Սփյուռք

Տիմիշոարայի ֆիլհարմոնիայում անց է կացվել հայկական երաժշտության երեկո

2 րոպեի ընթերցում

Տիմիշոարայի ֆիլհարմոնիայում անց է կացվել հայկական երաժշտության երեկո

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական Տիմիշոարա քաղաքի Բանատի ֆիլհարմոնիան Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ նոյեմբերի 15-ին կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո: Քաղաքի Կապիտոլ մեծ համերգասրահը հյուրընկալել էր ռումինական «Սոնուս» եռյակին եւ սոպրանո Վիկտորյա Պետրոսյանին (Հայաստան), որոնց կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Գուսան Շահենի, Լեւոն Մինասյանի հանրահայտ գործերը եւ հայկական ժողովրդական մեղեդիներ։

Ռումինական «Սոնուս» եռյակի երգացանկի մեջ առյուծի բաժին են կազմում հայկական մոտիվները՝ շնորհիվ մենակատար Կոսմին Բալեանի ոգեշնչման, ով վերջին երեք տարիներին մասնագիտացել ու ռումինական երաժշտասերին է ներկայացնում հայկական դուդուկը եւ թավ շվին՝ տաղանդաշատ երաժիշտներ Դորու Ռոմանի (թմբուկ, մարիմբա) եւ Լաուրա Ռոմանի (ջութակ) նվագակցությամբ։ Ռումին հանդիսատեսին հայկական երաժշտության առավել ամբողջական պատկեր հաղորդելու նպատակով, Սոնուս եռյակն այս անգամ հրավիրել էր սոպրանո Վիկտորյա Պետրոսյանին, ով երաժշտական երեկոն հագեցրեց կոմիտասյան երգացանկի վարպետ կատարումներով։

Ինչպես ռումինական մամուլն է գրում համերգի մասին, Տիմիշոարայի հանդիսատեսը հայտնագործեց «ծիրանի փայտից դուդուկի քնքուշ, թախծոտ, քարերին լացացնող ու երգեցնող մեղեդիները» եւ «հանդիսատեսի համար անակնկալ դարձած հայ երգչուհու խորունկ եւ կարոտալից ելեւէջներով գեղեցիկ ձայնը»։

Համերգի օրը Բանատի ֆիլհարմոնիկի նախասրահում ներկայացվեց նաեւ Հայաստանի մասին պատմող հանրամատչելի գրքույկների եւ նյութերի ցուցադրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում