Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Զորի Բալայանի նամակը Պուտինին ներկայացնում է պատմական փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականները. Հայկ Քոթանջյան

Զորի Բալայանի նամակը Պուտինին ներկայացնում է պատմական փաստերի 
գիտականորեն հիմնավորված գնահատականները. Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը հայտարարություն է տարածել գրող, հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված «Ղարաբաղի պրոբլեմը Ռուսաստանի պրոբլեմն է» բաց նամակի կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ասոցիացիայից, հոկտեմբերի 18-ին հրապարակված հայտարարության տեքստը փոխանցվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին, ԱՄՆ-ի դեսպան Ն.Գ. Ջոն Հեֆերնին և Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյին:

Հայտարարությունում ասվում է. «Հայտնի գրող, հրապարակախոս, Վերակառուցման ժամանակաշրջանի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի Բաց նամակը` ուղղված ՌԴ Նախագահ Վ. Պուտինին, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստացավ լայն հասարակական հնչեղություն: Երկու հայկական հանրապետությունների հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները բաց նամակի դրույթների և թեզերի վերաբերյալ արտահայտեցին տարբեր, երբեմն` տրամագծորեն հակառակ տեսակետներ ու գնահատականներ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում հրապարակել որոշ նկատառումներ:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում մտքի և խոսքի ազատությունը օրինական ինքնորոշման շնորհիվ հռչակվել է որպես հիմնարար արժեք: Ինքնորոշման նման նվաճում է նաև քաղաքացիների իրավունքների և արժանապատվության հարգումը, որը երաշխավորվում է ՀՀ և ԼՂՀ սահմանադրություններով: Ուստի  չի կարող կասկածի տակ դրվել իր տեսակետն արտահայտելու և գնահատականների մասին բարձրաձայնելու պրն. Բալայանի իրավունքի հարգումը: Օտար, այդ թվում` մեր ընդդիմախոս, պետությունների ներկայացուցիչների  հետ քաղաքական պրոբլեմների քննարկումների ժամանակ դրսևորելով բացություն և զսպվածություն` մենք չենք կարող այլ վերաբերմունք ցուցաբերել մեր հայրենակիցների նկատմամբ, հատկապես մի մարդու, ով կանգնած է եղել Ազգային-ազատագրական շարժման ակունքներում և իր շոշափելի ներդրումն է ունեցել անկախ հայկական պետականության ստեղծման ու կայացման գործում:

Որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր` Զորի Բալայանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հայկական պատվիրակության, ԼՂ Ազգային խորհրդի ամենաակտիվ գործիչներից և ԼՂ վտարանդիական կառավարության (Մոսկվա) կազմակերպիչներից մեկը:

Հարկ է նշել, որ նամակի մի շարք քննադատական մեկնաբանությունների հիմքում քաղաքական գործընթացների ոչ գծային էության «գծային» (պարզեցված) ընկալումն է: Կարծում ենք, որ նամակի ավելի ուշադիր ընթերցման դեպքում նշված վեճի ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հարցեր ինքնին կվերանային:

Կցանկանայինք նաև ուշադրություն հրավիրել Զորի Բալայանի դիմումի քաղաքական ուղղվածության հարցին: Համակարգային պատմական-քաղաքական էքսկուրսում, որի լեյտմոտիվը հայ ժողովրդի նկատմամբ ողբերգական սխալների կրկնության անթույլատրելիությունն է, կարմիր թելով անցնում է հեղինակի մտահոգությունը` կապված Մինսկի գործընթացի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, այդ թվում` անկախ արցախյան պետության իրավաքաղաքական և տարածքային ուրվանկարի, հեռանկարների հետ: Կարելի է չհամաձայնվել հեղինակի առանձին թեզերի և եզրակացությունների հետ, սակայն չի կարելի անտեսել այն գլխավոր գաղափարը, որ ԼՂՀ անվտանգությունն ու զարգացումը կարող են ապահովվել միմիայն Արցախի պատմական սահմաններում, և դրան այլընտրանք չկա:

Նամակի հեղինակը փոխզիջումների սահմանների անկողմնակալ որոշման նպատակով Մինսկի խմբի համանախագահի` Ռուսաստանի Դաշնության ղեկավարի քննարկմանն է ներկայացնում փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականների պրոբլեմը, ներառյալ` խորհրդային տարիներին հայ բնակչության էթնիկական զտումների ենթարկված Նախիջևանի ԻԽՍՀ-ն:

Զորի Բալայանի նամակը նպատակաուղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության` գիտականորեն ճշտորոշված փաստերի առումով հավաստի և համակարգված շարադրանք, որը հիմնավորված է միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված աղբյուրներով:

Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակը որոշակի առումով բովանդակում է նաև դիմում մյուս երկու համանախագահներին` ԱՄՆ-ին և Ֆրանսիային, արտահայտելով մտահոգություն այն առիթով, թե գոյություն ունի լուրջ վտանգ, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գնահատումների ձևավորման և որոշումների ընդունման ոլորտ կարող են ներթափանցել իրական պատմության համակարգային կեղծման հակագիտական արգասիքները, որոնք շռայլաբար վարձատրում է Ադրբեջանում հաստատված և արդեն ժառանգական դարձած կոռումպացված բռնակալական վարչակարգը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, նկատի ունենալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Զորի Բալայանի նամակում բովանդակվող  գնահատականների և առաջարկությունների կարևորությունը և բացությունը, պատիվ ունի սույն հայտարարությունն ու Բաց նամակը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանություններ` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ, մեծարգո պարոններ Վլադիմիր Պուտինին, Բարակ Օբամային և Ֆրանսուա Օլանդին այն հանձնելու համար, և խնդրում է մեծարգո նախագահներին քննել բաց նամակի հեղինակի գնահատականներն ու առաջարկությունները և դրանք նկատի ունենալ համապատասխան որոշումներ կայացնելիս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am