Տնտեսություն

Կոշիկի հայ արտադրողները պատրաստ են դուրս գալ միջազգային շուկա. ոլորտի համալիր վերլուծություն

16 րոպեի ընթերցում

Կոշիկի հայ արտադրողները պատրաստ են դուրս գալ միջազգային շուկա. ոլորտի համալիր վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության կոշիկի երբեմնի փառքը խամրել է մի շարք հիմնախնդիրների պատճառով, սակայն ոլորտի զարգացման ռազմավարությունը թույլ է տալիս լավատեսական տրամադրվել կոշկագործության ապագայի հարցում: «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց շոշափել հայրենական կոշկագործության զարկերակը՝ անդրադառնալով կոշիկի արտադրության ծավալների հետխորհրդային անկման, Հայաստանից Թուրքիա արտահանվող անմշակ կաշվի, տեղական շուկայում չինա-թուրքական արտադրանքի հեղեղի և գնային ճնշման, Հայաստանում միջազգային առաջատար դիզայներական մեթոդների ներդրման, «կաշվասեր» մակաբույծների դեմ պայքարի, Մաքսային միությանն անդամակցելու շրջանակում կոշկագործության ոլորտում սպասվող փոփոխություններին և այլ հարցերի:

Կոշիկի արտադրության երանելի անցյալը, զուսպ ներկան, չիրացված պոտենցիալը և ռուսական շուկան

Խորհրդային տարիներին Հայաստանը կոշիկի արտադրության հիմնական կենտրոններից էր: 1990-ին մեր երկրում արտադրվել է 18 միլիոն զույգ կոշիկ, որի 70 տոկոսը բնական կաշվից երեսով: Կոշիկի արտադրության 80 տոկոսը կենտրոնացված էր Երևանում: Ներկայում արտադրվող կաշվեկոշիկների քանակը գնահատվում է 600-700 հազար զույգ, այսինքն` Խորհրդային տարիների ցուցանիշից շուրջ 20 անգամ պակաս:

Մեր երկրում գործում է կոշիկի արտադրությամբ զբաղվող շուրջ 30 ձեռնարկություն, որոնցից 5-7-ը միջին չափի՝ 30-50 աշխատողներով: Սակայն տոնավաճառներում և ոչ բրենդային խանութներում վաճառվող կաշվե կոշիկների գերակշիռ մասն անհատ վարպետների կամ «անանուն» արտադրողների արտադրանք են: Հայաստանում առկա է առնվազն 1,5-2 միլիոն զույգ կոշիկի արտադրության արտադրական հզորություն: Հարկ է նշել, որ կոշիկի գլոբալ արտադրությունը գնահատվում է տարեկան 21 միլիարդ զույգ, որի 70 տոկոսն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը:

Հայաստանից կաշվե կոշիկներն արտահանվում են հիմնականում Ռուսաստան: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2011 թվականին ՀՀ-ից արտահանվել է 51 հազար զույգ կաշվե երեսով կոշիկ, 2012թ. 98 հազար, 2013թ.`շուրջ 71 հազար, որի 90 տոկոսից ավելին՝ ՌԴ: Դաշտում չկան խոշոր արտահանող ընկերություններ: Կոշիկի հումքը հիմնականում ներմուծվում է:

Կոշիկի արտադրության զարգացման թուրքական «խոչընդոտն» ու թեթև արդյունաբերության զարգացման ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը թեթև արդյունաբերության ոլորտը հռչակել է գերակա ճյուղ:Դեկտեմբերի 6-ին վարչապետին կից արդյունաբերական խորհուրդը հաստատել է Թեթև արդյունաբերության ոլորտային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Փաստաթղթի համաձայն՝ 2018թ. նախատեսվում է իրացնել շուրջ 37 միլիոն դոլարի կոշիկ, իսկ 2023թ.` 75-80 մլն դոլարի: 2012թ.-ին իրացվել է տեղական արտադրության շուրջ 15 միլիոն դոլարի կոշիկ: Նախատեսվում է նաև, որ կոշիկի արտահանումը ներկա 1.6 միլիոն դոլարից 2023թ. կհասնի 45 մլն դոլարի:

Նշված թիրախներին հասնելու համար Կառավարությունն առանձնացրել է 7 գործողություն:Գլխավոր հարցը, թերևս, կոշիկի արտադրությունը տեղական հումքով ապահովելն է, ինչին մեղմ ասած չի նպաստում մեր երկրից անմշակ կաշվի արտահանումը Թուրքիա: 2012թ.-ին մեր երկրից ընդհանուր արտահանվել է խոշոր եղջրավոր անասունի 137 հազար անմշակ մորթի, որից հնարավոր էր ստանալ 30-35 մլն դեցիմետր քառակուսի պատրաստի կաշի: Միաժամանակ, ներկրվել է 17 միլիոն դեցիմետր քառակուսի պատրաստի կաշի, այսինքն արտահանված անմշակ կաշվի հնարավոր վերամշակման արդյունքում ստացվելիք հումքի մոտ 50 տոկոսի չափով: Հարկ է նշել, որ Հայաստանում առկա է 50-55 միլիոն դեցիմետր քառակուսի պատրաստի կաշի ստանալու պոտենցիալ և 100 մլն դեցիմետր քառակուսու արտադրական հզորություններ: Մեր երկրում անմշակ կաշին մշակելու արդյունքում հնարավոր կլինի մոտ 40 տոկոսով նվազեցնել կոշիկի հիմնական հումքի արժեքը:

Հայ կոշկագործները մի քանի անգամ ցածր են վարձատրվում չինացի և թուրք կոլեգաներից

Հայաստանում կոշկագործությունը զարգացնելու խթան է էժան աշխատուժի առկայությունը: 2012 թ. տվյալներով՝ կոշիկի արտադրության ոլորտում մեկ ժամի աշխատավարձը Հայաստանում կազմել է 1.4 դոլար, ինչն ավելի քան երկու անգամ պակաս է Չինաստանի համանման ցուցանիշից, 3 անգամ՝ Թուրքիայի և 16 անգամ՝ Իտալիայի տվյալներից: Հատկանշական է, որ մեր երկիր ներկրվող կաշվե կոշիկների մեծ մասը Չինաստանից և Թուրքիայից է:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պաշտպանում են իրենց այդ շուկան և տեղական կաշին չարտահանելու համար մեծ մաքսատուրքեր են կիրառում: «Եթե մենք Մաքսային միության մեջ ենք մտնում, բնականաբար ընդօրինակելով նաև նրանց այդ գործառույթը, մենք նույնպես մեծ մաքսավճար կսահմանենք, որ կաշին հենց այնպես չարտահանվի»,- ասաց ՀԱՄ նախագահը՝ հավելելով, որ Մաքսային միությանն անդամակցելը կնպաստի կաշին տեղում մշակելուն: Նրա խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելը հնարավորություն կտա տեղում մշակված կաշվից արտադրված կոշիկն առանց մաքսատուրքերի արտահանել Ռուսաստան, Բելառուս և այլ երկրներ: «Մենք կարող ենք այդ շուկաները նորից վերգտնել»,- ասաց Սաֆարյանը: Նա հիշեցրեց Թեթև արդյունաբերության զարգացման հայեցակարգի և Կառավարության կողմից դրա դերակատարության կարևորման մասին տնտեսական աճի տեմպերն ապահովելու հարցում: «Թեթև արդյունաբերության ոլորտն էլ պետք է իր խոսքն ասի մեր տնտեսության աճի տեմպերում»,- ասաց նա: Սաֆարյանի տեղեկություններով՝ կոշիկի արտադրությամբ զվաղվող «Լյուքս» ընկերությունը պատրաստ է տարեկան ապահովել 3 միլիոն զույգ կոշիկի թողարկում` 3000 տոննա պատրաստի կաշի ունենալու դեպքում: Սաֆարյանն այժմ բանակցություններ է վարում կաշեգործների և կոշկագործների միության հետ, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Հայաստանում կոշիկ արտադրողներին համախմբելու ուղղությամբ:

Թուրքիա արտահանվող անմշակ կաշվի վրա մաքսատուրք և ԱԱՀ-ից ազատված սպանդանոցներ

Սաֆարյանի կարծիքով՝ սպանդանոցները պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից, որպեսզի շահագրգռված լինեն ինչպես մսի արտադրության, այնպես էլ կաշին խնամքով ստանալու հարցերում: «Հիմա տնային պայմաններում մորթ իրականացնելիս կաշին փչացնում են, իսկ եթե սպանդանոցներում մորթը կազմակերպվում է ավտոմատ համակարգով, մենք կարող ենք ակնկալել, որ կստացվի անվնաս կաշի»,- ասաց նա: ՀԱՄ նախագահն անդրադարձավ կոշիկի արտադրության ոլորտի զարգացմանը նպաստելու Կառավարության անհրաժեշտ քայլերին: Սաֆարյանն առաջնահերթ համարեց սուբսիդավորված վարկերի տրամադրումը ոլորտին: «Երկրորդ` անհրաժեշտ է կաշվի արտահանման վրա դնել մաքսատուրք և որոշակի արտոնություններ սահմանել՝ «Մասիս» ֆիրմայի կոշիկի ավանդույթը վերականգնելու համար, որ մարդիկ շահագրգռված լինեն այդ ոլորտը զարգացնելու հարցում»,- եզրափակեց ՀԱՄ նախագահը:

Հայկական կոշիկն` «ընդդեմ» իտալականի

«Ռասսի» կոշիկի ֆաբրիկայի տնօրեն Հմայակ Գևորգյանի համոզմամբ՝ տեղում կաշին մշակելու դեպքում հումքի գինը կնվազի, ինչը կբերի կոշիկի ինքնարժեքի նվազման և արտադրանքն էլ ավելի մրցակցային կլինի: Գործարարը կողմ է Հայաստանից անմշակ կաշին արտահանելու հարցում Կառավարության կողմից որոշակի սահմանափակումների կիրառմանը: Գևորգյանի խոսքով՝ հայկական արտադրանքը կոնկրետ գնային սեգմենտում մրցակցային է, իսկ իտալականը հիմնականում այլ գնային սեգմենտում է: «Եթե այն գնային կատեգորիան, որը մենք են առաջարկում, համեմատենք իտալականի հետ, բնականաբար մերը մրցակցային է: Սակայն իտալականը մեզանից 4-5 անգամ ավելի թանկ ապրանք է առաջարկում և այդ գնին համարժեք կարող է նրանց ապրանքի որակը բարձր լինել: Բայց եթե մենք էլ այդ գնով առաջարկենք, բնականաբար մեր արտադրանքի որակն էլ ավելի լավը կլինի: Մի խոսքով որակի հարցում խնդիր չունենք»,- ասաց ֆաբրիկայի տնօրենը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հիշեցրեց, որ պետական ռազմավարությունը վերաբերում է տեքստիլի, տրիկոտաժի և կոշիկի արտադրության ոլորտներին: Այդ բոլոր ոլորտների հետ կապված առկա է գործողությունների մեկ պլան: Գործողությունները 9 ուղղություն ունեն՝ հումքի և արտադրական սարքավորումների ներմուծման խնդիրների հասցեագրում, տեղական հումքային բազայի զարգացումը, մասնագիտական կրթության բարելավում, աշխատուժի պատրաստում և վերապատրաստում, ֆինանսական աջակցություն, օտարերկրյա արտապատվիրման ներգրավում, սեփական արտադրանքի արտահանման խթանում, հայկական բրենդերի զարգացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի վաճառի խթանում, ինչպես նաև որակի ապահովում և վերահսկում:

Առաջատար դիզայներական մեթոդների ներդրումից, մինչև կոշիկի հումքի ապահովման խնդիր

Եգանյանի ներկայացմամբ՝ 2014 թվականին նախատեսվում է հումքի և սարքավորումների ներմուծման պայմանների բարելավման աշխատանքների իրականացում, տեղական կաշին արտադրության զարգացման մեջ օգտագործելու հարցի ուսումնասիրություն: Այս տարի քայլեր կկատարվեն մասնագիտական կադրերի պատրաստման, աշխատուժի զարգացման ուղղություններով, կիրականացվի կրթական կարիքների և աշխատուժի պահանջարկի գնահատում: «Այդ գնահատման հիման վրա մենք արդեն պետք է փորձենք ստեղծել կապ արտադրողների և կրթական հաստատությունների միջև, որպեսզի հնարավոր լինի կադրեր պատրաստել ընկերությունների համար: Ծրագրեր կմշակվեն նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություներում կոշիկի արտադրության մասնագետներ պատրաստելու ուղղությամբ»,- ասաց Եգանյանը՝ հավելելով, որ 2014-ին կիրականացվեն կոշիկի մոդելավորման և մասնագիտական դիզայնի կենտրոն ստեղծելու աշխատանքներ: «Մենք ունենք ֆինանսական աջակցության ուղղություն: Խոսքը գնում է կապիտալ ներդրումային ծրագրի շրջանակում շրջանառվող միջոցների վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման մասին, որն արդեն իրականացվում է Արդյունաբերական զարգացման հիմնադրամի կողմից: 2014-ին կոշիկի և տրիկոտաժի արտադրության ոլորտում նույնպես գործելու է այդ գործիքը»,- ասաց վարչության պետը:

Հայաստանում կներդրվեն միջազգային դիզայներական հեղինակավոր դպրոցների մեթոդները

Եգանյանի տեղեկացմամբ՝ 2014 թվականին նախատեսվում է կոշիկի առաջատար դիզայներական դպրոցների ծրագրերի ներդրում Հայաստանում, հագուստի և կոշիկի դիզայնի կրթության բարելավման ծրագրերի մշակում և կիրառում: Քայլեր կկատարվեն նաև տեղական շուկայում արտադրանքի վաճառքի խթանման ուղղությամբ: «Մեր ունիվերսալ վարկային կազմակերպությունից ընկերությունների վերցրած վարկերի տոկոսադրույքի 3 տոկոսը կսուբսիդավորվի»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ այս տարի ծրագրված են նաև այլ միջոցառումներ, որոնք պետք է խթանեն կոշիկի արտահանումը: Թիրախային շուկաներում կիրականացվի կոշիկի արտադրության ցուցահանդեսների մասնակցության աջակցություն:

Պաշտոնյան հիշեցրեց, որ ներկայում այդ հարցում աջակցություն է ցուցաբերվում գինու, կոնյակի, դեղերի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, որտեղ պետությունը համաֆինանսավորում է միջազգային ցուցահանդեսների մասնակցության 50 տոկոսը: «2014 թվականին այդ գործիքից կօգտվեն նաև կոշիկ արտադրող ձեռնարկությունները»,- ասաց վարչության պետը՝ հավելելով, որ թիրախային շուկաներում արտադրանքի սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը ևս կֆինանսավորի պետությունը:

«Ձախ» ներմուծումների դեմ պայքարի սաստկացում, տեղական արտադրանքի հանրահռչակում և կաշվի մակաբույծներ

Վարչության պետի համոզմամբ՝ ներմուծողներն ու արտադրողները պետք է գտնվեն հավասար պայմաններում: Նա կարևորեց «ձախ» ներմուծումների պրակտիկային հնարավորին խոչընդոտումը: Եգանյանը նշեց, նաև որ այս տարի կստեղծվի տեղական արտադրանքի առաջմղման ինտերնետային կայք, հեռուստատեսությամբ և տարբեր լրատվամիջոցներով կիրականացվի տեղական արտադրանքի գովազդ և իրազեկության բարձրացում:

Պաշտոնյան անդրադարձավ կոշիկի հումքի խնդրին և անմշակ կաշվի արտահանմանը: «Մինչև 2014 թվականի փետրվար նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ ամբողջ դաշտը` այսինքն արտահանում, ի՞նչ պայմաններով է արտահանվում, որքա՞ն է արտահանվում, ի՞նչ խնդիրներ կան, ինչպես կարելի է կարգավորել այդ հարցը: Կարծում եմ, որ այդ ուսումնասիրությունների եզրակացությունները Կառավարությանը կներկայացվեն մինչև մայիսի վերջ»,- ասաց Եգանյանը: Նրա կարծիքով՝ կաշվի արտահանման սահմանափակումը պետք է լինի արդարացված և ունենա հստակ հիմնավորումներ:

Եգանյանը խոսեց տեղական կաշվի որակի ապահովման մասին: Նա նշեց, որ կաշվի որակը կախված է սկսած անասունին պահելուց մինչև մորթ և կաշին մշակողին հասցնելու հանգամանքներից: Նա կարևորեց կաշին փչացնող մակաբույծների դեմ պայքարում պատկան մարմինների ջանքերի ինտենսիֆիկացումը: Վարչության պետը նշեց նաև հեռանկարում Հայաստանից մշակված կաշի արտահանելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Այս ամենի ֆոնին, երևանցիները դեմ չեն տեղական արտադրության կոշիկ կրելուն: «Արմենպրես»-ի թղթակիցը փոքրիկ հարցախույզ արեց` պարզելու հայկական արտադրության կոշիկի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը: Հարցվածների ճնշող մեծամասնությունը գոհ էր տեղական կոշիկների որակից, սակայն որոշակի դժգոհություններ ուներ գնի հարցում, որն ինչպես արդեն նշվեց հիմնականում կապված է հումքի գների հետ: Օրինակ, տեղական կոշիկը խոշոր խանութների ցանցերից մեկում վաճառվում է միջինը 30-40 հազար դրամով, այնինչ տոնավաճառներում դրա անորակ «ցեղակիցները» վաճառվում են շուրջ 30 տոկոսով էժան: Բնականաբար ոչ բարձր եկամուտներ ունեցողներին կգրավի համեմատաբար էժան ապրանքը, չնայած դրա ծառայության ժամկետը գնի պես գրավիչ և ձեռնտու չէ:

Այսպիսով, կարելի արձանագրել Հայաստանում կոշիկի արտադրությունը զարգացնելու հսկայական պոտենցիալի առկայությունը, որը կարող է լիարժեք դրսևորվել միայն պատկան մարմինների կողմից այդ ուղղությամբ մի քանի հստակ քայլերի շնորհիվ: Մնում է հուսալ և ակնկալել, որ ոլորտում ընդունված համապատասխան ռազմավարության և Մաքսային միությանն անդամակցելու շրջանակում իրականացվելիք քայլերի շնորհիվ կվերածնվի հայկական կոշիկի երբեմնի համբավը:

Հակոբ Վարդանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում