Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ալիևի դստեր ղեկավարած կառույցի անդամը Մոսկվայում անպարկեշտ վարք է դրսևորել հայի նկատմամբ

Ալիևի դստեր ղեկավարած կառույցի անդամը Մոսկվայում անպարկեշտ վարք է դրսևորել 
հայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏՄԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդը հերթական անգամ դրսևորել է անհանդուրժողականություն և ատելություն հայկական ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի հայ կատարողի հանդեպ: Մոսկվայի Moscow Hall ակումբում օրերս անցկացված 9-րդ ամենամյա ազգամիջյան երեկույթի («Մոսկվան աշխարհի ժողովուրդների ռիթմերում»), ընթացքում Ադրբեջանի նախագահի դստեր` Լեյլա Ալիևայի ղեկավարած կազմակերպության ներկայացուցիչը սադրանք է հրահրել՝ ջրի շիշ նետելով և անպարկեշտ խոսքեր ասելով բեմում ելույթ ունեցող հայ դուդուկահարի հասցեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի (ՌՀԿԿԽ) մամուլի ծառայությունից, միջոցառումը կազմակերպվել է Մոսկվայի ազգությունների տան և Մոսկվայի միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների դեպարտամենտի աջակցությամբ: Երեկույթին մասնակցել են մշակույթի գործիչներ, արվեստագետներ, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, ինչպես նաև արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած երաժշտական ու պարային խմբեր: «Այդ մասսայական և վառ  միջոցառումը Մոսկվայի լավագույն էթնիկ երիտասարդական երեկույթն է»,- հայտնեցին ՌՀԿԿԽ-ից: Միջոցառման գլխավոր խնդիրը տարբեր ազգությունների երիտասարդների համախմբումն ու հարևան պետությունների մշակութային ժառանգության հետ ծանոթանալն է: Դա առավել քան արդիական է Ռուսաստանի համար, որտեղ ապրում են հարյուրավոր ազգություններ: Կազմակերպիչները  ստեղծել են անմիջական մթնոլորտ, որտեղ երիտասարդները հնարավորություն են ունեցել շփվելու իրար հետ, ծանոթանալ միմյանց երաժշտական ոճերին և ազգային ստեղծագործական կոլեկտիվներին: «Թվում էր, թե այդ հարթակը պետք է զերծ լիներ քաղաքական ինտրիգներից և ազգամիջյան հարաբերություններ պարզելուց: Սակայն, երեկույթի ընթացքում տեղի ունեցավ տհաճ միջադեպ՝ կապված հյուրերից մեկի անպարկեշտ պահվածքի հետ: Հայկական կողմին և նրա ազգային գործիքը՝ դուդուկը ներկայացնող երաժշտին բեմ հրավիրելիս, դահլիճից անպարկեշտ վանկարկումներ լսվեցին կատարողի հասցեին: Երբ կատարողը բեմ դուրս եկավ, նրա վրա նետվեց ջրով լի պլաստիկե բաց շիշ: Հյուրերից շատերը, ցողվելով ջրով, շատ վրդովված էին տհաճ փաստից», - տեղեկացրին խորհրդից՝ հավելելով, որ անպարկեշտ վարք դրսևորած հյուրը Ռուսաստանի ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (АМОР) ներկայացուցիչն էր, որին աջակցում է Հեյդար Ալիևի հիմնադրամը:

Անհանդուրժող ադրբեջանցու հետ զրույցում պարզվել է, որ նա գիտակցված է կատարել իր քայլը՝ արարքը պատճառաբանելով «անարդարությամբ»: «Նա դժգոհ էր, որ որ հայ երաժիշտները, իբր, իրենց են վերապահել դուդուկը որպես ազգային գործիք օգտագործելու իրավունքը»,- պարզաբանեցին ՌՀԿԿԽ-ից՝ հիշեցնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն դուդուկը ներառել է համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ որպես հին հայկական երաժշտական գործիք:

ՌՀԿԿԽ-ից նշեցին, որ ադրբեջանական նմանատիպ սադրանքներ տեղի են ունեցել նաև նախկինում. անցյալ տարի վերոնշյալ երեկույթում ադրբեջանցի Օրհան Իսմայիլը հայ արտիստի ելույթից հետո նույնությամբ կատարել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը (արդեն «Ղարաբաղ» անվանմամբ) դա ներկայացնելով որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն: Կոորդինացիոն խորհուրդն ազգերի միջև արհեստական արգելքներ ստեղծելուց և ատելություն սերմանելուց  զերծ մնալու անհրաժեշտություն է տեսնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am