքով շուրջ 500 հազար հայ երեխաներ սպանվեցին (ողջակիզվեցին, թունավորվեցին, խեղդամահ արվեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիվանդություններից: Ցեղասպանությունը վերապրած շատ երեխաներ՝ որբացան, բռնի իսլամացվեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու և կայսրության տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները, եկեղեցական կառույցները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միություն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):

Մահվան վտանգի առջև հայտնված որբերի տարհանումն ապահովելու էր երեխաների հետագա ֆիզիկական անվտանգության, կեցության և ազգային դաստիարակության հարցը: Ըստ էության տարհանվում էին այն որբերը, որոնց ցեղասպանության տարիներին հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, մահմեդական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից: Տարհանվեցին նաև ռազմական գործողությունների գոտում հայտնված հայ երեխաները, որոնց էվակուացիան իրականացվեց ռուս և անգլիացի զինվորականների կողմից:

Ցեղասպանության տարիներին հայ երեխաների առաջին լայնածավալ տարհանումն իրականացվեց Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ: 1915թ.-ի գարնանը երիտթուրքական կառավարությունը սկսում է Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին նաև Միջերկրականի առափնյա շրջանի` Սուեդիայի (Հալեպի նահանգ, Անտիոքի գավառ) վեց հայկական գյուղերի ավելի քան 6000 բնակչությանը գաղթի հրաման է տրվում: Հրամանին է ենթարկվում բնակչության մի փոքր մասը, մնացածը` մոտ 5000 սուետիահայեր բարձրանալով Մուսա լեռը՝ դիմում են ինքնապաշտպանության, որը տևում է 53 օր: Ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ’Արկ» նավերը օգնության են հասնում և սեպտեմբերի 13-15-ը 4058 հոգու Մուսա լեռից էվակուացնում Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ: Մի քանի երեխաներ ծնվեցին ֆրանսիական նավերի վրա, որոնց անվանակոչեցին խորհրդանշական անուններով՝ Գիշեն, Ազատուհի և այլն:
Մուսա լեռից Պորտ Սաիդ տարհանվածներից 1 563-ը երեխաներ էին: 
Այս ընթացքում հայ երեխաների տարհանման գործողություններ իրականացվեցին Խնուսում, Վանում, Բաղեշում և այլ վայրերում: Փոքր Ասիայում քեմալական (ազգայնական) շարժման ծավալմանը զուգընթաց՝ 1921-1922 թթ. Օսմանյան կայսրության որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: Այն ավելի է սրվում Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածներից հետո, որի հետևանքով հազարավոր կիլիկիահայեր Այնթափից, Մարաշից, Հաճընից, Մերսինից և այլ վայրերից ստիպված են լինում լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921 թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգվածային գաղթի ընթացքում, շուրջ 7500 հայ որբ Կիլիկիայից տարհանվում է Հալեպ, Բեյրութ, Դամասկոս և Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը հայտնվում է Ազգային խնամատարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության խնամակալության տակ: 
Հայ երեխաների տարհանման դրվագներից է նաև 1921 թ. դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման ավանի հայկական գաղթակայանից 816 հայ որբի նավով փոխադրումը Երուսաղեմ, որտեղ նրանց դիմավորում են Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, ազգային գործիչներ և մեծ թվով տեղացի հայեր:
1915-23 թթ. երիտթուրքերի և քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածների հետևանքով որբացած հազարավոր հայ երեխաներ հայտնվեցին ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքով մեկ: Այս մտահոգությամբ պայմանավորված՝ 1922 թ. փետրվարի 7-ին Հալեպում կայանում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների և Կիլիկիո Սահակ Բ կաթողիկիոսի կողմից լիազորված հայկական պատվիրակության ժողովը՝ Առաջնորդական փոխանորդ Հարություն քահանա Եսայանի նախագահությամբ: Ժողովը որոշում է Թուրքիայի հարավային և հարավարևելյան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա և Լիբանան, իսկ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Հունաստան և Կովկաս: Թուրքիայի ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպես նաև հյուսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնյա որբերը՝ հայ և հույն ծնողազուրկ երեխաները, Ամերիկյան նպաստամատույցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրվում են Կ.Պոլիս, իսկ այնտեղից՝ նավով Հունաստան և տեղաբաշխվում 13 որբանոցներում: Քայքայվող Օսմանյան կայսրության մյուս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխվում են Ռումինիա և Բուլղարիա, իսկ Իզմիրից և Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Հունաստան:
Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից և Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանատուներ նշանակվեցին Յակոբ Կյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922 թ.-ից աշխատում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի Ուրֆայի մասնաճյուղում և զբաղվում այդ կազմակերպության կողմից հավաքված հայ որբերի խնամքով: Նրանց թեկնածության ընտրությունը պայմանավորված էր վերջիններիս՝ տարածքի և թուրքերենի փայլուն իմացությամբ: 1922 թ. ապրիլին Խարբերդից և հարակից շրջաններից Կյունցլերը կազմակերպում է համաշխարհային պատմության մեջ որբերի ամենաստվար՝ շուրջ 5 հազար երեխաների աննախադեպ տարհանման գործողությունը: Ըստ Յա. Կյունցլերի կազմած վիճակագրության՝ ընդհանուր առմամբ Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան բնակավայրերից տարբեր խմբերով իր կողմից տարհանվում է շուրջ 8 հազար հայ երեխա, որոնք տեղաբաշխվում են Սիրայի և Լիբանանի որբանոցներում: 
1922 թ. սեպտեմբերին՝ Զմյուռնիայի աղետի ժամանակ, շուրջ 5 հազար հույն և հայ որբեր տարհանվում են քեմալականների կողմից հրդեհի մատնված քաղաքից՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան:
Տարհանման այս գործողությունների արդյունքում երիտթուրքերի ու քեմալականների ցեղասպանական գործողություններից փրկվեցին հազարավոր հայ որբեր:
Ըստ Ջ. Բարտոնի տվյալների՝ 1922-23 թթ.՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործուն աշխատանքների շնորհիվ, մոտավոր հաշվարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան և Հունաստան էվակուացվեցին մոտ 30 հազար հայ և հույն որբ, որից 12 հազար հայ երեխա՝ կայսրության միայն հարավային, հարավարևելյան շրջաններից:

Ֆրանսիական նավերով մուսալեռցիների տարհանումը Պորտ-Սաիդ, 1915թ.

Մուսալեռից տարհանված երեխաները Պորտ-Սաիդում, 1915թ. 

Մուսալեռից տարհանված երեխաները Պորտ-Սաիդում, 1915թ.

Մուսալեռից տարհանված երեխաները Պորտ-Սաիդում, 1915թ. 

816 հայ որբերի տարհանումըՆահր էլ-Օմարից դեպի Երուսաղեմ, 1921թ. 

Կույր և հաշմանդամ հայ որբերի էվակուացիան Թուրքիայից Յ. Կյունցլերի կողմից, 1922 թ. 

Հայ որբերը Երուսաղեմում, 1922թ.

Յակոբ Կյունցլերի կողմից Թուրքիայից տարհանված 8 000 հայ որբերի էվակուացիոն ուղիները, 1922 թ. 

Թուրքիայից տարհանվող հայ որբերի խումբ,1922 թ.

Խարբերդից տարհանված 5000 հայ երեխաների խումբը, 1922թ. 

Թուրքիայից տարհանվող հայ որբերի խումբ,1922 թ.

Թուրքիայից տարհանված 8 000 որբերի առաջին՝ 130 հոգանոց խումբը.
երկօրյա դժվարին ճամփորդությունից հետո հանգստի ժամին 

Ուրֆայից տարհանված հայ որբերը քրդական Սուրուջ գյուղի մոտ, 1922 թ. 

Թուրքիայից տարհանված 1400 որբ ապաստանեց Ղազիրի (Լիբանան) որբանոցում 

Կ. Պոլսից Հունաստան տարհանվող որբերը, 1922թ.

Թուրքիայից տարհանված հազարավոր երեխաների մի խումբ: Նրանք հարկադրված հեռանում են պատմական հայրենիքից, 1922թ. 

Փոքրիկ որբերը կազմակերպված շարքերով տարհանվում են Թուրքիայից, 1922թ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am