Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման պատճառը հայերից խլված գույքը վերադարձնելու ցանկության բացակայությունն է. Ումիթ Քուրթ

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման պատճառը հայերից խլված գույքը 
վերադարձնելու ցանկության բացակայությունն է. Ումիթ Քուրթ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության իրագործման պատճառները հասկանալու համար չի կարելի անտեսել տնտեսական շարժառիթը, այն է` հայերին պատկանող գույքը խլելը և մահմեդականների կողմից սեփականաշնորհելը: Հենց Հայոց ցեղասպանության արդյունքում հայերից խլված գույքի շնորհիվ էր, որ տնտեսությունը թուրքացվեց և ստեղծվեց թուրքական-մուսուլմանական բուրժուազիա: Այս և մի շարք այլ խնդիրների թուրք հայտնի պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամի համահեղինակությամբ գրված «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերի որոնումները լքված ունեցվածքի վերաբերյալ օրենքներում» գրքում անդրադարձել էր թուրք գիտնական, Մասաչուսեթսում գործող Կլարք համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Ումիթ Քուրթը: «Արմենպրես»-ը զրուցել է թուրք պատմաբանի հետ` խոսելով Ցեղասպանության շարժառիթների, ինչպես նաև թուրքական հասարակությունում Հայկական հարցի վերաբերյալ վերջին տարիներին կոտրվող կարծրատիպերի մասին:

-2012 թվականին Թաներ Աքչամի հետ միասին հրապարակած գրքում նշեցիք այն մասին, որ թուրքական կապիտալը ձևավորվել է հայերից խլված սեփականությունից: Ըստ Ձեզ, Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետության ժխտողական քաղաքականության կարևորագույն պատճառը կարո՞ղ է լինել այս սեփականության վերադարձի խնդիրը:

-Իհարկե, Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման հարցում մեծ է այն սուննի մուսուլմանների և տեղական էլիտայի դերը, որոնք տեղերում աջակցեցին «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կողմից հայերին ոչնչացնելու որոշմանը և որպես այդ օգնության փոխհատուցում տիրացան աքսորված հայերի անշարժ գույքին և սեփականությանը: Այսօր Հայոց ցեղասպանության ժխտման հարցում պետք չէ խոսել միայն թուրքական պետության մասին, քանի որ հասարակության զգալի մի մասն այս հարցում իր աջակցությունն է ցուցաբերում պետությանը: Այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված պետական քաղաքականության այսքան ուժեղ լինելու և հանրության մեջ հարցն անգամ չքննարկելու փաստի հետևում պետք է տեսնել հասարակության տարբեր շերտերի կողմից այս քաղաքականության հարցում պետությանը տված աջակցությունն ու կամքը: Ժխտողականության այսպիսի ամուր հիմքեր ունենալու պատճառն այն է, որ ժխտման և այս համատեքստում նաև հանցագործության մասնակիցները տիրացել են հայերի սեփականությանը և նրանց ներկայիս հարստության աղբյուրը գալիս է հենց այդտեղց: Բնականաբար ոչ ոք չի ցանկանում այս ամենը բացահայտել:

-Թուրքական հասարակությունում հայկական հարցի վերաբերյալ կարծրատիպերը վերջին տարիներին կոտրվում են: Այս առումով ի՞նչ անելիքներ ունեն թուրք ակտիվիստներն ու մտավորականները:

-Հատկապես լիբերալ և ժողովրդավար որոշակի շրջանակների կողմից նկատելի են հայերի վերաբերյալ մոտեցումներում առկա փոփոխությունները: Ցավալի է, որ այս հարցում մեծ դեր ունեցավ կազմակերպված հանցախմբի կողմից Հրանտ Դինքի սպանությունը: Հրանտի մարդասպանն արթնացրեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշ իրատես շրջանակների գիտակցությունը և իրազեկեց նրանց: Թուրքիայում ակտիվիստների կարևորագույն պարտականություններից մեկը պետք է լինի երկրում հայկական սփյուռքի նկատմամբ տիրող վերապահողական վերաբերմունքը փոխելը: Անհրաժեշտ է տեսնել, որ սփյուռքը վրեժխնդրությամբ լցված չէ և տարասեռ կառույց է: Մյուս անհրաժեշտ քայլն էլ, ըստ իս, պետք է լինի Հայոց ցեղասպանության թեմատիկայով իրազեկող ժողովների, կոնֆերանսների և քննարկումների կազմակերպումը: Քանի որ Թուրքիայում մեծապես հայտնի չէ, թե Հայոց ցեղասպանությունը պատմական առումով ինչ իրադարձություն է եղել, այս թեմայով այլընտրանքային պատմական գրքեր և աղբյուրները չեն ուսումնասիրվում: Հետևաբար խիստ անհրաժեշտ եմ համարում հասարակության կրթումն այս ուղղությամբ: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիայում մտավորականները բոլոր հարթակներում բարձրաձայնեն կատարվածն իբրև ցեղասպանություն և խոսեն դրանց ապացույցների առկայության մասին: Կարծում եմ, որ ժխտման քաղաքականությանը հասցվելիք ամենաուժեղ հարվածը կլինի հնարավորինս շատ այս իրականությունը բարձրաձայնելը:

-Թուրքիայում հասարակական գիտակցության զարթոնքը կարո՞ղ է նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետությանն ուղղված ճնշման մեծացմանը:

-Եթե հասարակությունը պատմությանը նայի ճիշտ տեսանկյունից և հասկանա, որ հայերի հետ պատահածն ուղղված էր նրանց լիակատար ոչնչացմանն ու Անատոլիայում հայերի հնագույն հետքերի վերացմանը, ապա պետության ժխտողական քաղաքականությունը ճեղքեր կարող է տալ, որը փակելը դժվար կլինի: Հասարակական գիտակցության հզոր ուժ լինելը և իրեն զգացնել տալը կենսական նշանակություն ունի հասարակության մեջ որոշակի իրողություններ փոխել կարողանալու տեսանկյունից: Եթե հասարակությունն ինքն առերեսվի պատմության մութ շրջանի հետ և ստանձնի իր վրա ընկած պատասխանատվությունը, պետության համար շատ դժվար կլինի կոտրել այս ալիքը: Նման ալիքը միաժամանակ մեծապես կխթանի Թուրքիայում ժողովրդավարական գործընթացի իրականացմանը:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ինչպե՞ս կարող է փոխվել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

-Չեմ կարծում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում պետական ժխտողական քաղաքականությունն ինքնուրույն փոխվի: Ցավալի է, սակայն, հակառակը, պետությունը ժխտողական քաղաքականությունն ավելի ամրապնդելու և այն վերանայելու նոր միջոցներ է ձեռնարկում, նոր քաղաքականություն է գործի դնում: Այստեղ, իհարկե, մեծ գործ ունեն անելու թուրքական հասարակության հեղափոխական, լիբերալ և ժողովրդավար հատվածները: Անհրաժեշտ է, որպեսզի պետության կողմից Ցեղասպանության ժխտմանը միտված այս նոր քաղաքականության դեմ քաղաքացիական-ժողովրդավարական տարրերը աշխատանքներ տանեն` ցույց տալու համար, որ ցեղասպանության  ժխտումն ապարդյուն ջանք է: Այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այս շրջանակները հնարավորինս ավելի լայն զանգվածների լսելի դառնան և տարբեր հարթակներում բարձրաձայնեն, որ կատարվածը Ցեղասպանություն էր: Սակայն անհրաժեշտ է ընդգծել նաև, որ այս ժխտողական քաղաքականության ազդեցությունը վերացնելը հնարավոր չէ միանգամից իրականացնել: Այն պահանջում է երկարաժամկետ և վճռական ջանքեր ու համառություն:

-Այժմ աշխատո՞ւմ եք նոր գրքի շուրջ:

-Գրեցինք և ավարտին հասցրինք «Օրենքների ոգին» գրքի անգլերեն տարբերակը: Մի քանի ամսից այն կհրատարակվի: Նոր գիրքս կվերաբերի 1915-1921 թվականների ընթացքում Այնթապի հայերի հետ կատարված իրադարձություններին:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am