Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանում տնային կալանքի ենթարկվածներին կվերահսկեն էլեկտրոնային սարքերով

Հայաստանում տնային կալանքի ենթարկվածներին կվերահսկեն էլեկտրոնային սարքերով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ծրագրում է ներդնել տնային կալանքի խափանման միջոցը եւ էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկել պատիժը կրողի շարժը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանը, էլեկտրոնային վերահսկողության սարքերի կիրառումը նախատեսված է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանված տնային կալանքի և վարչական վերհսկողության խափանման միջոցների դեպքում: «Կա երկու խափանման միջոց, որոնց դեպքում կարող են կիրառվել էլեկտրոնային վերհսկողության սարքերը. տնային կալանք և վարչական վերահսկողություն: Երկրորդի դեպքում` անձին չես պարտադրում մնալ տանը, դու իրեն ասում ես` պարտավոր ես, օրինակ, շաբաթը երեք անգամ գնալ ու գրանցվել ոստիկանության բաժնում, պարտավոր ես չմոտենալ որոշակի անձանց, որոշակի ժամերի չգնալ այս կամ այն վայրը: Օրինակ, ասվում է` իրավունք չունես փոխել մշտական բնակության վայրդ: Էլեկտրոնային սարքը թույլ է տալիս այդ ամենը վերահսկել ու ստուգել: Տնային կալանքն ուրիշ է, այն ենթադրում է, դու տանից դուրս չպետք է դուրս գաս, որ, օրինակ, որոշակի մարդկանց չկարողանաս քո տանը հյուրընկալել, հնարավոր է նաև վերահսկվեն հեռախոսային խոսակցությունները, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի: Վերահսկող սարքը հնարավորություն է տալու համապատասխան մարմիններին հետևել անձի վարքագծին: Կալանքի ենթարկված անձն անընդհատ սարքով ազդանշաններ է ստանալու, որոնց պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում` անձը կխախտի  խափանման պայմանները: Բնականաբար, եթե խախտում է կանոնները, ապա առաջանում է կալանքի վտանգ նրա համար»,-ասաց Արման Թաթոյանը:

Նրա հավաստմամբ` վերահսկողության էլեկտրոնային սարքերի ձեռքբերման հարցը նախարարության կողմից արդեն բարձրացրվել է: «Մենք արդեն բարձրացրել ենք սարքերի ձեռքբերման հարցը, որ դա անենք պետական միջոցների հաշվին, և միջազգային կազմակերպություններին ենք դիմել, որ կարողանանք դրանք ստանալ տարբեր ծրագրերի արդյունքում: Հարցը կոմպլեքս է, այժմ կարևորը ոչ միայն սարքերն են, այլև հետագայում առաջանալու է հարցը, թե ինչպես օգատգործենք դրանք: Մեզ պետք կգան փորձագետներ, ովքեր կօգնեն մեր տեղացի մասնագետներին`հասկանալ էլեկտրոնային վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները: Ոչ միայն տեխնիկական աշխատանքը կատարողների համար, այլ հենց քննիչների, դատավորների համար է պետք. յուրաքանչյուրին իրենց մասով»,-ասաց Արմեն Թաթոյանը` տեղեկացնելով, որ ներկայում կան նախնական պայմանավորվածություններ: «Կարևորն այն է, որ նախագիծը չի պարտադրում տնային կալանքի վարչական վերահսկողության ձևը միայն էլեկտրոնային սարքերով իրականացնել, այլ ասում է` կարող է այդ տարբերակով արվել: Հնարավոր են դեպքեր, երբ էլեկտրոնային վերահսկողության անհրաժեշտությունը չառաջանա էլ»,-հավելեց փոխնախարարը:

Նշյալ արքերի գնի առնչությամբ`փոխնախարարն ասաց, որ այս պահին հստակ արժեք չի կարող նշել: «Տարբեր մոդելներ ունեն տարբեր հնարավորություններ, ըստ այդմ` նաև տարբեր գներ: Այժմ քննարկվում է` ինչ հնարավորություններով մոդելներ ձեռք բերել, քանի որ էլեկտրոնիկան անընդհատ կատարելագործվում է»,-նշեց փոխնախարարը:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որն այժմ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ներքո է, գործող օրենսգրքի համեմատությամբ  ունի մի շարք առանձնահատկություններ: Այն ենթարկվել է ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային փոփոխությունների, մասնավորապես, Քրդատ օրենսգրքի նոր նախագծով պաշտպանական կողմին տրվել են նոր առավելություններ:

Այլընտրանքային խափանման միջոցների շրջանակն է ընդլայնվել, նոր խափանման միջոցներ են ավելացել և միանգամից մի քանի խափանման միջոց համակցված հնարավոր է լինելու կիրառել: Խափանման այլըտրանքային միջոցներ կան, որոնք ձևափոխվել են ու նորովի են ներկայացվում, օրինակ, գրավը, որը դարձել է խափանման միջոց:

Սահմավել են քրեական հետապնդման ժամկետներ, առկա է նախաքննության երկու ձև` պարզեցված և ընդհանուր նախաքննություն: Պաշտպանի և մեղադրյալի դատավարական հնարավորություններն էլ են ընդլայնվել, մասնավորապես, մինչդատական վարույթում ապացույցներ ներկայացնելը, փորձագետի կարծիք ստանալ. ուժեղացվել է մասնավոր մասնակիցների ինստիտուտը: Դատարավարության փուլերն են ենթարկվել փոփոխությունների, մասնավորապես, նոր նախագծով առկա են նախնական, հիմնական և լրացուցիչ դատալսումներ:

Մասնագետների հավաստմամբ` նոր օրենսգրքի նախագծում ընկած է գաղափարախոսություն, որի  դրույթները պայմանավորված են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավարություններով: Հաշվի է առնվել միջազգային փորձը, չկա մի երկիր, որի քրեական դատավարության օրենսգրքին լիովին համապատախանեցված լինի նոր նախագիծը, այն մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի առանձնահատկությունները:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am