Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը ծրագրում է գիտական համագործակցություն սկսել Մերձավոր Արևելքի երկրների հետ

Հայաստանը ծրագրում է գիտական համագործակցություն սկսել Մերձավոր Արևելքի 
երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հայ գիտնականների աշխատանքն ու ֆինանսական խնդիրները ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի մշտական ուշադրության կենտրոնում են: Կոմիտեն աշխատանքներ է տանում տարեցտարի ընդլայնել երիտասարդների հնարավորությունները տեղական և միջազգային գիտական շուկայում: Հայաստանում գիտության զարգացման և երիտասարդ գիտնականների ձեռքբերումների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, մեր երկրում տարեկան որքա՞ն գումար է տրամադրվում երիտասարդ գիտնականների ծրագրերին` գիտության զարգացման համար:

-Հատուկ երիտասարդական ծրագրերի իրականացման համար Գիտության պետական կոմիտեի բյուջեով հաջորդ տարվա համար նախատեսել ենք 150 մլն դրամ: Սակայն իրականում ծախսվող գումարները շատ ավելին են: Մենք իրականացնում ենք մրցութային բազմաթիվ ծրագրեր, որոնց մասնակցելու կարևոր պայմաններից մեկն այն է, որ յուրաքանչյուր ծրագրում պետք է ընդգրկված լինի մինչև 35 տարեկան երիտասարդ: Եթե այդ ամենը հաշվի առնենք, ապա եկող տարի երիտասարդներին ֆինանսավորելու ուղղությամբ մոտավորապես 0,5 մլրդ դրամ գումար ենք ծախսելու: Բացի դրանից` ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երիտասարդական հիմնադրամի խողովակներով կտրամադրվի 100 մլն դրամ: Մենք փորձում ենք ավելին անել երիտասարդներին առաջ մղելու համար:

Շատ հաճախ երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե գումարը, այլ թիմի նկատմամբ որոշակի պատասխանատվություն կրելը: Ես ինքս էլ ժամանակին անցել եմ այդ փուլով: Եվ երբ երիտասարդ գիտնականին թիմ ղեկավարելու հնարավորություն ես տալիս, նրա համար դա շատ ոգևորիչ է: Դրան ավելացրած` եթե նա գումար է ստանում, ստացվում է շատ ավելի լավ, քան մենք պատկերացնում ենք: Ես չեմ կարող ասել, որ այս  երիտասարդական մրցութային ծրագրերը կտրականապես կնվազեցնեն երիտասարդների արտահոսքը, քանի որ այն, ինչ մենք անում ենք, դեռ շատ քիչ է, ավելին պետք է անենք:

-Մտավախություն չկա՞, որ ծրագրերը կարող են իրենց նպատակակետին չհասնել այն իմաստով, որ երիտասարդները, այստեղ հաստատվելու փոխարեն, գնան արտասահմանյան և այնտեղ աշխատեն` թեկուզ մշտական կապի մեջ լինելով Հայաստանի հետ:

- Գիտությունը բաց համակարգ է: Այն սկսել է ենթարկվել գլոբալիզացիայի, ամենագլոբալիզացված ոլորտն է: Իսկ գիտնականների համար սահմաններ գոյություն չունեն: Դուք աշխարհում չեք կարող գտնել մի երկիր, որտեղ որևէ գիտական լուրջ ծրագիր է իրականացվում միայն տվյալ պետության ուժերով: Նույնիսկ ԱՄՆ նման հզոր երկիրը իր գիտական ծրագրերի գրեթե 90 տոկոսն իրականացնում է համագործակցության միջոցով: Այսինքն` Հայաստանը բացառություն չէ: Մենք էլ պետություն ունենք, ունենք բավական լուրջ գիտական պոտենցիալ, և դա չպետք է ինքնամփոփվի Հայաստանի սահմաններում: Պետք է հայերն էլ գնան, գիտական շրջապատի հետ շփվեն, տարբեր երկրներում աշխատանքներ անեն: Այդ դեպքում մեր խնդիրն է պայմաններ ստեղծել, որ նրանք նաև վերադառնան: Արտասհմանում մնալն ընդհանուր առմամբ այնքան էլ խրախուսելի չէ, սակայն արգելել չի կարելի. գիտնականին չի’ կարելի արգելել: Հայաստանն այսօր տնտեսապես առանձնապես լավ վիճակում չէ, և մենք շատ միջոցներ չունենք գիտնականներին բարձր վարձատրելու կամ պահանջված սարքավորումները ձեռք բերելու համար, բայց մենք ունենք բավականին բարձր գիտական մակարդակով մարդկային ռեսուրսներ, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն: Եթե այս մարդկանց մենք չթողնենք արտասահման, որ շփվեն այլ երկների ներկայացուցիչների գիտական ձեռքբերումների հետ, Հայաստանում այս պայմաններում ինքնահաստատվել չեն կարողանա: Հետևաբար, պետք չէ այդ խոսակցություններին ողբերգական ձևով մոտենալ: Պարզապես մեր պետության խնդիրը պետք է լինի այն, որ թույլ տալով ազատ տեղաշարժ` նաև ելումուտ ապահովել: Իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան պայման, որ արտասահմանում գիտական գործունեություն ծավալող մեր երիտասարդ գիտնականների գոնե մի մասը վերադառնա հայրենիք: Առանց գիտնականների ազատ տեղաշարժի` որևէ գիտական լուրջ խնդիր լուծել հնարավոր չէ:

Կան  դեպքեր, երբ նրանք գնում են արտասահման, սակայն համաժամանակյա կապի մեջ են  մնում Հայաստանի հետ: Նման օրինակները բազմաթիվ են: Գնացած երիտասարդների մի մասը, ովքեր արդեն հասուն և կայացած գիտնականներ են, մեզ շատ են օգնում որպես խորհրդատուներ: Հայաստանն իր տարեկան բյուջեի 25 տոկոսի չափ գրանտային ծրագրեր է շահում արտասահմանից, որոնց գերակշիռ մասն այստեղից գնացածների շնորհիվ է:

-Հայաստանն իր գիտական ներուժով ինչպիսի՞  դիրքերում է տարածաշրջանում եւ աշխարհում:

-Հայաստանում գիտությունն ունի բավական ծանրակշիռ դերակատարություն: ԱՊՀ տարածքում հայ գիտնականները շատ-շատ հարցերում առաջատարներ են. 1000 գիտնականների կտրվածքով տպագրված հոդվածների քանակով Հայաստանն ավելի բարձր հորիզոնականում է, քան Ռուսաստանը, որը տարածաշրջանում ամենահզորն է: Բացի այդ` շատ են նաև հայ գիտնականների հոդվածներին կատարված հղումները` գիտնականների կատարած 1000 աշխատանքների վրա հղումների թիվը մոտ 25 տոկոսով ավելի է, քան ռուսներինը: Այսինքն` մենք մեկ դոլար ծախսելով` ստանում ենք շատ ավելի լուրջ թվեր, քան մեր տարածաշրջանում գտնվող երկրները: Շատ չափանիշներով մենք երկրորդ պետությունն ենք համարվում, նույնիսկ Թուրքիայից ենք անցել` չնայած ունենք բավական սահմանափակ ֆինանսական հնարավորություններ: Այնպես որ, Հայաստանը, լինելով փոքր պետություն և սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունենալով, ունի մարդկային որակյալ ռեսուրսներ, և դրա հաշվին մենք կարողանում ենք որոշակի հաջողություններ գրանցել:

-Իսկ երիտասարդ գիտնականների ֆինանսական հնարավորություններն ավելի ընդլայնելու համար կոմիտեն ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել:

-Մենք ութ պետության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում: Մեր միջազգային ծրագրերի թվաքանակը մոտենում է 150-ի` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ: Ավելի շատ Եվրոպայի հետ ենք աշխատում: Շուտով ծրագիր կունենանք նաև Չինաստանի և միջինասիական երկրների հետ, քանի որ ինչ-որ իմաստով նրանք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Մերձավոր Արևելքի երկրները նույնպես լուրջ հնարավորություններ ունեն, ուզում ենք նրանց հետ ևս համագործակցել, քանի որ կարող են մեր գիտական ծառայություններով նպաստել նրանց տնտեսության զարգացմանը: Հայաստանը լուրջ հավակնություններ ունի տեխնոլոգիաների վաճառքով զբաղվելու: Այսօր մենք ունենք մշակումներ, որոնք այն մակարդակի են հասել, որ կարող են ներդրվել տնտեսության մեջ, սակայն  մեր տնտեսությունը դեռ պատրաստ չէ այդ ծրագրերը «կլանել»: Հենց այդ ուղղությամբ փորձում ենք համագործակություն ծավալել: Գիտության ասպարեզում առաջատար Իսրայելը նույնպես ժամանակին նման վիճակում էր, նա սկսեց տեխնոլոգիաներ վաճառել, որպեսզի կարողանա ներդրումներ անել. մենք ևս այդպես կաշխատենք: Ես կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում Հայաստանը կարող է գիտելիք վաճառող երկիր դառնալ: Մեր տնտեսությունը  բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով (շրջափակում, պատերազմական վիճակ և այլն) հնարավորություն չի տալիս անմիջապես ներդրում անել: Իսկ տեխնոլոգիաներ վաճառելու տեսանկյունից ունենք լուրջ ռեսուրսներ:

-Պարոն Հարությունյան, կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ պետության դերը բավական մեծ է գիտության զարգացման եւ երիտասարդներին խթանելու հարցում:

-Պետությունն այս վերջին 4-5 տարում ահռելի աշխատանք է կատարել: Մենք մեծ քանակությամբ միջազգային համագործակցության խնդիրներ ենք լուծել, մեգածրագրեր ենք սկսել իրականացնել: Մեզ շրջապատող նույնիսկ բարեկեցիկ երկրներում մեգածրագրեր իրականացնելու ռիսկ անգամ չկա: Իսկ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է երրորդ սերնդի «Քենդլ» սինքրոտրոնային լույսի արագացուցիչ պատրաստել: Դա նշանակում է` լինել շատ համարձակ և գիտությանը վստահող պետություն: Եթե հանրապետության նախագահը և վարչապետը հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է երրորդ սերնդի սինքրոտրոնային արագացուցիչ պատրաստել, ապա միջազգային համագործակցության է հրավիրում երկրներին ու հայտարարում, որ պահանջվող գումարի 25 տոկոսը պատրաստ է պետությունը ներդնել: Նախագծի առաջին փուլի` «Արեալ» գծային արագացուցիչ համալիրի շահագործման հանձնելուց հետո Հայաստանի համար  ֆինանսական հսկայական հնարավորություններ կստեղծվեն:

Մենք մեր երիտասարդ գիտնականներին ֆինանսապես աջակցում ենք, որ ընդունեն զեկույցով հանդես գալու համար այլ երկրներ մեկնելու հրավերքները: Նախկինում այդպիսի բան չի եղել: Հայաստանը դարձել է գիտաժողովների երկիր: Ամեն տարի Հայաստանում 40-50 գիտաժողով է կազմակերպվում: Նման բան նախկինում չկար Հայաստանում:

Հարցազրույցը Ռուզաննա Մովսիսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am