Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի Ձմեռ պապ սահմանամերձ գյուղերի երեխաների համար

Յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի Ձմեռ պապ սահմանամերձ գյուղերի երեխաների 
համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը նվիրատվությունների միջոցով Ամանորի հրաշքն իրական կդարձնի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերի երեխաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին «Բարի Ձմեռ պապ» ծրագրի համակարգող խորհրդից, ծրագիրը բաղկացած է 5 մասից, որի արդյունքում նվերներ կտրվեն ՀՀ սահմանամերձ գյուղերի մանկահասակ երեխաներին, հատկապես` հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալական առավել ծանր խնդիրներ ունեցող մանուկներին, դպրոցականներին: Նրանք պետք է նամակ կգրեն Ձմեռ պապին: Նվերների կարժանանան նաև սահմանամերձ գյուղերի «լավագույն աշակերտ» մրցույթի հաղթողները:

Կազմակերպվելու է Ձմեռ պապին ուղղված նամակների պատրաստում սահմանամերձ գյուղերի դպրոցական երեխաների կողմից: Նամակները տեղադրվելու են www.santaclaus.am կայքում, որում նախատեսված է «ՁՄԵՌ ՊԱՊ» դառնալու հնարավորություն: Անձը, մուտք գործելով վերոնշյալ կայքը, կարող է ընտրել մեկ կամ բազմաթիվ երեխաների նամակներ, ներկայացնել նրանց նվիրատվություն կատարելու հայտ: Դրանից հետո ծրագրի աշխատակից Ձմեռ պապերի և Ձյունանուշների միջոցով նվերները հովանավորներից կփոխանցվեն հասցեատեր երեխաներին և երեխաների շնորհակալագրերը և նվիրատուի տվյալները (նվիրատուի համաձայնության պարագայում) կհրապարակվեն կայքում: Ծրագրի այս հատվածի նպատակն է ստեղծել մշտական և կայուն կապ կարիքավոր երեխաների և այն անձանց միջև, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին: Ծրագիրն աշխատում է այնպիսի սկզբունքով, որ յուրաքանչյուր նվիրատու հնարավորություն ունենա հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում և ցանկության պարագայում՝ հետագայում ևս շարունակել հովանավորել այդ երեխային:

«Լավագույն աշակերտ» մրցույթի շրջանակում յուրաքանչյուր գյուղի 1-12-րդ դասարանների լավագույն աշակերտները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Տարվա ընթացքում պայմաններ կստեղծվեն այդ երեխաներին կրթական, ժամանցային կամ այլ ծրագրերում ներգրավելու համար: Այս մասով ծրագրի նպատակն է խթանել երեխաների ուսման արդյունավետությունը, ստեղծել մրցակցային ուսումնական մթնոլորտ, հանգստի և ժամանցի միջոցներ, որպեսզի սահմանամերձ գյուղերի երեխաները շարունակեն իրենց կրթությունը գյուղում և չտեղափոխվեն այլ բնակավայրեր (տարեցտարի փակվում են սահմանամերձ գյուղերի դպրոցները՝ աշակերտներ չունենալու պատճառով):

www.santaclaus.am կայքում կազմակերպվելու է «Լավագույն նամակներ» մրցույթ: Կայքում առկա է քվեարկելու հնարավորություն ուղարկված նամակների համար 1-10 բալային սանդղակով: Քվեարկության արդյունքներով լավագույնը ճանաչված նամակագիրները կստանան «Հատուկ հովանավոր»-ի կողմից հատկացված նվերները:

Այցելությունների ընթացքում կիրականացվեն նկարահանումներ, կպատրաստվեն տեսանյութեր հաշմանդամ և կարիքավոր երեխաների խնդիրների վերաբերյալ, որոնք կտեղադրվեն ծրագրի կայքում, կձեռնարկվեն միջոցառումներ` նպատակ ունենալով գտնել նշված խնդիրների լուծման ուղիները: Հատկանշական է, որ նախորդ տարիների գործունեության արդյունքում «Բարի Ձմեռ պապ» ծրագրին կից ստեղծվել է «Երեխաների շահերի պաշտպանության» ծրագիրը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով: Այս տարվա ծրագրի արդյունքում նպատակ կա ընդլայնել շահառու երեխաների քանակը: Այցելությունների ընթացքում հավաքագրվելու են տվյալներ երեխաների հիմնախնդիրների վերաբերյալ և տարվա ընթացքում զբաղվելու են այդ խնդիրների լուծմամբ:

Ծրագիրն առաջին անգամ անցկացվել է 2008 թ-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում: Այն ուղղված էր հիմնականում Սյունիքի մարզի սոցիալապես անապահով և ծնողազուրկ, ինչպես նաև նամակագիր հազարավոր երեխաներին: Ծրագրի Ձմեռ պապերն ու Ձյունանուշներն այցելել են շուրջ 2500 երեխաների բնակարաններ և նվիրել նվերներ: Նախաձեռնությանն աջակցել են բազմաթիվ անհատներ` այդ թվում արտասահմանցի բարեգործներ:

Հետագա գործունեությունն առավել արդյունավետ ու կազմակերպված իրականացնելու նպատակով` կազմակերպության անդամները հիմնել են «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը:

«Բարի Ձմեռ պապ» ծրագրի կարգախոսն է` «Այսօր չկոտրենք երեխաների սիրտը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]