Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կենսաթոշակային բարեփոխումները կոչված են հայաստանցու ապագան միահյուսել իր հողին. ՀՀ Նախագահ

Կենսաթոշակային բարեփոխումները կոչված են հայաստանցու ապագան միահյուսել իր 
հողին. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իրականացնում է հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու երկրին բաժին ընկած ռազմավարական անորոշությունները: Ինչպես Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն: Դրանք ուղղված են նոր սերնդի բարեկեցությանը: «Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին: Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա համոզմամբ` սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական բարեփոխումները: «Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն: Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը,  ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: Գոյություն ունի կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակ` կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Վերջիններս միմյանցից տարբերվում են ռիսկայնության աստիճանով: Համակարգից օգտվողները կկարողանան կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները օպերատորների միջոցով։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան որպես օպերատորներ արդեն իսկ ընտրել է «Արարատբանկին», «Արդշինինվեստբանկին», «Հայբիզնեսբանկին», «ՎՏԲ-Հայաստան» բանկին և «Հայփոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am